Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասնություն» խմբակցությունը կանոնադրություն չունի։ Արդեն երկու տարի քաղաքական մեծամասնությունը խոր

Օգոստոս 02,2001 00:00

Պարկեշտությունը քաղաքական կատեգորիա չէ «Միասնություն» խմբակցությունը կանոնադրություն չունի։ Արդեն երկու տարի քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում Անդրանիկ Մարգարյանի թեթեւ ձեռքով գործում է առանց կանոնադրության։ Թեպետ խմբակցության այսօրվա ղեկավար Գալուստ Սահակյանը պնդում է, թե պարտադիր չէ կանոնադրություն ունենալը, բայց, ի վերջո, նորմալ աշխատանքի համար կանոնադրություն ունենալը պարտադիր է։ Փաստորեն, երկու տարի շարունակ խմբակցությունը չգիտի՝ որոշումները քանի ձայնով պետք է ընդունվի, ինչ ձեւով պետք է այս կամ այն հարցը դրվի քվեարկության։ Այսինքն, կարելի է նաեւ ասել, որ մինչեւ այժմ խմբակցության ընդունած որոշումները անօրինական են եղել։ «Միասնություն» խմբակցության քարտուղարի պաշտոնից Վարդան Մկրտչյանին ազատելը եւ անկուսակցական Գագիկ Ոսկանյանին այդ տեղում նշանակելը եւս անօրինական է։ Փաստորեն ՀԺԿ-ն խմբակցությունում փոքրամասնություն է, բայց նույնիսկ այդպես, եթե դեռեւս իներցիայի ուժով կամ ինչ-ինչ շահերի պատճառով ոմանք առայժմ ատամներով պահում են դաշինքը, ուրեմն ավելի հեռուն գնացող խնդիրներ ունեն։ Օրը ցերեկով էլ պարզ է, որ թիվ մեկ շահագրգիռը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն է, որը կարող է նախագահին ասել, թե դաշինքը կա, ուրեմն՝ ինքն էլ կա։ Հենց դրանով էլ պայմանավորված խախտվում են բուն դաշինքին վերաբերող բոլոր պայմանավորվածությունները։ Ըստ որոշ պատգամավորների, եթե դաշինքում նույնիսկ մեկ ՀԺԿ-ական մնար, խմբակցության քարտուղարի պաշտոնը պետք է լիներ ՀԺԿ-ինը, քանի որ պայմանավորվածության համաձայն խմբակցության ղեկավարի պաշտոնը տրված էր ՀՀԿ-ին։ Խմբակցության ուրբաթ օրվա նիստի որոշումն անօրինական է նաեւ ուրիշ պատճառով. նիստին մասնակցել են խմբակցության 47 անդամներից 28-ը, որից ութը (3 ՀՀԿ անդամ եւ 5 ՀԺԿ անդամ) նիստից դուրս է եկել, ներկաներից մի քանիսը հարցի քվեարկությանն ընդհանրապես չի մասնակցել, եւ հարցն «անցել է» 15 կողմով։ Որքան էլ ցավալի է, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանին խմբակցության քարտուղարի պաշտոնից ազատելու առաջարկ արել են հենց իրենք՝ նախկին ՀԺԿ-ականները։ Իսկական ռեւանշիստական պահվածք են դրսեւորել նախկինները, որոնք կառչած են իրենց պաշտոններից եւ ակնհայտորեն խղճուկ աթոռները պահելու համար ամեն ինչի պատրաստ են։ Քանի որ իրենք եւս, հավանաբար, հասկանում են, որ ցուցակով ընտրված պատգամավորները պատգամավոր կարող են մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդ ցուցակը կա, եթե չկա այդ ցուցակը, ուրեմն իրենք եւս չեն կարող լինել։ Եթե մեկին հեռացնում են կուսակցությունից, համարժեք է, որ ցուցակից են հեռացնում։ Ո՞ւմ համար է գաղտնիք, որ «Միասնությունը» ձեւավորվել է երկու կուսակցությունների ցուցակով։ Պարկեշտ մարդիկ պարզապես պարտավոր էին կուսակցությունից դուրս գալով իրենց պատգամավորական մանդատները ցած դնել։ Բայց պարկեշտությունը եւս քաղաքական կատեգորիա չէ։ ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը դեռեւս Արմեն Խաչատրյանին պաշտոնանկ անելու հարցի քննարկումների ժամանակ հայտնել էր, որ ԱԺ-ն լեգիտիմ է իր մեծամասնությամբ, եթե չկա ընտրությունների արդյունքում ձեւավորված քաղաքական մեծամասնությունը, ուրեմն պետք է ԱԺ-ն ցրվի։ Խմբակցության նիստում նախկին ՀԺԿ-ականների եւ ՀՀԿ անդամների պահվածքը գնահատեց անբարոյական. «Ես խնդրեցի իմ նախկին կուսակցական ընկերներին, որ չանեն այդ քայլը, առաջարկեցի առանձին հարցը քննարկել։ Այստեղ, հանրապետականների ներկայությամբ այդպիսի հարց մի քննարկեք։ Եվ պիտի ասեմ, որ ՀՀԿ անդամ շատերը շատ վատ արտահայտվեցին այս երեւույթի նկատմամբ եւ թողեցին հեռացան։ Այս հարցը հենց այնպես չի կարող անցնել, սա ամբողջ քաղաքական դաշտին պետք է հետաքրքրի։ Խորհրդարանը պետք է կայանա կուսակցություններով, նախագահը պետք է լինի կուսակցության թեկնածու։ Եվ այսպիսի անբարոյական ձեւով խլել իշխանությունը, չի կարելի։ Աշնանային նստաշրջանում բոլոր քաղաքական ուժերը պետք է մոտեցում ցուցաբերեն այս հարցին»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել