Լրահոս
Օրվա լրահոսը

Հունանյան ոճրագործի անհատականության համակարգը

Օգոստոս 02,2001 00:01

Զրույց դատավարությանը հետեւող անկախ դիտորդի հետ

-Շուրջ հինգ եւ կես ամիս է անցել «Հոկտեմբերի 27»-ի գործի դատավարության մեկնարկից։ Այդ ժամանակահատվածում ոճրագործի շուրթերից այնչափ խառնափնթոր տեղեկատվություն է հորդում, որ դրա վերլուծության կարիքն այսօր խիստ զգացվում է։ Եվ զգացվում է այն պարզ պատճառով, որ հասարակական, քաղաքական տարբեր կատեգորիաների նկատմամբ նրա հայտնած դիրքորոշումները սփռված են մի ընդարձակ դիապազոնում։ Այդ հանգամանքն էլ օգտագործելով տարբեր քաղաքական դերակատարներ հանրությանը անհայտ (ուստի՝ կասկածահարույց) ու հայտնի դրդապատճառներով ոճրագործի կյանքի հատվածային դրվագների ու նրա անձնական վերաբերմունքների «ընտրանքային ծաղկաքաղի» սինթետիկ համախմբի հենքի վրա վերջինիս համար որոշակի կերպար են փորձում ստեղծել։ Այդ կերպարի «առաջարկվող այլընտրանքները» տատանվում են «ազգային հերոսից» մինչեւ «պատվիրված քաղաքական սպանության կատարողը» եւ այս հետագծում՝ առնվազն միջանկյալ դիրք զբաղեցնող «վերջին 10-ամյակի ծանր սոցիալ-տնտեսական եւ քաղաքական իրավիճակի ծնունդ-ոճրագործը»։

Ո՞րն է նրա անհատականության համակարգն ի վերջո։

– Ինքը՝ ոճրագործը հակված է իրեն մատուցել առաջինի լույսի ներքո՝ հանցագործության դրդապատճառ ներկայացնելով ձեւավորված իրավիճակը։ Ոճրագործը հարկադրված է եւ դեռեւս հարկադրված կլինի սեփական անհատականության համակարգի պարամետրերը նույնականացնել թատերականացված հանցագործության համակարգի պարամետրերի (իբրեւ թե ազգի փրկության, բռնապետության հաստատման դեմ պայքար) հետ։ Այսինքն՝ պատճառահետեւանքային կապ հաստատել հանցագործությունը կատարող(ներ)ի անհատականության համակարգ + ոճրագործության դրդապատճառներ (որոնք ձեւավորում են ծրագիրը) + ահաբեկչական ակտ (արդյունք) համախմբի ներսում։ Հայ հասարակությունը միայն այդ ամբողջի միասնությունը կարող է «մարսել» որպես «իրականություն», ասել է թե՝ կարեւորը մատուցվածի համակարգայնությունն է։ Այս լրջագույն հանգամանքն է, որ պարտադրում է ոճրագործին շատ բան պարտակել ու թաքցնել թե՛ անձնական «նկարագրի», թե՛ հանցագործության իրական դրդապատճառների, հանցագործության ծրագրի առումով։

– Ինչպիսի՞ն է ձեր տպավորությամբ նրա վարքագիծը դատարանում։

– Դատավարության ընթացքում նրա պահվածքի դիտարկումները ցույց են տալիս, որ այս ճակատներից որեւէ մեկում նրա սայթաքումը լուրջ փսիխոզներ է առաջացնում ոճրագործի մեջ։ Միանշանակ է, որ այս ոճրագործը անհանգստանում է անհատականություն + ծրագիր + ահաբեկչական ակտ բաղադրիչների միջեւ հնարավոր խզումից։ Եվ միանգամայն իրավացիորեն, քանի որ այդ խզման կետերը կարող են լույս սփռել կատարվածի վրա։ Քաղաքական սոցիոլոգիայում եւ քաղաքական հոգեբանության մեջ հանրահայտ պոստուլատ է անհատի պահանջմունքների փոխանցելիությունը (տրանզիտիվությունը)։ Ավելի պարզ, հասարակական այլ ենթահամակարգերում (օրինակ՝ ընտանիք, ընկերություն) նրա պահանջմունքներն ու դրանց բավարարման մեխանիզմները փոխանցվում են այլ համակարգեր (մասնավորապես՝ տվյալ պարագայում քաղաքական ահաբեկչության վրա) ու մակարդակներ (ահաբեկչական խմբի վրա)։ Այսինքն՝ արդյունք-ահաբեկչական ակտը միանշանակ կրում է ոճրագործի անհատականության համակարգի դրոշմը։ Ուստի թե՛ ոճրագործի եւ թե՛ նրա հնարավոր աջակիցների համար մեկնակետ ու գերխնդիր է ոճրագործի անհատականության համակարգը հանրությանը «արժանվույն» ներկայացնելը։ Եվ առաջ է գալիս «ազգի փրկության ելքերով մտահոգի», «ինքնազոհողության պատրաստ» մեկի կերպար ձեւավորելու, հանցագործության ծրագիրը՝ ազգի համար այլեւս անտանելի սոցիալ-տնտեսական ու քաղաքական ծանր իրավիճակից ոճրագործների ուղեղում սոսկ «ինքնաբուխ» ճանապարհով հասունացած լինելու քարոզչությունը։

– Կան այլ դիրքորոշումներ էլ…

– Հակառակ դիրքորոշում ունեցողները պնդում են ռացիոնալ հաշվարկներ կատարող, շահավետ գործարքների գնացող, արդեն իսկ ծրագրավորված հանցագործությունը ինչ-որ «վարձավճարի» դիմաց կատարելու ունակ վարձու մարդասպանի տեսակետի վրա։ Առաջ ընկնելով ասեմ, որ սույն վերլուծությունը գալիս է հաստատելու այս վերջին տեսակետը։ Հետեւաբար, «Հունանյան կենսաբանական-սոցիալական-քաղաքական տեսակի» անհատականության համակարգի ամբողջական նկարագիրը կարող է բացահայտել նրա ամբողջ ներուժը՝ մանիպուլյացիայի օբյեկտ դառնալուց մինչեւ վարձկան մարդասպանության ընդունակ լինելը։

– Մեր զրույցի սկզբում դուք հակված էիք նրա կերպարի վարձկանությանը, որն առանց շահի ոչինչ անել չէր կարող։

– Որ ոճրագործը լավ հաշվարկել գիտե, վկայում է Եվպատորիայից վերադառնալու եւ աշխատանք փնտրելու դրվագը։ Նա փորձել է իր իսկ որակած «հայակործան իշխանության» մասը կազմել։ Նախագահի խոսնակ Լեւոն Զուրաբյանին հանդիպելով խնդրել է, որ «փոխանցի նախագահ Տեր-Պետրոսյանին, թե ես պետական համակարգում աշխատելու ցանկություն ունեմ»։ Ոճրագործին երկու տարբերակ է առաջարկվել՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթ կամ «Արմենպրես» գործակալություն։

Առաջարկն ընդունելուն խանգարել է միայն մոտալուտ իշխանափոխությունը եւ նրա անվրեպ հաշվարկը. «Երբ իմացա, որ նախապատրաստվում է Տեր- Պետրոսյանի հրաժարականը, այլեւս չդիմեցի»։ Իշխանափոխության արդյունքում իր կողմից ժամանակավոր կառավարություն գլխավորելու հավակնությունը, հայաստանյան ուսուցիչների եւ Ղրիմի իրենց կոլեգաների աշխատավարձերի համեմատություն կատարող, Եվպատորիայի տունը հյուրանոցի վերածելու դեպքում ակնկալվող տարեկան 10-12 հազար դոլարի եկամուտ հաշվարկող, մոսկվաբնակ գործարար Կամո Բեգլարյանի հետ սուջուխի եւ դոշաբի բաղադրատոմսերի «գործ անող», տեքստիլ արդյունաբերության ոլորտում «որակյալ տիպերի», ինչպես նաեւ՝ ֆրանսիական պարֆումերիայի առեւտուր անող, խմբի անդամ Դերենիկ Բեջանովին որպես իշխանափոխության իրականացման վճար «Ազգային գվարդիայի անդամի» տեղով գնող, «ազգին տված իր վնասները» լումաներով գնահատող, Թուրքիայի ընդունելությունները լավ կամ վատ որակելը «չտեսներին սովորեցնող», նահատակների գրպանների պարունակությունը հաշվող, Հայաստանում կուսակցություն պահելու տարեկան անհրաժեշտ ֆինանսավորման հաշվարկ կատարող, «Հորիզոն» գործակալությունում սոցիոլոգիական հետազոտություններ կատարող, ՀՅԴ-ի տեղեկատվության համաձայն ՀՅԴ լրատվական կառույցում 4-5 կնիքով անհայտ աղբյուրների ֆինանսներ «պտտեցնող», Հայաստանի վիճակագրությունը ներկայացնող եւ այլ հաշվարկներ կատարող ոճրագործը միանգամայն ռացիոնալ ապրող եւ գործող տեսակի բնութագիր է։

Վերջին հաշվով, ռացիոնալ եւ օպտիմալ հաշվարկված գործողությունների արդյունքում հաշված րոպեների մեջ 8 բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը եւս այդ բնութագրի օգտին է խոսում։ Ըստ էության, նա միանգամայն ռեալ «վարձատրության» դիմաց գործող տեսակ է, որը չի կարող գոհանալ խոստումներով, այլ միայն առարկայական եւ շոշափելի (ոչ աբստրակտ) հատուցումներով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031