Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն սովորական է դարձել անձրեւոտ ու ցեխոտ օրերին «փաղաքշական» խոսքերով («փաղաքշական» խոսքերի քանակը

Օգոստոս 02,2001 00:00

Ընտրություն չէ, 1700-ամյակ է Արդեն սովորական է դարձել անձրեւոտ ու ցեխոտ օրերին «փաղաքշական» խոսքերով («փաղաքշական» խոսքերի քանակը կախված է փոսերի քանակից ու մեծությունից) թռչկոտել մայթերին ու փողոցներում գոյացած փոսերի վրայով։ Սովորական է դարձել նաեւ այն, որ ցանկացած տեսակի բարեկարգման աշխատանքներ կրում են մասնակի բնույթ, այն էլ միայն ընտրության նախաշեմին։ Փողոցների այս տարվա բարեկարգման առիթը ոչ թե ընտրություններն էին, այլ՝ քրիստոնեության ընդունման 1700-ամյակը: Որպեսզի սպասվող շատուշատ հյուրերի մոտ մայրաքաղաքը պարզերես դուրս գա, Երեւանի քաղաքապետարանը ասֆալտի բարեկարգման համար 100 մլն դրամ է հատկացրել։ Սովորական է դարձել նաեւ այն, որ ցանկացած տեսակի բարեկարգման աշխատանքներ առաջին հերթին իրականացվում են քաղաքի կենտրոնում, որից հետո նոր միայն (երբեմն) անցնում են ծայրամասերին։ Քանի որ արտասահմանցի զբոսաշրջիկների ժամանցի հիմնական վայրը մայրաքաղաքի կենտրոնն է լինելու, ապա հիմնականում կարգավորվել են կենտրոնական փողոցները, իսկ ծայրամասերը բարձիթողի են։ «Առավոտը» մեկ անգամ արդեն անդրադարձել է ասֆալտապատման գործընթացին։ Բարեկարգման աշխատանքները բաղկացած են երեք փուլից։ Առաջին փուլը մարտից հունիս ընկած ժամանակահատվածն է՝ լցվելու են խոշոր փոսերը։ Երկրորդ փուլը՝ հունիսից օգոստոսն է, այս ժամանակահատվածում ավարտի են հասցվելու կիսավարտ աշխատանքները։ Երրորդը՝ «օգոստոսից մինչեւ ձյուն գալն է», որի ընթացքում կատարվելու են, այսպես ասած, ձմռան նախապատրաստական աշխատանքները, այսինքն ծածկվելու են մանր-մունր ճեղքերը։ Ակնհայտ է, որ քաղաքի կենտրոնում առաջին փուլը արդեն վաղուց ավարտվել է եւ ավարտին է մոտենում երկրորդը։ Սակայն որոշ ծայրամասերում դեռ առաջին փուլն էլ չի սկսվել։ Ասենք՝ Ավանում, ոչ մի աշխատանք չի արվել Ավանի 7-րդ փողոցում, Ավան-Առինջ թաղամասում եւ Իսահակյան, Բաբաջանյան փողոցներում իրականացվել է առաջին փուլը, սակայն երկրորդին անցնելը անիմաստ է դարձել, որովհետեւ արդեն արված գործը քարուքանդ է լինում։ Փորձեցինք պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանի բարեկարգման եւ շինարարության վարչության պետ Աշոտ Սարգսյանից, սակայն տեղեկացրին, որ նա քաղաքում չէ եւ որեւէ մեկը իրավասու չէ պատասխանել մեր հարցերին։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել