Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածաշնչյան

Օգոստոս 02,2001 00:00

ՄԻ ՍՊԱՆԱՆԵ՞Ր Աստվածաշնչյան պատվիրաններից ոչ մեկը այնքան սերտ չի առնչվում քաղաքականությանը, որքան «Մի սպանիր»-ը: Եթե նկատի չունենանք Աստծո անունը պատեհ-անպատեհ հիշատակելը եւ կուռքեր ստեղծելը: Քաղաքականությունն ընդհանրապես հազարավոր բնորոշումներ է ստացել, որոնցից յուրաքանչյուրը ընդամենը մի շերտը կամ մի մասն է բնութագրել այն տարողունակ ու բազմադեմ, հարափոփոխ ու անփոփոխ հասկացության, որ սովորաբար ընդունված է համարել քաղաքականություն, որը երբեմն իր բուն խորքով իրականում շատ հեռու է օրվա, ընթացիկ քաղաքականությունից: Ի՞նչ կապ ունեն քաղաքականությունն ու սպանությունը: Առաջին հայացքից ու տրամաբանորեն՝ ոչ մի, բայց իրականում ու շատ հաճախ՝ ամենասերտ: Պետական համակարգ ու իշխանություն ձեւավորող բոլոր կառույցները բախվել են կադրերի խնդրին, որ, ինչպես պարանը, ունի երկու ծայր՝ այսինքն՝ կադրերը որքան անհրաժեշտ են, նույնքան՝ խանգարող: Իսկ դա նշանակում է, որ իշխանական լծակների տիրապետող ամենաբարձրաստիճան մարդկանց իշխանությունից հեռացնելու միակ հուսալի միջոցը նրանց սպանելն է: Մնացած բոլոր դեպքերում իշխանազրկումը կարող է ավելի վտանգավոր դարձնել նրանց: Սովորաբար սպանության հրահանգները երբեք ուղղակի չեն տրվում, ասպարեզ են գալիս երրորդ-չորրորդ ու նույնիսկ հինգերորդ անձինք, որոնք դառնում են գործիք՝ գտնելու կատարողին եւ ապահովելու հետքերը վերացնելը: Երբ խոսքը վերաբերում է հատկապես բարձրաստիճան պաշտոնյաներին, վերացվում են եւ ուղղակի կատարողները, եւ անմիջական հրահանգ տվողները: Դա եւս քաղաքականություն է՝ քաղաքական սպանությունների տարրական տրամաբանությունը պահանջում է ոչ մի վկա չթողնել: Պետական կառավարման համակարգի կատարելագործումը համարյա ոչինչ չի փոխել այս առումով՝ փոխվել են զենքերը, սպանության ձեւերը, իսկ էությունը մնացել է նույնը: Ասվածի ապացույց կարող են դառնալ աշխարհի բոլոր ժողովուրդների պատմության էջերը՝ բոլոր դարերում էլ քաղաքական նկատառումներով սպանել են աշխարհիկ ու հոգեւոր իշխանության տերերի, որոնք կամ երկրի ներսում են խանգարել իշխանության ձգտող այլ ուժերի, կամ երկրի դրսից են ուղղորդվել՝ նույն նպատակով: Քաղաքական սպանությունների շարժիչը մշտապես իշխանության ձգտումն է կամ իշխանության պահպանումը՝ ասպարեզից վերացնելով այն մարդկանց, որոնց հնարավոր չէ վախեցնել, համոզել, կաշառել՝ իրենց տեսակետներից ու գործունեությունից հրաժարեցնել: Եթե հետահայացով քննենք մեր պատմությունը՝ քաղաքական սպանությունների օրինակներ կգտնենք արքայական բոլոր դինաստիաների կյանքում: Հայոց արքաներից ամենահայտնի՝ Արշակունիների դինաստիայում չեն խնայել ոչ միայն տղամարդկանց, այլեւ՝ կանանց, չեն խնայել նաեւ հոգեւորականներին: Եթե հույն թագուհի Օլիմպիային հոգեւորականի ձեռամբ տրված մեռոնին խառնած թույնը Հայաստանում հույների ներգործությունը թուլացնելու միտում ուներ, ապա արքայազն Տիրիթի ու Գնելի սպանությունները խնդիր ունեին թուլացնել թե պարսկական, թե հունական ազդեցությունները: Իսկ հետո պարսից Անհուշ բերդում բանտարկված Արշակ արքան սպանվեց, հույների ձեռքով սպանվեց նրա որդին՝ Պապ թագավորը, որ վարում էր պետականության ամրապնդման քաղաքականություն: Սպանություններից ու դավաճանություններից չեն խուսափել ոչ Բագրատունիները, ոչ Կիլիկյան հայկական թագավորության գահակալները: Թե հայոց 132 կաթողիկոսներից քանիսն են բնական մահով հեռացել աշխարհից, հայտնի է միայն Աստծուն: Ոչ մի դարաշրջան սպանությունների անիվը չի դադարեցրել իր շրջապտույտը: Առաջին հայացքից որքան էլ արտառոց ու դաժան՝ քաղաքական սպանությունները պատմության մեջ ունեն նույն դերը, ինչ պատերազմները՝ զենքի ուժով լուծում են այն հարցերը, որոնք խաղաղ ճանապարհով չեն լուծվել: Պարզապես քաղաքական սպանությունները նախորդում ու հաջորդում են պատերազմներին՝ հրահրելով կամ կանխելով: Բնականաբար՝ այդ ալիքին առաջինը զոհաբերվում են պետության ղեկավարները, նաեւ նրանք, ովքեր անմիջականորեն մաս են կազմում ղեկավարման իրական համակարգին, թեեւ պաշտոնով գուցե առանձնացված չեն: Այդ մարդիկ հաճախ դառնում են շանթարգել՝ պարպելու միջպետական ու ներպետական ճգնաժամային լիցքերը, հաճախ էլ պարզապես կլանային շահերի պաշտպանության հետեւանքով են զոհվում, երբ իրենց կլանը ավելի թույլ է հակառակորդ կլանից: Քաղաքակրթության ամենասկզբից սպանությունները եղել են իշխանության ճանապարհ, ընդ որում՝ համարյա պարտադիր՝ չես սպանել, սպանվել ես: Եթե երկրի արտաքին սահմանները որոշվում էին զենքի ուժով, ներքին իշխանության սահմանները որոշվում էին պալատական հեղաշրջումներով: Մարդկությունը խիստ անարդար է վերաբերվել իր տիրակալներին՝ պատմության մեջ մնացել են նրանց հրամանով կատարված սպանությունները, բայց պատմությունը համեստորեն ակնարկել է միայն, թե ինչպես են նրանք կյանքից հեռացել: Կայսր Կալիգուլան մինչեւ իշխանության հասնելը կորցրեց հորը՝ Բրիտանիկին, իսկ իշխանության գագաթնակետին սպանվեց սեփական պալատի միջանցքում՝ թիկնապահների ձեռքով, երբ օգնության էր շտապում կնոջը, որին երեքամսյա դստեր հետ սրախողխող արեցին: Իշխանության գալիս Կալիգուլան համարյա աստված էր, երեք ամսից նա նույնիսկ իր մտերիմներին էր թշնամացել: Իշխանության առանցքում կա ինչ-որ վանող ուժ, որ արմատականորեն փոխում է նախկին հարաբերությունները՝ հպատակներն ու ենթակաները մտահոգ են իրենց ճակատագրով ու հավատարմության երդումներ են տալիս, մտքում, սակայն, միանգամայն անհավատարիմ մնալով, մտերիմներն ու համախոհները անխուսափելիորեն հեռանում են: Տիրակալի շրջապատը ձեւավորվում է առաջին հայացքից անտրամաբանական օրենքներով՝ հայտնվում են նոր մարդիկ, որոնց գործառնությունները հայտնի չեն, բայց առանց նրանց իշխանությունը լիակատար չէ: Նրանք պարզապես չգրված օրենքով դառնում են տիրակալի աչքերն ու ականջները, ձեռքերն ու ոտքերը, բայց ոչ երբեք սիրտն ու ուղեղը: Զարմանալիորեն նրանք անհրաժեշտություն են միայն որոշակի ժամանակի ու որոշակի գործի համար, որից հետո անհրաժեշտություն է դառնում նրանց լավագույն դեպքում հեռացնելը, վատագույն դեպքում՝ վերացնելը: Անմիջապես նրանց տեղում հայտնվում են նոր մարդիկ՝ նույն գործառնություններով ու նույն ճակատագրով, ու շրջանագիծը երբեք չի հատվում: Նույն շրջանագծում են քաղաքական գործիչների սպանությունները ու սպանությունների համարյա երբեք չբացահայտվող գաղտնիքները, թեպետ բոլորն ամեն ինչ գիտեն: Պարզապես ամեն ինչ հայտնի է օղակ-օղակ, շղթա կազմելու համար, սակայն, միշտ մի օղակ պակասելու է, որովհետեւ ոչ մի իշխանություն չի հատի այն պարանը, որից կախված է: Իսկ պատճառն այն է, որ որքան դժվար է իշխանության գալը, նույնքան ու ավելի դժվար է իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական ասպարեզում մնալն ու նույնիսկ ապրելը: Իշխանափոխությունից հետո սովետական ոչ մի ղեկավար նախկին դափնիները չի պահպանել, բոլոր քարոզչամիջոցներով դատափետվելուց հետո այդ մարդիկ մոռացության գիրկն են նետվել իբրեւ ղեկավարներ, եթե, իհարկե, ապրել են: Համարյա նույն պատկերն է աշխարհի այլ երկրներում. Գինեսի ռեկորդների գրքում կարելի է գրանցել այն նախագահներին, ովքեր հրաժարականից կամ ընտրություններից հետո իշխանությունը կորցնելով չեն հռչակվել նախորդ հանցավոր վարչակարգ, չեն ենթարկվել քաղաքական մեկուսացման կամ քրեական պատասխանատվության: Եվ ոչ միշտ այն պատճառով, որ իշխանության ամբողջ ընթացքում զբաղվել են հանցագործություններով… Մեծ քաղաքականությունը տալիս է անսահմանափակ իշխանություն, որի համար միշտ կա հատուցում: Մեծ քաղաքականությունը տալիս է անսահմանափակ իշխանություն, որը չօգտագործելը նույնքան պատասխանատու ու վտանգավոր է, որքան օգտագործելը: Այնուամենայնիվ, քաղաքական կամիկաձեների պակաս երբեք ու ոչ մի երկրում չկա: ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել