Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդային Միության փլուզումից հետո մայրաքաղաքի որոշ փողոցներ վերանվանվեցին՝ նոր ոճ տալով ազատ ու ան

Օգոստոս 02,2001 00:00

Եվրոպական ստանդարտներով Խորհրդային Միության փլուզումից հետո մայրաքաղաքի որոշ փողոցներ վերանվանվեցին՝ նոր ոճ տալով ազատ ու անկախ Հայաստանի մայրաքաղաքին։ Ասենք՝ Մարքսինը վերանվանվեց Խորենացու, Էնգելսինը՝ Դեղատան, Պլեխանովինը՝ Զարոբյանի, Կարմիր բանակինը՝ Գրիգոր Լուսավորչի, Գայդարինը՝ Վ. Համբարձումյանի։ Եվրախորհուրդ մտնելուց հետո լուրեր պտտվեցին, թե մայրաքաղաքի որոշ փողոցներ կրելու են արտասահմանյան գործիչների անուններ, որպեսզի համահունչ քայլենք Եվրախորհրդի հետ։ Երեւանի քաղաքապետարանի կազմատեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանից պարզեցինք, որ պտտվող լուրերն ունեն հիմքեր։ Պարզվում է, որ մայրաքաղաքի անանուն փողոցներից մեկը առաջարկվել է անվանել Քերոլայն Քոքսի անունով։ Սակայն այդ առաջարկը չի ընդունվել, քանի որ «ինչ-որ մեկի անունով փողոցը անվանելու իրավունք կլինի միայն այդ անձի մահվանից երեք տարի հետո»,- ասաց Գագիկ Բաղդասարյանը։ Այնպես որ, կենդանի մարդիկ, անկախ նրանից, թե որտեղի քաղաքացի են, իրենց ցանկությունը «կիրականացնեն», երբ մահանան եւ «չզլանան» երեք տարի սպասել։ Գ. Բաղդասարյանն ասաց, որ 10 տարի առաջ է ստեղծվել «Անվանակոչության հանձնաժողովը» եւ երկար տարիների ընթացքում անընդհատ ձեւավորման փուլում է եղել։ «Անվանակոչության հանձնաժողովի» կազմում ընդգրկված են տարբեր կազմակերպություններ ներկայացնող մարդիկ եւ մտավորականներ, սակայն հանձնաժողովի շարքերը կարող են համալրել նաեւ սովորական քաղաքացիները»,- ասաց Գ. Բաղդասարյանը։ Վերջինս հավաստիացնում է, որ ցանկացած առաջարկ իրենք քննարկում են, սակայն «հարցին դրական լուծում տալը պայմանավորված է մի քանի գործոններով. նախ այն պետք է ընտրվի ձայների մեծամասնությամբ, տվյալ փողոցի թաղապետի, շահագրգիռ կազմակերպությունների համաձայնությամբ եւ, ամենակարեւորը, պետք է իր համաձայնությունը տա «Երեւան» խորհուրդը, որն իր կազմում ընդգրկում է քաղաքապետին, 12 թաղապետերին ու ավագանիներին»։ Ըստ նրա, վերջին 10 տարվա ընթացքում Երեւանում անվանակոչել են 134 փողոց եւ 70 հուշատախտակ։ Իսկ վերջին 6 ամիսների ընթացքում քննարկվել է 40 հարց, սակայն դրական լուծման է արժանացել 22-ը։ Այս տարի անվանակոչվել է երկու փողոց. մեկը Ծիծեռնակաբերդի խճուղին է, որը դարձել է Աթենքի փողոց, մյուսը՝ Ջրաշատինն է, որը դարձել է Սարմենի։ Գ. Բաղդասարյանն ասաց. «Շատ են անհեթեթ առաջարկները. քաղաքացիները առաջարկում են այս կամ այն փողոցն անվանել իրենց հոր, պապի անունով, բացատրելով նրանով, որ նախկինում նրանք շատ կարեւոր գործունեություն են ծավալել Հայաստանում, իսկ մութ ու ցուրտ տարիներին չեն լքել Հայաստանը»։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել