Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի,

Օգոստոս 02,2001 00:00

«ԴԵՄԻՐՃՅԱՆԻ» ԳԻՆԸ ԳՑՈՒՄ ԵՆ Հայտնի, ժողովրդական լեզվով ասած, «Դեմիրճյան սորտի» խնձորենիները հավանական է, որ գալիք տարում ոչնչանան։ Խմբագրություն դիմած Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի բանավանի բնակիչների հավաստմամբ, վերջին տասը տարիների ընթացքում 800 հա տարածություն զբաղեցնող այգիներից մնացել է ընդամենը 180-200 հա։ «Նման իրավիճակը կարելի է որակել որպես «ծառերի սպանդ»։ «Դեմիրճյանական» խնձորներ Հայաստանում չկան, եղածն էլ ուզում են իսպառ վերացնել»,- բորբոքված պատմում էին «Առավոտ» այցելած բնակիչները։ Արայի բանավանում զրուցելով տեղաբնակների հետ, պարզեցինք, որ արդեն մի քանի տարի է, ինչ ամռան ամիսներին այգիները ոռոգվում են երկու, լավագույն դեպքում՝ երեք անգամ, այնինչ, դրանք պետք է ջրվեն առնվազն 10-12 անգամ։ Տեղաբնակները շեշտեցին, որ այս տարի այգիների վիճակն էլ ավելի է վատացել, քանզի «բանավանում կա 9 հա խնձորի եւ 10 հա խաղողի այգի, մնացած տարածքը վերածվել է բանջարանոցների։ Ապրիլից մինչեւ հիմա խաղողի այգիները ոռոգվել են 1, իսկ խնձորինը՝ 2 անգամ։ Եվ դա այն դեպքում, երբ մեկ ամսից ամառը վերջանում է։ Սա նշանակում է, որ ծառերն անցնում են ֆիզիոլոգիական հանգստի եւ այլեւս ոչինչ անել չի լինի։ Կամ դրանք վերջնականապես կչորանան, կամ կիսակենդան քուն կմտնեն»,- ասաց գյուղատնտես Գագիկ Պետրոսյանը։ Տեղացիների համոզմամբ, «բանավանի ՋՕՄ-ի մասնաճյուղը արդեն մի քանի տարի է, ինչ միտումնավոր ջուր չի տալիս այնքան ժամանակ, մինչեւ ծառերը չորանում են։ Միայն վերջին մեկ ամսում երկու անգամ ջուր են տալիս (ամեն տարի), որ ծառերը գոնե պահպանեն իրենց շունչը»։ Բնակիչները ՋՕՄ-ի այս գործելակերպը չկարողացան բացատրել, քանզի, նրանց խոսքերով, վարձավճարները ոչ միանգամից, սակայն կանոնավոր եւ մաս-մաս մուծում են։ Միակ բացատրությունը, որ նրանք գտան, այն էր, որ «մեր ականջին հասել է, թե բանավանի այգիները հնարավոր է, որ վաճառվեն ինչ-որ մեծահարուստի։ Եթե դա ճիշտ է, ուրեմն կարելի է ենթադրել, որ ծառերը միտումնավոր ուզում են ոչնչացնել, դրանով իսկ գցելով հողակտորների գինը։ Չէ՞ որ կանաչ տարածության գինը միշտ էլ ավելի բարձր է»,- ասացին հողատերերը։ Նշենք նաեւ, որ բանավանի բնակիչները բազմիցս դիմել են ջրային տնտեսության կոմիտե, սակայն նրանց պատասխանել են, որ դա ոչ թե կոմիտեի, այլ ՋՕՄ-երի խնդիրն է։ «Մեզ ասում են, որ ջուրը ապրանք է, եթե գնում ես՝ պետք է վճարես։ Այդ դեպքում թող ջրային տնտեսությունը բացատրի, թե ինչ սկզբունքով են մեկ անգամ ջուր բաց թողնելու համար սահմանել 8-10 հազար դրամ վարձավճար։ Ստացվում է, որ եթե ՋՕՄ-երը ամեն սեզոնի կանոնավոր 10-12 անգամ ջուր տային, գյուղացին պետք է վճարեր 100-120 հազար դրամ։ Նման հաշվարկն ուղղակի աբսուրդ է, էդ խեղճ գյուղացին ինչքա՜ն բերք պետք է ստանա ու վաճառի, որ այդքան վարձավճար տա, իսկ դրանից հետո ինչո՞վ պետք է ապրի»,- բողոքում էին տեղաբնակները։ Մինչ զրուցում էինք, մոտեցավ հովիվը՝ Պետրոսը եւ քշելով իր ոչխարներին, ասաց, որ իզուր ժամանակ ենք կորցնում. «Է, բալամ, սաղ սուտ ա, ոչ ղեկավարություն կա, ոչ բան։ Անցյալ տարի էն խնձորը թոռոմեց-թափվեց, էս տարի էլ՝ խաղողը, արեւի տակ վառվեց, չիր դարձավ։ Հլը մի գան՝ նայեն, հետո հարկ հավաքեն։ Ով փող ունի՝ տրուբեն կտրում է, ջուրը քշում իր բախչեն ու միշտ ջրում։ Համա նրան ոչ ոք ռիսկ չի անի բան ասի, որովհետեւ կամ դեպուտատի, կամ էլ պաշտոնյայի ազգական է։ Իսկ բանվորը սոված է, գյուղացին էլ՝ պլեն,- հետո ավելացրեց,- մի երկու հատ ոչխար ունեմ, մեկը տհաս է, մեկն էլ՝ ուշաթափ ընկած, առնող էլ չկա՝ ծախեմ»։ Տեղաբնակ Հովակիմ Արշակյանը, որ 35 տարվա ուսուցիչ է եւ որին պետությունն իր աշխատանքի դիմաց հող է հատկացրել, այն կարծիքին է, որ գյուղնախարարությունն իր ստորաբաժանումներով պետք է լուծարել, քանզի «տասը տարի է՝ էստեղ հող եմ մշակում, բայց գյուղբաժնի ոչ մի աշխատող մի անգամ չեկավ եւ գոնե մեթոդական օգնություն չառաջարկեց»։ Տեղեկացանք, որ Արայի բանավանի բնակիչները դիմել են Աշտարակի քաղաքապետին՝ օգնության խնդրանքով, սակայն վերջինս նրանց կտրուկ մերժել է, ասելով, թե «դե վերեւը մաֆիան նստած է, ես ինչ կարող եմ անել»։ Խնդրի առնչությամբ դիմեցիք Ջրային տնտեսության կոմիտե, որտեղից հայտնեցին, որ Արայի բանավանի ՋՕՄ-ի նախագահը օրերս աշխատանքից հեռացվել է հենց նման սխալ թույլ տալու համար։ «2001թ. ոռոգման շրջանի համար Արայի ՋՍԸ-ի հետ Արզնի-Շամիրամ ջրամբարից ջուր բաց թողնելու պայմանագիր է կնքվել։ Սակայն անհայտ պատճառներով, Արայի բանավանի հասանելիք ջուրը գլխամասից չի բաշխվել եւ ջուրը մնացել է Նոր Երզնկա համայնքում»։ Բանավանի բնակիչները «Առավոտին» տեղեկացրին, որ արդեն սկսվել է ջրամատակարարումը։ Ջրամատակարարման հասույթը կազմել է 8 մլն 770 հազար դրամ, սակայն մինչ օրս գանձվել է 494 հազար դրամ, որը կազմում է վճարումների 6%-ը, սակայն մենք երբեւէ վարձավճարների համար չենք խափանել ջրամատակարարումը»,- հայտնեցին ՋՏԿ-ից։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել