Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ միայն «Հայ-թուրքական հաշտության հանձնախումբ»…

Օգոստոս 02,2001 00:00

Ոչ միայն «Հայ-թուրքական հաշտության հանձնախումբ»… Վերջերս ստեղծվել է «Հայ-թուրքական հաշտության հանձնախումբ», որն, անշուշտ, ողջունելի է։ Կարծում եմ, վաղուց էր հասունացել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի պատասխան փնտրող նման մի մարմին ունենալու անհրաժեշտությունը։ Այս նախաձեռնությունը անկասկած օգտակար է լինելու երկու հարեւան ժողովուրդների համար։ Հանձնախմբի «ծնունդը», թվում էր, ողջունելի պետք է լիներ բոլորի կողմից, բայց, ավաղ, ոմանք այն «սվիններով» են ընդունել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, պիտակավորելով ազգադավ, դավաճանական։ Դրանց շարքում պետք է առանձնացնել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ իր մամուլը։ Բայց զավեշտական է այն զուգահեռը, որ հանձնախմբի իրողությունը չի ողջունում նաեւ Ադրբեջանը։ Սա հետաքրքիր զուգադիպություն է, իսկ եզրակացությունը պետք է թողնել ընթերցողին… Տրամաբանական է հարցնել, թե ինչո՞ւ ժամանակին կարելի էր լավ կապեր ունենալ Երիտթուրքերի հետ, իսկ հետագայում՝ ցեղասպանություն գործած թրքական իշխանությունների հետ եւ չի կարելի երկխոսության հանձնախումբ ստեղծել ներկայիս թուրքերի հետ… Ինչո՞վ են նրանք ավելի վատ իրենց նախորդներից… Այստեղ բացառապես ոչինչ չկա ամոթալի կամ դավաճանական, ամոթալին այն փաստն է, որ հայ կանայք այսօր ստիպված գնում են Թուրքիա՝ անգամ պոռնկությամբ իրենց եւ իրենց զավակների հանապազօրյա հացը հոգալու (տես՝ «Մարմարա», 23 հուլիսի), իսկ մեր սփյուռքի մեծահարուստները կամ «ազգափրկիչները» զլանում են մի քանի գործարան բացել՝ նույն այդ կանանց «թասիբով» աշխատանք ապահովելու համար… Եվ առավել ամոթալի է, ովքեր չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս Հայաստանը կործանող խնդիրները եւ դրանից ժողովրդի ստիպողական, ահավոր չափերի հասնող արտագաղթը ու պաշտպանում են մի անգործունյա, խարդավանքների մասնագետ «ոչ ընտրյալ» նախագահի… Մեծախոսությամբ չէ, որ հայրենիք են կառուցում… Կարծում ենք, նման հանձնախմբի ստեղծումը ոչ միայն պետք է խրախուսել, այլեւ նույն օրինակով անհրաժեշտ է մտածել «Հայ-ադրբեջանական հաշտության հանձնախումբ» ստեղծելու շուրջ, որը ոչ պաշտոնապես, բայց գուցե առավել օգտակար լիներ երկու ժողովուրդներին, քան Քոչարյան-Ալիեւ անպտուղ հանդիպումների անհաշիվ շարանը… Դեռ ավելին, մենք հայերս էլ կարիք ունենք նման մի հանձնախմբի, հանձնախումբ, ուր ընդգրկված կլինեին մտավորականներ, քաղաքական գործիչներ, հոգեւորականներ, բարեգործներ, գործարարներ, կուսակցական ներկայացուցիչներ, որն ունենալով մշտական գործելաձեւ, կարող էր մեր ներքին տագնապահարույց հարցերը ազատ ու անկեղծ մթնոլորտում դնել քննարկման եւ գտնել լուծումներ՝ օգտակար առաջարկներով, նկատառումներով թե՛ եկեղեցական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակույթի հարցերում.. Թե չէ՝ ինչի է նման, երբ Սփյուռքն ու Հայաստանը ընդգրկող այնքա՜ն տագնապալի հարցերի շրջանակում չունենք մի ընդհանուր մարմին՝ մեր ներքին խնդիրներին անդրադարձող… Համոզված եմ, որ ՀՀՀ-ի՝ «Համահայկական հաշտության հանձնախմբի» ստեղծումը պարտադիր է եւ օգտակար կլինի բոլոր բնագավառներում… ՀԱՅԿ ՀՐԱՅՐ (ԵՂՅԱՆ) Լոս Անջելես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել