Լրահոս
Օրվա լրահոսը

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է

Օգոստոս 02,2001 00:00

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է Ես խորապես զգացված եմ ցավակցական այն բոլոր արտահայտություններից, որոնք ստացել եմ իմ հորեղբոր՝ Ռալֆ Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Զորակցության այդ մխիթարական վերաբերմունքն առավել եւս արժանի գնահատանք է Հայաստանից կես աշխարհ հեռու՝ Ցեղասպանության վերապրողներից ծնված մի վեհանձն հայրենապաշտի, որն իր կենաց ամբողջությունը նվիրեց ընտանիքին, եկեղեցուն, հայրենիքին եւ հատկապես նրա նոր սերնդին։ Տասն եւ երկու տարի առաջ մեր ընտանիքի հայրենադարձությունն արդյունքն էր նաեւ Ռալֆ հորեղբոր օրհնանքի ու քաջալերանքի։ Նա հայաստանյան իմ ողջ գործունեության ուղեկիցն ու աջակիցն է եղել եւ ոչ միայն հացիվ։ Ցավում եմ, որ քաղաքացիությունից եւ անձնագրից զուրկ ներկա ինձ պարտադրված վիճակը արգելեց, որպեսզի անձամբ մասնակցեմ Ֆրեզնոյում նրա հուղարկավորությանը։ Ցավում եմ կրկնակի, որ իմ այս խոսքի հրապարակումը անհրաժեշտ է դարձել։ Ես երբեք թույլ չեմ տվել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու ազգային արժանապատվության իմ տասնամյա եւ տակավին անավարտ պայքարը վերածվի հանրային հնչողության հակամարտության։ Հիմա եւս չխորանալով դիմումների այդ բազմաչարչար շարանի մեջ՝ ես իմ վերջին դիմումից ավելի քան 100 օր անց հիմք ունեմ ակնկալելու իմ քաղաքացիության հարցի՝ այս անփաստաթուղթ, անհեթեթ եւ ենթատեքստերով հագեցած կացության անմիջական լուծումը։ Սա ինձ հնարավորություն կտա մասնակից լինել հորեղբորս գոնե քառասունքի արարողությանը։ Առայժմ առանձին չեմ անդրադառնա մասնագիտական այն բազմաթիվ հրավերներին (Ռուսաստան, Իրան, Վրաստան, ԱՄՆ, Հունաստան, Ուկրաինա, Թուրքմենստան), որոնք ես ստիպված եմ եղել մերժել անձնագիր չունենալու պատճառով։ Իրավական, ինքնավստահ եւ ամուր պետության ներկայացուցիչը վաղուց ի վեր, որպես ՀՀ քաղաքացիության արտացոլում, անձնագիր պիտի շնորհած լիներ՝ այն էլ իմ առաջին դիմումի օրով։ Խղճի, կամքի եւ օրենքի համապատասխան՝ հանրապետության նախագահը պետք է վճռի սույն խնդիրը, որը տեւապես գտնվում է իր գրասեղանի վրա։ Սպասելով այդ արդարացի որոշմանը՝ ես այսօր լոկ արձանագրում եմ որդիական իմ հոգու պարտքն ի կատար ածելու պահանջը։ Սա մարդու, հայի, հայաստանցու իմ իրավունքն է։ ՐԱՖՖԻ Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել