Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ մի խանգարեք գյուղացուն

Օգոստոս 02,2001 00:00

ԱԳՐԱՐԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Կամ մի խանգարեք գյուղացուն 1990-ականների սկզբին Արցախի հասարակությունը եւ ղեկավարությունը միանշանակ դեմ էին հողի սեփականաշնորհման գաղափարին, չնայած Հայաստանի Հանրապետությունում այն արդեն իրողություն էր դարձել։ Տնտեսական եւ պատերազմի հոգսերը ավելի հրատապ էին։ 1994թ. զինադադարից հետո ակնհայտ է տնտեսական ճգնաժամը։ Արդեն պարզորոշ երեւում էին հայաստանյան սեփականաշնորհման ձախորդ փորձի առաջին արդյունքները։ Նշված երկու գործոնները կարծես թե ինքնին թելադրում էին զգուշորեն վերաբերվել ագրարային, հողի համատարած սեփականաշնորհման գաղափարին։ Եվ, այնուամենայնիվ, այդ գաղափարն սկսեց առաջ անցնել նաեւ Արցախում։ Պետք է արժանին հատուցել Արցախի ղեկավարներին, որոնք շատ բան արեցին խուսափելու սեփականաշնորհման հայաստանյան ձախորդ փորձից, գտնելու բարեփոխումների սեփական ճանապարհը։ Սակայն «բարեփոխումներն» արդեն սկսվել էին՝ հետեւյալ սկզբունքներից ելնելով։ 1. Հողը Արցախում օրենքով հայտարարվեց պետական սեփականություն, որը տրվում է վարձակալությամբ գյուղատնտեսական ձեռնարկություններին։ 2. Այդ հողի վրա կարող են կազմակերպվել ինչպես կոլեկտիվ, այնպես էլ մասնավոր տնտեսություններ։ 3. Կոլտնտեսությունների հիման վրա կազմակերպվում են գյուղացիական փակ բաժնետիրական ընկերություններ, ընդ որում, ընկերության յուրաքանչյուր անդամ գիտե հիմնական ֆոնդերի եւ հողատարածության մեջ իր բաժնի մեծության մասին։ 4. Ընկերության յուրաքանչյուր անդամ իրավասու է դուրս գալու նրա կազմից եւ ստանալու ընդհանուր հողատարածության եւ հիմնական ֆոնդերի մեջ իր բաժինը։ Հողի վարձակալումը կամ օտարումը անհատի կողմից արգելվում է կամ կարող է տեղի ունենալ ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ։ 5. Հանրային տնտեսության մեքենատրակտորային կայանը չի լուծարվում, մնում է համայնքի գյուղապետի տնօրինության տակ, այն գործում է որպես ինքնուրույն ձեռնարկություն, որը կարող է վարձակալությամբ օգտագործել ինչպես ընկերության պահուստային հողերը, այնպես էլ ցանկացած այլ հողատարածք (օրինակ, ազատագրած շրջաններում)։ Այսպիսով, Արցախում ստեղծվել է իրավական-օրենսդրական հիմք՝ ագրարային բարեփոխումների համար։ Ի՞նչ կարելի է ասել վերը շարադրված սկզբունքների մասին։ Նախ այն, որ ցանկացած տնտեսական բարեփոխում կարող է հաջողության հավակնել, եթե այն հիմնված է հանրաճանաչ տնտեսական կատեգորիաների բանիմաց մեկնաբանության եւ օգտագործման վրա։ Վկայենք, որ, որքան մեզ հայտնի է, աշխարհի եւ ոչ մի երկրի գյուղատնտեսության մեջ բաժնետիրական ընկերության տնտեսաձեւը չի ստացել շատ թե քիչ զգալի տարածում։ Արցախում հավակնում են այն կիրառել համատարած եղանակով։ Չգիտես ո՞ւմ շնորհավորես, արցախցիների՞ն, թե՞ միջազգային տնտեսագիտության ճանաչված հեղինակություններին։ Այսպիսով, համատարած լուծարման ենթարկելով կոլտնտեսային ձեւը, որն, ինչ խոսք, խաղացել է իր պատմական դերը (իսկ տողերիս հեղինակը եղել է կոլխոզ-սովխոզային համակարգի ճանաչված քննադատը եւ մերժողը դեռեւս համայնավարական ժամանակներում)։ Արցախի ղեկավարությունը այդ տնտեսաձեւի իրավահաջորդն է ընտրել եւ փորձում է արմատավորել մի նորաթուխ եւ արհեստական տնտեսաձեւ, որը առնվազն բարդ եւ անհստակ հարաբերություններ է ստեղծում գյուղացու, գյուղական համայնքի եւ պետության միջեւ, եւ որը, անտարակույս, ոչ մի լավ բան չի խոստանում։ Նորաթուխ այս «տնտեսաձեւը» (բաժնետիրական կամ փայատիրական ընկերություն) արհեստական, լինելով մտացածին տեսական առումով, խիստ հակասական է նաեւ զուտ գործնական առումով, քանի որ նախ հռչակվելով պետական հողի հիմնական օգտագործող (պետական հողի վարձակալ), ի սկզբանե զրկված է տասնամյակների ընթացքում ստեղծված մեքենաների եւ գործիքների տնօրինությունից եւ հարկադրված է վարձով օգտագործելու այդ հիմնական միջոցները, այսինքն իր երեկվա ունեցվածքը։ Երկրորդ, նորաթուխ ընկերությունը կամ կոոպերատիվը առաջին հայացքից հնարավորություն է տալիս իր անդամներին վարելու անհատական, մասնավոր տնտեսություն։ Սակայն իրականում այդպես չէ, հիշյալ հնարավորությունը զուտ իրավական է, ձեւական։ Իրական դառնալու համար գյուղացին պետք է ձեռք բերի համայնքի ընդհանուր ժողովի համաձայնությունը, այսինքն՝ ստանա իր հողաբաժինը մասնավոր եղանակով օգտագործելու բացառիկ իրավունքը։ Ընթերցողը հազիվ թե գիտենա, թե ինչ բան է դա, չէ՞ որ ընդհանուր օրենքով հողի անհատական վարձակալումը պարզապես արգելված է։ Ասենք, որ ստանալ այդպիսի բացառիկ իրավունք հավասարազոր է բացառիկ բախտավորության, որն իրականում անհնար է, եթե աչքի առաջ ունենանք բնատնտեսական պայմաններում գոյատեւող համայնքի դարավոր կենսաձեւը եւ հոգեբանությունը։ Այսպիսով, նոր, անհայտ տնտեսաձեւի սկզբունքները ենթադրում են ի սկզբանե նրա անդամների անազատությունը, համայնքից դուրս գալու նրա իրավունքի խիստ սահմանափակումը։ Դա նշանակում է ձեռներեց գյուղացու համար իր ցանկացած տնտեսաձեւն ընտրելու հնարավորության բացակայություն։ Նկատենք, որ նման երկընտրանքի հնարավորությունից զրկված է (հիշյալ օրենսդրական պայմաններում) ոչ միայն տվյալ համայնքի անդամ գյուղացին, այլեւ Արցախի մյուս քաղաքացիները, գյուղացին եւ ոչ գյուղացին։ Իսկ դա նշանակում է ազատ շուկայական մրցակցության դաշտի խիստ սահմանափակում։ Այսպիսով, Արցախում ընդունված օրենքները, կամա թե ակամա, վերակենդանացնում են խորհրդային- համայնավարական համակարգի այն հիմնական գաղափարը, ըստ որի, անհատը, տվյալ դեպքում՝ գյուղական համայնքի անդամը, հասարակության իրավազուրկ ենթական է, նրա ճորտը։ Հազիվ թե հարկ լինի պարզաբանելու, որ նման գաղափարախոսական զենքով մեր գյուղացին դժվար թե կարողանա մուտք գործել շուկայական տնտեսության ազատ մրցակցության միջավայր։ Եվ, վերջապես, մի հարց եւս. «Մի՞թե ամբողջ Արցախում չի գտնվի գոնե մեկ տասնյակ հաջողակ կոլտնտեսություն, որոնց գոյությունն անգամ կհարստացներ ազատ շուկայական մրցակցության միջավայրը։ Գոնե պատմության համար, համատարած կոլեկտիվացումից համատարած սեփականաշնորհման խարանը մեր բարեփոխումների դեմքից ջնջելու համար։ ՆՈՐԱՅՐ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ Պրոֆեսոր, Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել