Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմունիստներից

Օգոստոս 14,2001 00:00

«ՆԱՇ ՑԱՐ ՍԱՄԻ ԼՈՒՉՇԻ ՑԱՐ» Կոմունիստներից մեկը՝ համեմատելով իրենց, Յուրի Մանուկյանին ու նրա համախոհներին, ասաց. «Մեր տարբերությունն այն է, որ մենք իշխանությունների նվագի տակ չենք պարում, իսկ Յու. Մանուկյանը որտեղ նստում-վեր է կենում, գովում է նախագահին։ Իսկական Զիմզիմովի պես՝ նաշ ցար, սամի լուչշի ցար։ Մենք էլ ասում ենք՝ չէ, սխալ եք, ձեր ցարը ամենալավը չի»։ Ընկերոջ գնահատականը ինչ-որ տեղ ծայրահեղ է, բայց եւ ակնհայտ է, որ Մանուկյանը եւ մյուսները իշխանությունների թշնամին չեն։ Գաղտնիք չէ, որ այն, ինչ այսօր կատարվում է Կոմկուսում, երեկ չսկսվեց։ 93-94թթ. ի վեր կուսակցությունում տեղի էին ունենում մոտավորապես նույնատիպ գործողություններ, մարդիկ էին հեռացվում կամ դատապարտվում։ Պարզապես այս պահին ներկուսակցական խնդիրները շատ ճարպկորեն օգտագործվեցին որոշ ուժերի կողմից։ Չպառակտված մեկ-երկու կուսակցություն կար, որ կարող էր լուրջ վտանգ դառնալ որոշ ուժերի համար առաջիկա ընտրություններում։ Դրանցից մեկը՝ Կոմկուսը, այլեւս զրկվել է ամբողջականությունից։ Մնում է ՀՅԴ-ն, որի առաջնորդներն, առայժմ, ամեն կերպ մերժում են այն կասկածները, թե խմորումներ են տեղի ունենում նաեւ այս կուսակցության ներսում։ Կոմկուսի պարագայում ամեն ինչ ավելի հստակ է։ Ակնհայտորեն, կուսակցությունից անջատված մասը հրահանգ է ստացել մինչեւ սեպտեմբերի կեսերը հարցերը լուծել եւ կուսակցական կսմիթներից անցնել ավելի խորքային բաժանումների։ Ուրիշ ինչպե՞ս մեկնաբանել, որ ամբողջ ամառ Յու. Մանուկյանը, Հրանտ Ոսկանյանը եւ մյուսները ձեռքները ծալած չնստեցին։ Ի դեպ, Հրանտ Ոսկանյանը վերջին շրջանում բավական պերճախոս է դարձել։ ՀԿԿ խմբակցության ղեկավար եղած ժամանակ վերջինս ոչ մի հրապարակային ելույթ չէր ունենում, հարցերին պատասխանում էր խիստ լակոնիկ։ Այժմ՝ Կինոյի տան ամբիոնից բավականին ակտիվ ելույթներ է ունենում՝ գեղարվեստական գրականությունից դիպուկ մեջբերումներ կատարելով։ Իսկ Յու. Մանուկյանը պարզապես առիթը բաց չի թողնում (հաճախ՝ նաեւ անառիթ) հայտարարել, որ ինքն իր համար չի մեջլիս մտել, այլ «սրբագույն մարդու, ազնիվ կոմունիստ ընկերոջ՝ Հրանտ Ոսկանյանի համար»։ Թերեւս Հրանտ Ոսկանյանի անձն այս պատմության մեջ ամենահետաքրքիր ֆիգուրն է։ Եթե իրոք կատարվում է իշխանությունների պատվերը, ապա ինչպե՞ս եւ ինչո՞ւ Հրանտ Ոսկանյանը համաձայնեց դառնալ պատվեր կատարող։ Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ 80-ամյա կոմունիստը։ Կամ գուցե ինքը չգիտի՞, որ պատվեր է կատարվում։ Հրանտ Ոսկանյանն էլ իր հերթին է հայտարարում, թե ինքը չէր կարող հանիրավի դատապարտվող ընկերոջը (Յու. Մանուկյանին) թողնել նեղության մեջ մենակ։ Եթե ընդունենք, որ երկու գաղափարակիցները գիտեն, թե ինչ են անում եւ հանուն ինչի, ապա, դժվար թե համապատասխան ինֆորմացիա ստացած լինեն Կինոյի տանը հավաքվող շարքային ընկերները։ Նրանց ոչ ոք երբեք ճշմարտությունը չի ասի։ Իրենք պարզապես գլխաքանակ կլինեն եւ իրենցով կկատարվի (արդեն կատարավում է) մի գործ, որի պտուղները չեն կարող բարի լինել եւ որից կօգտվեն ուրիշները։ Համապատասխան ինֆորմացիա հաստատ տրված չէ նաեւ Երեւանի քաղկոմի նախկին երկրորդ քարտուղար Վլադիմիր Հայրապետյանին, որի մասին կեղծ տեղեկություն տարածվեց։ Այն է՝ իբրեւ թե Երեւանի քաղկոմը հրաժարվել է կատարել ՀԿԿ Կենտկոմի որոշումը՝ Յու. Մանուկյանին հեռացնելուց հետո, քաղկոմի առաջին քարտուղարի պարտականությունները Վլ. Դարբինյանին հանձնելու մասին, եւ որոշում է կայացրել, այդ պարտականությունները հանձնել Վլ. Հայրապետյանին։ (Ի դեպ, պրն Հայրապետյանը Մանուկյանի խմբում հանդես է գալիս որպես թիվ երրորդ դեմք)։ Այս լուրը հերքեցին ՀԿԿ Կենտկոմում, մեզ ցույց տալով նույն Վլ. Հայրապետյանի դիմումը՝ իրեն 2-րդ քարտուղարի պարտականություններից ազատելու մասին։ Կենտկոմի 2-րդ քարտուղար Սանատրուկ Սահակյանն ասաց նաեւ, թե Երեւանի քաղկոմը 5 հոգուց չի բաղկացած, եւ եթե 5 մարդ չի ենթարկվում Կենտկոմի որոշմանը, դա դեռ ամբողջ քաղկոմը չէ։ Յու. Մանուկյանը եւ Հր. Ոսկանյանը որպես առաջիկա քայլ առաջարկում են արտահերթ համագումարի հրավիրում եւ նոր կենտրոնական կոմիտեի ստեղծում։ Ըստ ՀԿԿ կանոնադրության, արտահերթի համար անհրաժեշտ է ունենալ կուսակցության անդամների ամբողջ թվի 1/3-ի ստորագրությունը։ Եթե հավատանք Կոմկուսի հրապարակած թվերին, ապա այս կուսակցությունը 60 հազար անդամ ունի։ Ուրեմն 20 հազար ստորագրություն հարկավոր կլինի արտահերթ համագումարի հրավիրման համար։ Բայց կա՞ այդ 20 հազարը եւ եթե կա՝ կգնա՞ Յու. Մանուկյանի ետեւից։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել