Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՃՀ-ում

Օգոստոս 02,2001 00:00

ՇԱՏ ԽԵԼԱՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ ՀՊՃՀ-ում մաթեմատիկա-2 քննությանը մասնակից դիմորդներից մեկի ծնողը կարծիքների մատյանում գրել էր, որ քննություններն այնքան բարձր մակարդակով են կազմակերպված, որ երկու դահլիճներն էլ լեփ-լեցուն են դիմորդներով։ Մեկը մյուսի հետ բնականաբար կապ չունի, բայց ծնողը կապել է։ Ավելի ուշագրավ գրառում չգտանք։ Հիմնականում դրական կարծիքներ էին ու շնորհակալանքի խոսքեր։ Դժվար է ասել՝ այդ նույն տրամադրությունը գնահատականներն իմանալիս պահպանվե՞լ է։ Համենայնդեպս, հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Ալեքսանյանի տեղեկացմամբ՝ գնահատականը բողոքարկողները 5%-ից էլ պակաս են լինում։ Ու թեեւ տեսակետ կա, որ քննությունների կեսից բողոքարկումների թիվն աճում է, հանձնաժողովի նախագահն ասաց, որ իրենց մոտ հակառակն է, նվազելու միտում կա։ Մինչեւ օրս բողոքարկումից հետո մոտ վեց գնահատական է մեկ միավորով բարձրացել։ Նաեւ բողոքարկումից դժգոհ դիմորդներ կան, որ դիմել են Հանրապետական ընդունող հանձնաժողով եւ պարոն Ալեքսանյանի գնահատմամբ, «պիտի բողոքարկեն, ուրիշ ելք չկա»։ Ըստ նրա՝ ծնողներն ու դիմորդները հիմնականում համաձայնվում են բողոքարկման արդյունքին, «մեկ-մեկ են համառներ պատահում», որ մասնագետների հետ մասնակցում են հանձնաժողովի հետ հանդիպմանը եւ պնդում իրենց տեսակետը։ Սակայն, ըստ պարոն Ալեքսանյանի, «մենք ունենք ընդհանուր չափանիշներ եւ դրանցով ենք գնահատում»։ Ռ. Ալեքսանյանը, որ նախորդ տարի էլ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ մասնակցել է քննություններին, նկատեց, որ այս տարի դիմորդների առաջադիմությունն ավելի բարձր է։ Հանձնաժողովի նախագահի բացատրությամբ՝ «մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է»։ Բարձր առաջադիմությունը թերեւս պայմանավորված է նաեւ նրանով, որ մաթեմատիկա հանձնող դիմորդների թիվն այս տարի կտրուկ աճել է, այսինքն՝ քանակը որակ է բերել։ Մաթեմատիկա-2 տարբերակով քննություն են հանձնում նաեւ ՀՊՃՀ-ի եւ ԵՃՇՀ-ի դիմորդները՝ թեեւ ավելի տրամաբանական կլիներ, որ վերջիններս քննություն հանձնեին 1-ին տարբերակով, ինչը մասնագետների համար է։ Սակայն այստեղ վճռորոշը ոչ թե մասնագիտությունն է, այլ դիմորդների շրջանում նրա վայելած հեղինակությունն ու պահանջարկը։ Եթե դիմորդները քննություն հանձնեին 1-ին, այսինքն՝ ավելի բարդ տարբերակով, ապա եւ դիմորդները քիչ կլինեին, եւ դրական միավոր ստացածները, ու հետեւաբար թափուր տեղերը շատ կլինեին։ Արդեն այսօր էլ կարելի է ասել, որ եթե ոչ վճարովի 1-ին, վճարովի 2-րդ (տարկետման իրավունքից չօգտվող) համակարգում թափուր տեղեր կմնան։ Սակայն սա սպառնում է ոչ միայն տեխնիկական, այլ գրեթե բոլոր բուհերին, անգամ՝ ԵՊՀ-ին ու ԵԲՀ-ին։ Մաթեմատիկայի հանձնաժողովում միայն տղամարդիկ են եւ դա գրեթե ավանդույթ է, իսկ անգլերեն բանավորի քննության հանձնաժողովում, բացի նախագահի տեղակալից, բոլորը կանայք են։ Հանձնաժողովի նախագահ Մարգարիտա Ապրեսյանի հետ զրույցից պարզեցինք, որ հատկապես բանավոր քննության ժամանակ շատ կարեւոր է նաեւ լավ հոգեբան լինելը, քանի որ երեխաները շատ ժամանակ հուզմունքից չեն կարողանում ցուցադրել իրենց իրական գիտելիքները։ Երբեմն հարկ է լինում հուզմունքից շփոթված երեխային նախ հանգստացնել, հետո նոր քննել։ Ընդհանրապես, բանավոր քննությունները գնահատման առումով շատ ավելի խոցելի են, քանի որ պատասխանի գրավոր հիմք չկա եւ բողոքարկումը հենց տեղում է լինում։ Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ եթե դիմորդը դժգոհ է իր գնահատականից, նրան հավելյալ առաջադրանք են տալիս եւ լավ պատասխանի դեպքում գնահատականը բարձրանում է, բայց վատի դեպքում՝ չի իջնում։ Տիկին Ապրեսյանը նաեւ ասաց, որ եթե գնահատականը վիճելի է, ինքը միշտ հօգուտ դիմորդի է հարցը լուծում։ Ընդամենը մեկ դիմորդ է բողոքարկել Հանրապետական ընդունող հանձնաժողով՝ դժգոհելով, որ իրեն չի տրամադրվել անգլերեն-հայերեն բառարան։ Տիկին Ապրեսյանը «անհիմն» որակեց այդ բողոքը, քանի որ քննասենյակներում 4-5 բառարան կա, ինչը կարող են վկայել եւ դիմորդները, եւ դիտորդները։ Տիկին Ապրեսյանը, նշելով, որ ընդհանուր առմամբ առաջադիմության աճ կա այս տարի, նաեւ ընդգծեց շրջաններից եկած դիմորդների բարձր պատրաստվածությունը. «Նրանք սովորել են օտար լեզուն իրենց շրջանում, գյուղում։ Դա ուրախալի է եւ մենք աշխատում ենք ավելի շատ ուշադրություն դարձնել այդ երեխաներին»։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել