ԽՈՂՈՎԱԿԱՀԵՆՈՒԹՅՈՒՆ Մի քանի ամիս առաջ անհետացել է Ծաղկաձորի նոր 5 կիլոմետրանոց ջրագծի 1 կիլոմետրը։ Ջրագիծը կառուցվել է անցյալ տասնամյակի սկզբին, բայց չի շահագործվել կապտաժի (ջրահավաք շտեմարան) փոքրության պատճառով։ Մասնագետների կարծիքով, նոր ջրագիծն ընդամենը 200 մ խողովակով կարելի էր միացնել հին ու շարքից դուրս եկած ջրագծի կապտաժին, որը մեծ է ու բավարար տարողությամբ, բայց աշխատանքը մինչեւ վերջ չի արվել։ Մինչ օրս Ծաղկաձորն իր հանգստյան տներով մնացել է վթարային խողովակաշարի հույսին։ Այժմ, այս գողությունից հետո, գործն այլեւս անհույս է, քանի որ «1 կիլոմետրանոց կորստի» վերականգնում ոչ մեկը չի խոստանում։ Ասենք, որ խողովակաթալանչիությունը հանրապետությունում տարածված հիվանդություն է, իսկ թալանչիներն էլ հասարակ մարդիկ չեն, քանի որ գողության այս ձեւը կապված է մեծ ծախսերի հետ՝ բարձիչ կռունկ, բեռնատարներ, բանվորներ։ Այդ ոչ հասարակ մարդկանց «շնորհիվ» էլ վերացան նաեւ Սեւանի կոլեկտորի համար բերված ու ճանապարհի երկյանքով սփռված խողովակների կույտերը։ Դրան զուգահեռ, վերջին տարիներին հիդրո եւ խողովակաշարային այլ կառույցներ են ծնունդ առնում իրար հետեւից։ Այնպես որ, իրացման շուկա կա… ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ