Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 02,2001 00:00

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Գործադիր իշխանության հետեւողական եւ ապօրինի ճնշումների ներքո, Ազգային ժողովում տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք ուղղված են «Միասնություն» խմբակցության կազմալուծմանը եւ խորհրդարանական նոր «մեծամասնության» ձեւավորմանը։ Այս գործընթացի հիմքում ոչ թե հասարակական պատվերն է, այլ նախագահ Ռ. Քոչարյանի ու նրա վարչակազմի անձնական եւ խմբակային շահերը։ Ռ. Քոչարյանի եւ նրան սպասարկող քաղաքական ուժերի վարքագիծը փաստորեն հանգեցրել է 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերանայմանը՝ նսեմացնելով Ազգային ժողովի հեղինակությունն ու դերակատարությունը պետության մեջ եւ սպառելով օրենսդիր մարմնի վստահության ռեսուրսը։ Խորհրդարանական վերջին զարգացումները եւ ՀԺԿ-ն պառակտելու փորձերը եւս մեկ անգամ փաստում են հոկտեմբերի 27-ի ոճրագործության իրական նպատակը՝ չեզոքացնել 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կազմալուծել ժողովրդի վստահության քվեն ստացած «Միասնություն» դաշինքը եւ կենտրոնացնել իշխանությունը Ռ. Քոչարյանի վարչախմբի ձեռքում։ Հոկտեմբերի 27-ին իրականացված քաղաքակա ն հեղաշրջման արդյունքում, սեփական իշխանությունն ամրապնդած նախագահը եւ նրա վարչախումբը պառակտիչ գործունեություն են ծավալել՝ ուղղված Հայաստանի քաղաքական դաշտի ամայացմանն ու փոշիացմանը, որին ակամայից նպաստում են անձնական շահերով առաջնորդվող ՀԺԿ-ից պոկված բեկորները։ Ըստ էության, տեղի է ունենում պետական կառույցների եւ քաղաքական ինստիտուտների արժեզրկման գործընթաց։ Իշխանության որդեգրած գործելակերպը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը եւ բացառում մեր երկրի կայուն եւ անցնցում զարգացումը։ Հավատարիմ մնալով պետականության հիմնարար գաղափարներին ու ժողովրդավարության արժեքներին, «Հանրապետություն» կուսակցությունը կոչ է անում հայ ժողովրդին եւ քաղաքական ուժերին համախմբվել՝ գործող իշխանություններից օր առաջ ազատվելու եւ հանրապետությունում օրինական իշխանություն ձեւավորելու գաղափարի շուրջ։ Ա. ԲԱԶԵՅԱՆ Քաղաքական խորհրդի նախագահ 01.08.2001թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել