Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Օգոստոս 02,2001 00:00

«Ճշմարտությունն այսօր չես ապացուցի նույնիսկ վեճում» Հարցազրույց արվեստագիտության դոկտոր, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Սարգսյանի հետ – Հայտնի է, որ դուք ստեղծագործական առնչություններ ունեք Արեւմտյան Եվրոպայի մի շարք հանրաճանաչ հանրագիտարանների հետ։ Փաստ, որ նպաստում է հայ երաժշտական մշակույթի առավել ճանաչողականությանը։ – Լոնդոնի հետ կապերս հաստատվեցին դեռեւս Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում սովորելու տարիներին։ Առաջարկություն ստացա գրելու 17 հոդված հայ կոմպոզիտորների եւ հայ կոմպոզիտորական դպրոցի (19-20-րդ դդ.) զարգացման մասին։ – Դրանք, արտահայտելով նյութի հիմնասյուն միտումները, տպագրվեցին 1980թ. լույս տեսած «The New Grove Dictionary 0f Music and Musicians» քսանհատորյակում։ – Այդուհետ պատվեր եղավ «Grove Dictionary of Opera» օպերային չորսհատորյակի համար (1992թ.) եւ ապա՝ վերոհիշյալ «The New Grove Dictionary-II» հանրագիտարանի համար, որն ընդլայնված հրատարակությամբ, 29 հատորով լույս տեսավ 2000թ.։ Այնտեղ հեղինակել եմ 40 հոդված։ Ասեմ, որ դրա տեղեկատվական տվյալները 2 տարին մեկ թարմացվում են։ – Շարունակո՞ւմ եք այժմ աշխատել որեւէ հանրագիտարանի կամ բառարանի խմբագրության հետ։ – Համագործակցում եմ գերմանական «Die Musik in Geschichte und Gegenwart» երաժշտական հանրագիտարանի հետ, որն, ի տարբերություն անգլիական հրատարակության, մասնատված է երկու տեսակի. տերմինաբանական եւ կենսագրական բառարանների։ Վերջինիս համար գրում եմ հոդվածներ հայ կոմպոզիտորների եւ, հնարավոր է, երաժշտագետների մասին։ – Տարիներ առաջ հանդիսանալով Հայաստանի հանրագիտարանի գլխավոր խմբագրության երաժշտության բաժնի վարիչ եւ նյութեր գրելով Հայկական համառոտ հանրագիտարանի համար (4 հատորից 3-ը լույս են տեսել), տեղյակ եմ, թե ինչպիսի բծախնդրություն է պահանջում նման աշխատանքը։ Դուք ո՞ր հատկություններն եք առավել կարեւորում։ – Ոչ միայն սեղմ մտածողության եւ մակարդված շարադրանքի ոճը, այլեւ մասնագիտական ազնվությունը։ Հատկություններ, որոնք բարենպաստորեն են ազդում, անշուշտ, ամենի վրա, ինչ անում եմ. սկսած դասախոսությունից եւ ավարտված թերթի գրախոսականով։ – Այս առիթով անհնար է չասել, որ վերջին 10 տարիներին հայաստանյան մամուլում սկիզբ առած հակապրոֆեսիոնալիզմի շվայտ «խրախճանքը», թվում է արդ իր գագաթնակետին է հասել։ Մասնավորապես մշակույթի, երաժշտարվեստի ասպարեզում։ Ով պատահի, ինչ պատահի, ում մասին պատահի եւ ինչպես պատահի՝ գրում են։ Նույն մարդը նույն օրը նույն թերթում՝ աշխարհիս երեսին եղած ամենատարբեր թեմաներով, եւ անպայման՝ մշակույթի։ – Մինչեւ իսկ տեղեկատվության մեջ հնարավոր է տարբերել մասնագետի ձեռքը դիլետանտից։ Լրագրողներն օգտագործում են շաբլոն, պիտակավորված մտքեր, պատրաստի ու ծեծված մասնագիտական արտահայտություններ, ձեւակերպումներ ու տերմիններ, որոնցով շինծուակերպ «սարքում» են իրենց արհեստական եւ իբր երաժշտագիտական հոդվածները։ Սակայն բառակույտի ետեւում թաքնված է նյութի էության նրանց անիմացությունը։ – Ամեն մի առողջ քննադատություն պետք է հիմնված լինի նախ եւ առաջ վերլուծության վրա, որը կոչված է երեւան հանելու երեւույթի բուն պատճառները։ Համոզված եմ, որ մեր մշակույթի ներկայիս աղետալի վիճակի հիմքում (խոսքս վերաբերում է ոչ թե ազգի մշակութային-հոգեւոր ներուժին, որն այսօր էլ զորեղ է, այլ նրա իրականացման համալիր համակարգին)՝ մշակույթի հանդեպ պետական մոտեցման եւ հոգատարության բացակայությունն է։ – Մեր երաժշտական կուլտուրան կորցրել է գեղարվեստական համակարգը հատկանշող կարեւոր առանցքը։ Նախկինում գոյություն ունեցող արժեքների դասակարգումն այսօր բացակայում է, նորը՝ անկատար է։ Չափանիշները ցածրացված են, եթե իհարկե ընդհանրապես գոյություն ունեն… – Կասեի, որոշ դեպքերում էլ՝ անհիմն բարձրացված։ Մանավանդ, երբ հերթական «աշխարհահռչակի» մի ոտքը դրսում է… Հայերս միշտ էլ սնոբիզմի վառ արտահայտված հակում ենք ունեցել։ – Չէ՞ որ այսօր ամեն ինչ կարելի է։ Նյութական գործոնը, հովանավորչությունն են որոշում, պայմանավորում իրենցով երաժշտության ինչ լինելը, փառատոները, համերգները, գրքերի տպագրությունը… Որակի մասին ոչ ոք չի հոգում եւ պատասխանատու չէ։ Մասնագիտացվածը, դժբախտաբար, ձգտում է լինել հանրամատչելի, պարզունակ, իսկ մասսայականը վերամբարձորեն հավակնում է պրոֆեսիոնալ արվեստի։ Այս խնդրի շուրջ վիճաբանությունները վեր են ածվում բառակռվի, կոնֆլիկտի։ Ցավոք, մեր ժամանակներում ճշմարտությունը չես ապացուցի։ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Ազգի» աշխատակից՝ հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել