ԵՐԲ ԲԱՑՎՈՒՄ Է «ԱՌԱՎՈՏԸ» Ի հեճուկս «Առավոտից» վառված-տրաքված-պայթածների եւ հուրախություն մեր երկրի իշխանիկների «բեսպրեդելը» չհանդուրժողների, «Առավոտ» օրաթերթն արդեն 7 տարեկան է։ Մ. Եսայանը ուղղակի չէր կարող առիթը բաց թողնել ու Գ. Ասլանյանին չհարցնել. «Էս ի՞նչ եք անում»: Ո՞վ է կասկածում, որ Աննա Իսրայելյանը խորովածից ոչ պակաս հաջողությամբ կարող է լուծել ցանկացած «համը հանողի»՝ սրիկաների ու կաշառակերների հարցերը: Հ. Գալաջյանը ինչպես միշտ զարմացած է. «Ա՜յ քեզ բան, մի՞թե այս գեղեցկուհին (Գ. Մարտիրոսյանն) է գրում «Առավոտի» կծու խմբագրականները: «Առավոտի» նախկին փոխխմբագիր Վասակ Դարբինյանի այս ժեստից հալումաշ եղան նախկին ու ներկա բոլոր «առավոտուհիները»: Իսկ դա նշանակում է, որ 7 տարի շարունակ մեր թերթում իրենց հայելային արտացոլումն են տեսել հազարավոր մանր ու մեծ չինովնիկներ, գործարարներ, քաղաքական ու իշխանական գործիչներ։ Նրանցից ոմանք սեփական արտացոլումը տեսնելով՝ կատաղած կովերի նման իրենց պատեպատ են զարկել (ու զարկում), ոմանք լուռ դիմացել՝ «կուլ են տվել» (ու տալիս), ոմանք անցել են ինֆորմացիոն պատերազմի՝ այլ լրատվամիջոցներում՝ իրենց «հայելու» վրա ցեխ շպրտելով եւ այլն։ Սակայն իշխանական կերակրատաշտերին մոտենալու հնարավորություն ու ցանկություն չունեցող սովորական շարքային մահկանացուների համար «Առավոտը» եղել է, կա ու կմնա որպես իրենց թերթ՝ իրենց հոգսերն ու խնդիրներն արտահայտող, իրենց տեսակետների համար միշտ տեղ տրամադրելուն պատրաստ լրատվամիջոց։ Սակայն ինքնագովությամբ զբաղվելու փոխարեն, տեսնենք, թե ինչ են ասում «Առավոտի» մասին մեր հայրենակիցները. Ելենա Օսիպյան (ուսուցչուհի, «ց Վպվ255 ոՈսՖջՈՍՏՉրՍՌռ ՉՏջՐՈրՑ»)- Լսել եմ էդ թերթի մասին, որ դեղին է, այսինքն՝ ժյոլտայա պրեսսա։ Լսել եմ, որ հարգանք ու պատկառանք չունի մեր պետության, մեր ղեկավարների հանդեպ։ Դա լա՞վ բան է։ Ես չգիտեմ։ Մի անգամ իմ կոլեգան էդ թերթից մի համար բերեց՝ էն ի՜նչ նկարներ էին մեր վարչապետի մասին, ի՜նչ խայտառակություն էր։ Ինչ բառեր էին գրված։ Մեկ էլ կողքից տեսնում եմ տկլոր աղջիկներ։ Ամոթ չի՞։ Վարդան Միրզոյան (ուսանող, 21 տարեկան)- Շատ են ասում, թե ուսանողները թերթ չեն կարդում։ Սո՛ւտ է։ Կարդում են, բայց կարդում են լավ թերթեր։ Չկարծեք, թե կոմպլիմենտ եմ անում, բայց ձեր «Առավոտը» էդ լավերի մեջ է։ Իսկ վերջին էջի աղջիկնե՜րը… մակարդա՛կ։ Ստյոպա Սիմոնյան (ֆիզիկոս, 41 տարեկան)- Շատ եմ ափսոսում, որ այլեւս 16 էջով չի լույս տեսնում։ Շատ եմ ափսոսում, որ ամենավերջին էջում տպվող մի քանի տողանոց հումորներն այլեւս չկան։ Այդ կարճլիկ պատմությունները կլասիկա՛ էին։ Ափսոսալու բաներ էլի կան, բայց պիտի նշեմ, որ էդ թերթը մնում է ու, կարծում եմ, ձեր խմբագրի շնորհիվ դեռ երկար ու երկար կմնա մեր երկրի լավագույն թերթերից մեկը։ Մանե Այվազյան (բժիշկ)- Գիտեք, էսպիսի մի տենդենց կա մեր հիմնարկում. ով մի բան ինչ-որ տեղից լսել է, բայց չի կարողանում համոզի մյուսներին, միանգամից ասում է՝ «Առավոտն» էր գրել դրա մասին։ Վերջ, բոլորը համոզված են միանգամից։ Իսկ եթե անկեղծ՝ այսքան տարվա մեջ 4-5 անգամ եմ ձեր թերթը կարդացել։ Չնայած ուրիշ թերթ, բացի «Եթերից», ընդհանրապես չեմ կարդում։ Լեւոն Սիմոնյան (գործազուրկ, 58 տարեկան)- Ապրե՛ք, երեխեք ջան։ Հալալ լինի ձեր կերած կաթը։ Էս գրողի տարած երկրում, թե մեկը մի ճիշտ բան է ասում կամ գրում, էդ ձեր թերթն ա։ Մեկ էլ՝ Նիկոլինը։ Մա՛- լա՛- դե՛ց։ Մեր թաղում մի բժիշկ ունենք, ամեն օր գործից գալուց հետո իջնում ա մեզ հետ նարդի գցելու, օրվա սաղ թերթերը հետը բերում ա։ Սուտը շան տղա դառնա՝ էդ երկու թերթերը ձեռից ձեռ ենք խլում։ Վարդուշ Գեւորգյան (ֆինանսիստ, 39 տարեկան)- Չէ՜, առավոտները չեմ կարդում, իրիկունը քնելուց առաջ եմ դետեկտիվ կարդում, որ քունս տանի։ Ախ, հա՜, «Առավոտ» թերթի մասին է խոսքը։ Ճիշտ որ ասեմ, էս վերջին մեկ-երկու տարում թերթ չեմ կարդում։ Հիմա TV-ով բոլոր թերթերի գրածները պատմում են, էդ եմ լսում, ինձ լրիվ հերիք ա։ Մարտին Մինասյան (անունն ասելուց հետո, երբ տեղեկացավ, թե որ թերթից ենք, բորբոքվեց ու չասաց ոչ մասնագիտությունը, ոչ տարիքը)- Չես էլ ամաչում, ջահել աղջիկ ես, ասում ես՝ «Առավոտից» եմ։ Թո՜ւ։ Էդ հպարտանալու բան չի, էդ գետինը մտնելու բան ա։ Չհակաճառե՛ս։ Ես լավ գիտեմ ձեր արածները։ Սաղ օրը սրա-նրա վրա ցեխ եք շպրտում, տակներն եք փորում։ Գնում փորփրում եք մարդու անցյալն ու ապագան (՞) ու գրում։ Վերջ տվեք։ Մի օր վայ թե չդիմանամ, գամ ձեզ սաղիդ գյուլլեմ… Վերջին սպառնալիքից հետո, հասկանալով, որ շարքային անցորդ-մահկանացուների մեջ էլ են պատահում «Առավոտից» վառված-պայթած-տրաքվածներ, որոշեցինք, որ բա՛վ է։ Մենք՝ մեր գործին, դուք՝ ձեր։ Հատկապես, որ մեզ սիրողներն ատողներից քիչ չեն։ Փոխարենը՝ շա՜տ ավելի լավն են։ Բանից պարզվում է, ոչ միայն ժողովրդական լայն զանգվածներն են սիրում, հարգում, գնահատում, փնովում ու ատում «Առավոտը», այլեւ՝ քաղաքական, գործարար, հասարակական, մշակութային շրջանակների ներկայացուցիչները։ Չե՞ք հավատում։ Իզո՛ւր։ Կարդացե՛ք ներքոշարադրյալն ու համոզվեք։ Լարիսա Ալավերդյան, «Ընդդեմ իրավական կամայականության» միության գործադիր տնօրեն- Խիստ ինֆորմատիվ թերթ է։ Կուզեի ավելի շատ դրական փաստերն էլ արձանագրեր։ Կուզեի մի քիչ ավելի մեղմ լիներ «Առավոտի» տոնը, դրանից նրա իմիջն ավելի կբարձրանար։ Արամ Սարգսյան, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ- Նախ շնորհավորում եմ, մաղթում մեծամեծ հաջողություններ։ Թերթը բոլոր իրավունքներն ունի ասելու, որ ինքը հեռանկարային թերթ է։ Այո, եղել են ինձ ուղղված հարվածներ, բայց ցավագին չեմ ընդունել։ Լեւոն Անանյան, Հայաստանի Գրողների միության նախագահ- Շատ եմ սիրում ձեր թերթը։ Ունեմ առարկություններ որոշ ծայրահեղությունների դեմ, բայց միեւնույն ժամանակ պիտի փաստեմ, որ շատ պրոֆեսիոնալ է ձեր թերթը։ Շատ պրոֆեսիոնալ է ձեր խմբագիրը։ Նկատելի է սենսացիաների հետեւից ընկնելու ցանկությունը, բայց դա բնական է՝ ընթերցողին պետք է պահել։ Եվ ամենակարեւորը՝ թերթն ունի իր դեմքը։ Ցանկացած մեկը (ով ընդհանրապես թերթ է կարդում), անմիջապես հոդվածի ոճից կզգա, որ «Առավոտ» է կարդում, եթե անգամ չտեսնի թերթի անունը։ Դա մեծ հաջողություն է։ Լիզա Ճաղարյան, արձակագիր, մեր գործընկերը- Շնորհալիաբույր բարեմաղթանք, «Առավոտ» լուսոյ՝ արեգակն արդար, առ իս լոյս ծագեայ: Վագա Ամիրխանյան, «Հակաստվեր» հասարակական կազմակերպության նախագահ- Թող «Առավոտը» մնա միշտ սուր եւ սառը՝ առավոտյան թարմությամբ։ Ալվինա Գյուլումյան, ՀՀ դատավորների միության նախագահ- Շնորհավորում եմ «Առավոտի» 7-ամյակը, ցանկանում եմ, որ 7-ը դառնա 70 եւ ավելին… 700-ամյակը թող դառնա։ Առավել ողջունում եմ ձեր իրավական էջը, ցանկանում, որ այն միշտ համարձակ լինի, ինչպես այսօր է, բայց՝ առավել անկողմնակալ։ Ալբերտ Բազեյան, «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ- «Առավոտ» կարդում եմ հիմնադրման ժամանակից, բացառությամբ՝ հանրապետությում չլինելուս օրերին։ Առավոտյան ծանոթանում եմ հրատապ տեղեկատվությանը, երեկոյան՝ մանրամասն կարդում եմ մնացածը։ «Առավոտն» ազատ լրատվամիջոց է, ազատ կարծիքի արտահայտման հնարավորություն ընձեռող։ Թերթում երբեմն տպագրվում է չստուգված տեղեկություններ, բայց հակառակ կարծիքն արտահայտելու հնարավորություն է տալիս թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական տեսակետ ունեցողներին։ Քննադատություններն օբյեկտիվ են։ Փորձում են «Առավոտը» ներկայացնել որպես նախորդ իշխանությունների պաշտպան, բայց հարկ եղած դեպքում թերթը նրանց էլ է քննադատել։ Իմ դեմ էլ է չստուգված լուրեր հրապարակել, բայց արձագանքս օբյեկտիվորեն տպագրել է։ Որպես խորհուրդ՝ ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգել։ Գաղափարական առումով մեր մեջ տարբերություն կա. մենք գնահատում ենք ազգային արժեքները, «Առավոտը»՝ համամարդկային։ Արամ Սարգսյան, «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ նախկին վարչապետ- Տպագիր մամուլի շարքում «Առավոտը» համարում եմ առաջինը։ Այստեղ աշխատում է ամենալավ խումբը։ Կարդում եմ «Առավոտի» բոլոր համարներն առանց բացառության։ Թերթը հասարակական կարծիքի վրա մեծ ազդեցություն ունի, տպագրում է լուրջ վերլուծություններ։ Կարող, սթափ, լուրջ թերթ է։ Անձամբ ինձ «Առավոտը» չի նեղացրել, չի քննադատել, խնայել է։ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն իր կարծիքը մեր թերթի մասին արտահայտել էր օրերս՝ հեռուստատեսությամբ, այնպես որ, ավելորդ անգամ մեր երկրի «կարեւորագույն» պաշտոնյային գործից կտրելն ու անհանգստացնելը հարկ չհամարեցինք։ Թող մարդը զբաղվի մեր երկրի պաշտպանությամբ ու էլի շատ գործերով (չթվարկենք, մեղք է մեր ընթերցողը), իսկ մենք հիշենք միայն, որ պրն նախարարը «Առավոտին» համարել է անբարոյական ու նաեւ «կրկնակի սրիկա» (վերջինս՝ անուղղակի մեղադրանքով)։ Անկեղծ ասած, պրն Սարգսյանի շուրթերից այս խոսքերը լսելը մեզ համար ցանկացած հաճոյախոսությունից էլ բարձր հաճույք էր։ Էդվարդ Սանդոյան, Հայաստանի ֆոնդա յին բորսայի դիտորդ խորհրդի նախագահ- Արդեն յոթ տարի է Հայաստանի առավոտը բացվում է «Առավոտով»։ Արդեն 7 տարի է, հայ ընթերցողն իր առավոտը չի պատկերացնում առանց «Առավոտի»։ Առանց «Առավոտի» սուր քննադատության եւ «համեմունքներով» հագեցած ազատ խոսքի, թերեւս թերի կլիներ Հայաստանի մամուլի ներկապնակը։ Թող երբեք չպակասի «աղն ու բիբարը» ձեր հոդվածներում։ Էդուարդ Մուրադյան, ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ- Ձեր թերթը միշտ սատարել է երկրում ժողովրդավարության, ազատականության, քաղաքակիրթ պետության կայացման գործին։ Անողոք պայքար է մղել կաշառակերության եւ կամայականությունների դեմ։ Բաբկեն Արարքցյան, «Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի խորհրդի նախագահ- Այսօր նաեւ «Առավոտի» ընթերցողի տոնն է։ «Արմատականներս» գնահատում ենք այն նախանձելի սառնասրտությունը, որ պահպանում է «Առավոտը», լինելով ամենասիրված օրաթերթը։ Հասկանում ենք, որ ձեր արմատականությունը հաճախ հարմար չէ ոմանց քիմքին։ Արմեն Դարբինյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ- «Առավոտն» իր գոյության ընթացքում ստեղծեց լրատվության յուրօրինակ ոճ, ընթերցողներին ներկայացրեց քաղաքական եւ տնտեսական իրականության բազմակողմանի վերլուծություններ, մասնակցեց հանրապետության մշակութային կյանքի լուսաբանմանը։ «Երկրապահ» հասարակական կազմակերպությունը եւս, «Առավոտի» հավաստի տվյալներով, որոշել էր մեր թերթի տարելիցի առթիվ շնորհավորանքներ հղել (կամ՝ հայտարարություն անել), սակայն իր «խասյաթի» համաձայն, նա առայժմ միայն ցանկություն է հայտնել շնորհավորելու… Նախապատրաստվում է։ Տեսնենք՝ մինչեւ ե՞րբ։ Գոնե 10-ամյակներիս տեղ կհասնի՞… Գործընկերների օգնությամբ ժողովրդական լայն ու մի քիչ էլ նեղ զանգվածների զանազան կարծիքները գրի առավ եւ «Առավոտի» 7-ամյակին նվիրված խնջույքի մասին լուսանկարչական ռեպորտաժը պատրաստեց ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆԸ Հ. Գ. Խնջույքի վերջում մեր ողջ աշխատակազմը միաձայն որոշեց սույն տոնակատարությունը սրտանց նվիրել Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: