Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում է ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը

Օգոստոս 02,2001 00:00

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏԵԼՈՒ ՄԻՏՔ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ ԵՎ ՉՈՒՆԵՄ Ասում է ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը Որոշ ՀԺԿ-ականներ կուսակցությունում կատարվող սողանքի մեղավորը համարում են ԱԺ փոխխոսնակ, ՀԺԿ այլեւս նախկին անդամ Գագիկ Ասլանյանին: Պարոն Ասլանյանը համաձայնեց պատասխանել մեր մի քանի հարցին՝ նախապես նշելով, որ ՀԺԿ-ն կիսելու որեւէ մտադրություն չի ունեցել եւ չունի: – Պրն Ասլանյան, ձեր նախկին կուսակիցներն այսօր էլ պնդում են, որ այդպես էլ չեն հասկացել, թե ո՞րն էր ձեր եւ ՀԺԿ-ից դուրս եկած յոթ պատգամավորի ուզածը: Ի վերջո, դուք այս կուսակցության հիմնադիրներից եք եւ արդյո՞ք այդքան լուրջ էին տարաձայնությունները, որ պիտի բերեին կուսակցությունից ձեր հեռանալուն: – Ես ամեն ինչ փորձեցի անել, որպեսզի կուսակցությունը ցնցումներից զերծ մնա, կուսակցության ստեղծման առաջին օրվանից ամեն ինչ արել եմ կուսակցության կայացման եւ ամրապնդման համար, ստեղծել «Կենտրոն» տարածքային կազմակերպությունը, հավաքել համակիրների մի մեծ բանակ, որոնք այսօր իմ ընկերներն են ու որոնցից շնորհակալ եմ երեկ տեղի ունեցած խորհրդի նիստում իմ անձի հանդեպ դրսեւորած վերաբերմունքի համար, սակայն՝ եղավ այն, ինչ եղավ, որը ես փաստում եմ մեծ ցավով: Այն գործընթացները, որ սկսվեցին կուսակցության 2-րդ համագումարից հետո, ինձ եւ իմ մի շարք ընկերների չէր կարող չանհանգստացնել: ՀԺԿ-ն իր ստեղծման օրվանից գրավեց քաղաքական այն դաշտը, որն այդ ժամանակ բաց էր՝ կենտրոնամետ, պետականամետ ուժ դարձավ, որի նպատակն էր համախմբել այն ուժերին, այն մարդկանց, որոնք այս երկրում են ապրելու, այս երկրից հեռանալու մտադրություն չունեն եւ որոնց գործունեությունը երկրի կառուցմանն ու կայունությանն էր միտված: «Միասնություն» դաշինքի ստեղծումն էլ հենց այդ կայունացնող գործոնն էր, երբ Կարեն Դեմիրճյանը համաձայնեց վեր կանգնել անձնական ամբիցիաներից եւ հանուն կայունության ու ժողովրդի բարօրության ստեղծել դաշինք, ըստ էության, դեռ մեկ տարի առաջ իր հակառակորդ հանդիսացող ուժի հետ: Սակայն կուսակցության հետհամագումարյան քայլերը, ընտրված քաղխորհրդի անդամների ծայրահեղական հայացքներն ու գործողությունները կուսակցությունը մղում են արմատական ընդդիմության դաշտ, իսկ դա ապակայունացումից բացի որեւէ դրական բանի բերել չի կարող: Այնուհետեւ եղավ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, որն էլ ավելի սրեց արդեն ծագած հակասությունները: Ասեմ, որ խոսքը չէր վերաբերում օրենքի լավ կամ վատ լինելուն. բազմիցս շեշտվել է, որ այս հարցի քննարկումն իր մեջ նաեւ քաղաքական խնդիր է պարունակում եւ սա այն հարցը չէր, որի պատճառով պետք է դաշինքի երկու թեւերը պառակտվեին ու այրվեին բոլոր կամուրջները: Ես բոլոր քննարկումների ժամանակ պնդել եմ, որ այս օրենքի ընդունումն անհրաժեշտ է, հատկապես, որ կար կառավարության պատրաստակամությունը՝ բոլոր ընդունելի առաջարկները հաշվի առնել, սակայն մեր ընկերները միանշական դեմ էին եւ անգամ այսպիսի արտահայտություն է եղել՝ եթե անգամ օրենքը Մահմանադրությանը չհակասի՝ պետք է դեմ քվեարկենք: Սրանք, բնականաբար, այն քայլերն էին, որոնք ՀԺԿ-ն տանում էին դեպի արմատական ընդդիմություն, որին ես միանշանակ դեմ եմ եղել. ճիշտ է՝ պաշտոնական հայտարարություն կուսակցության կուրսի փոփոխման մասին չի եղել, սակայն գործընթացները ՀԺԿ-ն տանում էին դեպի կոշտ ընդդիմություն: – Այդուհանդերձ, Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ կարող էիք ձեր անհամաձայնությունների մասին քաղխորհրդում խոսել եւ չարժեր միմյանց հետ նամակներով հաղորդակցվել: – Ես համաձայն եմ Ստեփան Դեմիրճյանի հետ, սակայն պետք է նշեմ, որ առաջինը հայտարարությունների ժանրին անցան իրենք. իրար հետեւեցին քաղխորհրդի երկու հայտարարությունները. նախ, որ դատապարտում են օրինագծին կողմ քվեարկածներին, այնուհետեւ, որ դադարեցնում են իմ ՀԺԿ վարչության քարտուղարի, քաղխորհրդի անդամի եւ «Կենտրոն» տարածքային կազմակերպության ղեկավարի պարտականությունները: Դրան հետեւեցին քաղխորհրդի որոշ անդամների հարցազրույցները մամուլում, որտեղ արդեն անձնական վիրավորանքներ էին հասցվում մարդկանց, ովքեր կողմ են քվեարկել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին: Եվ այսքանից հետո բնական էր, որ մենք պետք է մեր անհանգստությունը հայտնեինք, որը եւ արեցինք հայտնի հայտարարությամբ, ուր կոչ էինք անում քաղխորհրդի որդեգրած գործելաոճը քննել վարչության նիստում: Իսկ վարչության նիստը նախապես ծրագրավորված խարդավանքներով լի մի սցենար էր, որին մասնակցում էին նաեւ ոչ վարչության անդամներ եւ որտեղ հնչեցին բավականին անպարկեշտ ելույթներ: Ի դեպ, նշեմ, որ այդ խարդավանքների մեղավորը Ստեփան Դեմիրճյանը չէ, այլ քաղխորհրդի որոշ անդամներ, որոնց էլ հաջողվեց վարչությունում ստեղծել անհանդուրժողականության եւ սադրանքի մթնոլորտ, որից հետո մեզ այլ բան չէր մնում անելու՝ քան դուրս գալ կուսակցությունից: – Պարոն Ասլանյան, ՀԺԿ քաղխորհրդում այն կարծիքը կա, որ դուք եւ կուսակցությունից դուրս եկած պատգամավորները պարզապես գործել եք ճնշման տակ. նշվում է նաեւ ճնշողի անունը՝ Անդրանիկ Մարգարյան: – Եթե իրենք իսկապես այդպես են մտածում՝ ես ցավում եմ, իսկ եթե դա պարզապես արվում է հասարակական կարծիք ձեւավորելու համար՝ ես հասկանում եմ իրենց նպատակը: Ինչ վերաբերում է վարչապետի հետ համագործակցելուն, ապա դա միանգամայն բնական է եւ բխում է դաշինքի ծրագրից, իսկ ինչ վերաբերում է ճնշումներին ենթարկվելուն, ապա գոնե իրենք ինձ լավ են ճանաչում եւ գիտեն, որ ինձ վրա ճնշումներով ազդել հնարավոր չէ: Իհարկե, ես չեմ բացառում, որ ճնշումներ լինում են պատգամավորների վրա, սակայն ճնշումներ կարող են լինել քվեարկության ժամանակ: Ես չեմ պատկերացնում եւ չեմ կարծում, որ մարդը ճնշումների ազդեցության տակ կարող է դուրս գալ կուսակցությունից: – ՀԺԿ-ում մտավախություն կա, որ դուք ձեր ետեւից տանելու եք ՀԺԿ-ականների եւ պառակտելու եք կուսակցությունը: Ո՞րն էլ լինելու ձեր հաջորդ քայլը: – Կուսակցությունը պառակտելու մտադրություն չեմ ունեցել եւ չունեմ: Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կփորձեմ ի մի բերել կատարվածը եւ իհարկե իմ գործունեությունը պիտի շարունակեմ քաղաքական դաշտում՝ ի նպաստ երկրի բարօրության: Կան համախոհներ, որոնք պատրաստ են ինձ հետ համագործակցելու եւ մենք, բնականաբար, միասին աշխատելու ենք: ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել