ՀԱՅԵՐԸ՝ ՆՈՐ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ Սփյուռքյան հայելի Հայաստանի եւ Սփյուռքի փոխադարձ ընկալումը երկար տասնամյակներ եղել է կաղապարված: Խորհրդային վարչակարգը Սփյուռքին պարտադրում էր կոմունիստական գաղափարախոսությամբ շնչող մի հովվերգական Հայաստանի պատկեր, ավանդական կուսակցությունները Հայրենիքին ներկայացնում էին միայն Հայ Դատով ու հայությամբ ապրող Սփյուռքի կերպարը: Իրականությունն, իհարկե, ավելի դառն էր ու հեռու երեւակայական կաղապարներից: Այսօր կենցաղային մակարդակում հաճախ են հնչում փոխադարձ դժգոհություններ, բայց հրապարակայնորեն տիրապետողը դեռ սիրաշահումն ու կեղծավորությունն է: Ժամանակն է, որ «Իմ կյանքը հնդկացիների մեջ», «Իմ կյանքը Անտարկտիդայում» գրքերի նմանողությամբ մենք էլ գրենք «Իմ կյանքը Սփյուռքում» կամ «Իմ կեանքը Հայաստանին մէջ» վերնագրով գրքեր՝ ավելի լավ ճանաչելու համար իրար, կարողանալու համար իրար ընդունել ու սիրել այնպես, ինչպես որ մենք կանք: Եվ վկայություններն ավելի մեծ արժեք կունենան, եթե այս երկու աշխարհների մասին գրողները լինեն իրենց բնակության հիմնական վայրը չփոխած մարդիկ: Ավելի պարզ ասած՝ Հայաստանի մասին չգրի այն լքած նախկին սփյուռքահայը, որն ուզում է Հայրենիքը որպես դժոխքի վերջին պարունակ ներկայացնել, որպեսզի արդարացնի այստեղից իր հեռանալը, կամ էլ՝ արտասահմանում մի կտոր հացի տեր չդարձած հայաստանցին, որը սփյուռքահայերի մասին դատում է իրեն ցույց տված /ցույց չտված/ օգնության չափով: Այս կարգի առաջին ստեղծագործություններից կարելի է համարել Yearning for the Sea – «Ծովի կարոտ. Հայաստանը 90-ական թվականներին» /անգլերեն/ եւ Un notre pays – «Մեր ուրիշ երկիր. տպավորություններ Հայաստան կատարած ճանապարհորդությունից» /ֆրանսերեն/ հրատարակությունները: Առաջինի հեղինակներն են Կարո Քեհեյանը, որը ներկայացված է որպես սփյուռքահայ, եւ հունգարական ծագումով լոնդոնաբնակ լուսանկարիչ Տորդային: Գրքի ընծայագրումը նրա ամենաազդեցիկ հատվածներից է. «Մեր պապուտատեր Կարապետին եւ Արաքսիին, Լասլոյին եւ Իլոնային, որոնք ծնվեցին կործանվող կայսրություններում, մահացան աքսորի մեջ»: Հեղինակները գտել են իրենց միավորող հազվադեպ մի ընդհանրություն, որն ինչ-որ իմաստով նաեւ գրքի բանալին է: «Ծովի կարոտը» չի պատկերում երկիր կամ ժողովուրդ, այն պատկերում է կործանված կայսրության պատառիկ: Վերացած պետության շքանշանները կրող ծերունիներ, նրա առաջնորդի արձանի թափուր պատվանդան, խեղճություն, գերեզմաններ, սուգ. սրանք են վարպետ լուսանկարչի թեմաները: Հայաստանի անցյալ տասնամյակների գովազդային վահանակի դեմքերի /Սարյան, Համբարձումյան/, արվեստի ավագանու /Մարո Մարգարյան, Ավետ Տերտերյան, Էդուարդ Միրզոյան/, թանգարանների /Մատենադարան, Փարաջանովի/ թռուցիկ հիշատակություններ, ժամանակաշրջանի համարյա դասագրքային ընտրությամբ պատմական անցքերի ու հուշարձանների մասին ակնարկներ՝ անցյալից, եւ ցուրտ, պատերազմ, բոհեմի ներկայացուցիչների հետ մի բաժակ օղիով սկսվող առավոտներ՝ ներկայից. սա էլ մոտավորապես տեքստի հեղինակի ընդգրկումն է: Գործն, անկասկած, նախաձեռնվել է լավագույն մղումներով, մինչդեռ մեզ ներկայացող երկիրը ոչ այնքան մռայլ է /մռայլությունն էլ յուրատեսակ հմայք ունի/, որքան՝ վանող: Ինչը որ իսկական շնչահեղձություն է առաջացնում գրքում, երեւի թե երկրի դիմագծի բացակայությունն է: Կա՛մ նախկին գովազդավահանակը հնացել է, իսկ նորը չկա, կա՛մ հետխորհրդային իրականությունը դեռ հարաբերելի չէ քաղաքակրթությանը հայտնի որեւէ նախատիպի: Գրքի վերնագիրը ծնվել է գեղանկարիչ Արարատ Սարգսյանի հետ Կարո Քեհեյանի զրույցից: Արարատը, որի արվեստանոցը հաճախ զրկված է ջրից, ժամանակակից արտահայտչամիջոցներով երեւակայական ծովեր է նկարում, որով ցամաքային Հայաստանի համար ուզում է վերականգնել հավասարակշռությունը եւ հագեցնել ջրային տարածքների դարավոր կարոտը: Ֆրանսահայ գրող եւ նկարիչ Դենի Դոնիկյանը «Մեր ուրիշ երկիր» պատկերաշարով, որի ցուցահանդեսը բացվեց մի քանի օր առաջ՝ հուլիսի 28-ին, Ֆրանսիայի Վիեն քաղաքի Հայ մշակույթի տանը, արտահայտել է իր բոլորովին թարմ՝ անցած տարվա հայաստանյան տպավորությունները: Նկարների /հիմնականում՝ ջրաներկեր/ գեղարվեստական վերլուծությունը համարելով արվեստաբանների մենաշնորհը՝ ուզում եմ ստեղծագործությունների բովանդակությանն անդրադառնալ: Հիմնական թեման լքվող Հայաստանն է, իշխանությունից ու «ջիպավորներից» ճնշված ժողովուրդը, հեղինակի «ուղեղային մորմոքը» ողբերգական վիճակի առթիվ: Նկարները վերնագրերի փոխարեն ունեն բանաստեղծական երանգով տեքստեր: Դրանցից մեկը ֆրանսիական մեղմությամբ արձանագրում է. «երկրի կարմիր, կապույտ, նարնջագույն մարդիկ պղպջակվում են հուսահատեցման պարտադրմամբ, նրանք սպառվում են, նրանք ընդմիշտ խույս են տալիս դեպի այլ երկինքներ՝ քայքայումը զարգացնելով»: Մյուսի մակագրությունը հայտնում է, որ «աղջիկների մայրերը նշագրում են եսի եւ աշխարհի խաղը, ոմանք ծնում են, ոմանք սեր են անում կյանքով, մահվամբ ի՞նչ է մնում արդյոք սիրուց հետո, ի՞նչ է մնում արդյոք պատերազմից հետո»: Ըստ այդմ էլ, Դենի Դոնիկյանի վերաբերմունքը քննադատական-ծաղրական-ողբերգական է: Բայց կարեւորն իհարկե ընտրված մոտեցումը չէ, այլ նրա հարուցած զգացումը, որ մի բառով կարելի է կոչել՝ ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ: Քանի որ երկիրը դարձյալ դիմագիծ չունի, չհաշված այն, որ ընդհանուր առմամբ վանող է, տհաճություն պատճառող: Ընդ որում, Դենի Դոնիկյանի առումով անհրաժեշտ է նշել, որ նա հեղինակն է «Արմեն ժողովուրդը» վերնագրով պատմվածքների ու էսսեների ժողովածուի /1995/, որի հիմնական պատկերավորության միջոցը գրոտեսկն է, «սեւ հումորը»: Գիրքը հայ ազգային նիհիլիզմի եզակի նմուշներից է, բայց ի հակադրություն «Մեր ուրիշ երկիր» նկարաշարի, անելանելիության զգացում չի առաջացնում: Թերեւս շնորհիվ այն բանի, որ նրանում տխուր իրականության ամբողջական մերժումը հիմնված է անանց արժեքների մի աներեւույթ ամբողջության վրա: Բայց խնդիրն այս պահին ոչ թե նիհիլիզմի դրական ազդեցության պարադոքսն է, այլ գրքի ու նկարաշարի տարբերություններն են: Վերջինս հուսահատություն է հարուցում, քանի որ ո՛չ նկարների մակերեսին, ո՛չ հեղինակի կամ դիտողի ենթադրյալ մտապատկերներում չեն նշմարվում Հայաստանը բնակեցնողներն՝ ի հակադրություն այն դատարկողների եւ երկրի հրեշտակներն՝ ի հակադրություն կենցաղային հրեշների: Պատկերը սա է, այսպիսի ոչ հուսադրող են «Մեր ուրիշ երկիր» եւ «Ծովի կարոտ» ստեղծագործությունների հեղինակների տպավորությունները Հայաստանից: Մխիթարական է մի բան. այն, որ դրանք անկեղծ են եւ աննախապաշար, այսինքն՝ գնահատելի քայլեր են ինքնաճանաչողության մեր դժվար ճանապարհին: ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ