«ՀՀՇ-Ն ԴԱՇԻՆՔԻ ՄԵՋ ՉԻ ՄՏՆԻ» Ասում է ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Անդրանիկ Հովակիմյանը -Դուք նշել էիք, թե ՀՀՇ վարչության անդամները գործուղվել են Վանաձոր՝ պարզելու կուսակցության տեղական կառույցի ղեկավարին ապօրինի զինամթերք պահելու համար կալանավորելու դեպքի հանգամանքները։ Ի՞նչ պարզեցիք։ – Նախ ցանկանում եմ ի սկզբանե շեշտել, որ անկախ ամեն ինչից, իհարկե, անփութություն է եւ մեծագույն սխալ, որ մինչեւ հիմա այդ զենքը տեղում էր եւ հանձնված չէր պատկան մարմիններին։ Մենք գտնում ենք, որ նմանօրինակ ցանկացած դեպք պետք է հետաքննվի օրենքի շրջանակներում եւ կարծես թե այդպես էլ ընթանում է։ Երկրորդ կարեւորագույն խնդիրն այն է, որ ՀՀՇ տարածքային գրասենյակում որեւէ զենք կամ զինամթերք չի՛ հայտնաբերվել եւ չի առգրավվել։ Սա միանշանա՛կ է եւ հաստատված համապատասխան փաստաթղթերով, որոնց դատապաշտպանն արդեն ծանոթացել է։ – Այսինքն, ողջ զինամթերքը հայտնաբերվել է Աշոտ Մանուկյանի ընկերոջ զոքանչի տան նկուղո՞ւմ։ – Այո՛։ Բազմիցս ասել ենք, որ Աշոտ Մանուկյանը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական մարտերի ժամանակահատվածում զբաղվել է զենք-զինամթերքի հայթայթման եւ տեղափոխման խնդրով եւ այժմ հայտնաբերվածն ինչ-որ մնացորդներ են, որոնք կա՛մ պիտանի չեն եղել օգտագործման համար, կա՛մ էլ ժամանակին դրանց անհրաժեշտությունը չի եղել եւ մի տեղ դրվել է։ Շեշտում եմ, որ այդ ինքնաշեն զենքերի եւ զինամթերքի մեծ մասը՝ կեսից ավելին, իրո՛ք խոտանված է։ – Սակայն ԱԱՆ-ի փորձագետների համաձայն՝ դրանք մարտական վիճակում են եւ պիտանի՝ ըստ նշանակության օգտագործման համար։ – Այնտեղ բազմաթիվ բաներ կան՝ ասենք՝ բիկֆորդյան քուղ, որ իրոք խոտան են։ Հետագայում մենք կներկայացնենք ասվածը հաստատող փաստաթղթերը, փորձաքննության եզրակացությունը։ Վստահ եմ, որ մեծ մասը խոտանված զինամթերք է, որովհետեւ տարիներ շարունակ ուղղակի մնացել է այդպես։ – Մեկնաբանություններ եղան, թե այս գաղտնի զինապահեստի հայտնաբերումը վկայում է, որ ՀՀՇ-ն պատրաստվում է ահաբեկչական գործողությունների՝ թերեւս ծրագրված թեժ աշնան ընթացքում։ – Բնական է, որ կատարվածը պատեհ առիթ էր, որպեսզի իշխանական լրատվամիջոցներն այդ ամենն օգտագործեին ՀՀՇ-ի դեմ, շատ լավ իմանալով, որ մենք ի սկզբանե միշտ պայքարել ենք ահաբեկչության եւ, ընդհանրապես, զենքով որեւէ հարց լուծելու դեմ։ Ուզում եմ հայտարարել, որ Հայոց Համազգային Շարժումը ոչ 1990-ին՝ իշխանության գալու ժամանակ, ոչ էլ 1998-ին՝ իշխանություն հանձնելիս, զենքի եւ բռնության չի դիմել եւ երբեք չի էլ դիմի, քանի որ դա մեր սկզբունքներին եւ գաղափարներին դեմ է։ Մենք գտնում ենք, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի քաղաքակիրթ ձեւերով։ Իհարկե ցավալի է, որ այս միջադեպը եղավ, եւ ուզում եմ նորից կրկնել, որ անկախ ամեն ինչից՝ դա ահավոր սխալ է։ – Մեկնաբանություն եղավ, թե զինապահեստի հայտնաբերումն իշխանությունների յուրօրինակ պատասխան քայլն էր ներքին եւ հատկապես արտաքին քաղաքական ճակատներում ՀՀՇ172ի ակտիվացմանը։ – Չեմ բացառում, քանի որ Վանաձորում բոլորը գիտեին, որ Աշոտ Մանուկյանը ժամանակին զենքի եւ զինամթերքի հետ գործ է ունեցել։ Ես չեմ բացառում, որ ոչ թե հիմա է դա հայտնաբերվել, այլ շատ վաղուց իմացել են այդ զինամթերքի տվյալ վայրում գտնվելու մասին, ուղղակի պատեհ առիթի են սպասել՝ ներկայացնելու, թե դա ՀՀՇ-ի զենքն է եւ ՀՀՇ-ն ինչ-որ բան է նախապատրաստում։ – Արտաքին քաղաքական ճակատում ՀՀՇ-ի ակտիվացումը պայմանավորում են Թուրք-հայկական հանձնախմբում Ալեքսանդր Արզումանյանի դերակատարությամբ։ Թեեւ նա նշել է, որ այդ հանձնախմբում իր կուսակցությունը չի ներկայացնում եւ հանդես է գալիս իբրեւ անհատ։ Իսկ ինչ դիրքորոշում ունի ՀՀՇ-ն այս նախաձեռնության նկատմամբ։ – Չնայած Ալեքսանդր Արզումանյանն, իրոք, որպես անհատ է ներգրավված, բայց այդ հանձնախմբի ստեղծման նպատակները խիստ համահունչ են ՀՀՇ-ի հիմնարար սկզբունքներից մեկին՝ հարեւանների հետ (մանավանդ Թուրքիայի եւ Ադրբեջանի, որոնց հետ շատ խնդիրներ ունենք) բարիդրացիական, բնականոն հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Մեր տեսակետը շատ պարզ է՝ ցանկացա՛ծ, նույնիսկ ամենացավագի՛ն խնդիր պետք է լուծվի երկկողմ բանակցությունների միջոցով եւ այդ գործընթացում երրորդ երկրների ներգրավումն ուղղակի նրանց շահերից է բխում։ Այդ երրորդ երկրները ցանկացած պահին այս վիճակն օգտագործում են ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Հայաստանի դեմ։ Ցավոք սրտի, ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Հայաստանում կան քաղաքական կուսակցություններ, որոնց գոյության միակ իմաստը ոսոխի կերպարը միշտ վառ պահելով հավերժական թշնամանքն է։ Եվ սա է պատճառը, որ այսպիսի արձագանք առաջացրեց այս հանձնախումբը։ Շուրջ 25 օր է, ինչ որոշ թերթերի ամեն համարում 2-3 անդրադարձ կա այս թեմային։ Զարմանալի չէ՝ քանի որ նույնիսկ մեր ազգային ողբերգությունն ինչ-որ մարդիկ, ցավոք սրտի, դարձրել են բիզնեսի եւ եկամտի աղբյուր՝ դրանով նաեւ ինչ-որ փողեր են աշխատում։ Եվ ես վստահ եմ, որ եթե ժամանակը գա եւ Թուրքիան փորձի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նրանք դրա դեմ էլ են խոսելու, բողոքելու, ըմբոստանալու։ – Թուրք-հայկական հանձնախմբի առնչությամբ հայտարարություն ստորագրած խորհրդարանական ուժերի մեծ մասի համար կիրառելի չեն այն որակումները, թե նրանց առաջմղիչ ուժը հավերժական թշնամությունն է։ Նրանք էլ են ընդունում երկու հարեւան ժողովուրդների միջեւ բնականոն հարաբերությունների անհրաժեշտությունը, ուղղակի, ասենք, համարում են, որ դրանց կարգավորումը երկու կողմերի լիազոր ներկայացուցիչների գործն է։ Այդ փաստարկները Ձեզ համար համոզի՞չ չեն։ – Ոչ, իհարկե, համոզիչ չեն։ Նախ, կարելի է ի սկզբանե ինչ-որ բանի վերաբերյալ հայտարարել՝ «Մեկ է, չի ստացվելու, ինչո՞ւ եք անում»։ Անկախ նրանից, թե ինչ կստացվի՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են, որոնք փորձում են ինչ-որ բան անել։ Եթե ստացվի՝ շատ լավ կլինի, իսկ եթե չստացվի… Չստացվելու խնդիր չկա։ Մի քայլ է, որը գոնե 1 միլիմետր ինչ-որ բան կավելացնի։ Եթե նույնիսկ նվազագույն արդյունավետություն լինի՝ արդեն այն հանգամանքը, որ մարդիկ նստում ու փորձում են իրար հետ խոսել՝ արդեն իսկ արդյունք է, մի քայլ առաջ։ – Շատ են կանխատեսումները ընդդիմադիր դաշինք ձեւավորելու մասին, որին պետք է մաս կազմեն ինչպես նախկինում Քոչարյանին պաշտպանած գործիչներով համալրված ուժերը՝ «Հանրապետություն», ԱՀՃ, «Ազգային միաբանություն» եւ այլն, այնպես էլ 1998-ին Քոչարյանին մերժած ուժերը՝ ՀՀՇ-ն եւ այլն։ Այժմ համագործակցո՞ւմ եք այդ ուժերի հետ, իրակա՞ն է համախմբվելու հավանականությունը։ – Դաշինք ստեղծելու՝ ո՛չ, քանի որ գաղափարական լուրջ եւ խորը տարբերություններ կան այստեղ։ Իսկ միայն մի նպատակի համար համախմբվելն, ինձ թվում է, սխալ է։ ՀՀՇ-ն բոլոր կուսակցությունների հետ էլ ինչ-որ հարցեր քննարկում է, հայտնում իր տեսակետները, մենք բոլորի հետ էլ բնականոն հարաբերություններ ունենք։ Բայց չի կարելի խոսել միավորում ստեղծելու հավանականության մասին, քանի որ մենք ազատական կուսակցություն ենք՝ ի տարբերություն այսօր ընդդիմադիր ասպարեզում հայտնված շատ-շատերի։ – Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն մեկնաբանություններին, թե ՀԺԿ-ում կամ անգամ ՀԿԿ-ում ՀՀՇ-ական «տարրեր» են ներթափանցել։ – Հիմա շատ հետաքրքիր պահ է՝ աշխատանք չունեցող գործիչները փորձում են մոտեցող ընտրությունների շեմին մի փոքր ավելի կոշտ եւ ընդդիմադիր լինել, իսկ իշխանության մեջ ներգրավվածները կամ պաշտոն ունեցողներն՝ ավելի իշխանամետ դառնալ։ Այս վերջինները քանի որ ի սկզբանե գիտեն, որ սխալ են անում, հասարակությունը դա չի ընդունելու եւ որակելու է դավաճանություն՝ փորձում են գտնել պատրվակներ։ Ասենք՝ իբր ՀԺԿ-ն համագործակցում է ՀՀՇ-ի հետ՝ դրա համար էլ ՀԺԿ-ից դուրս են գալիս։ Սա ուղղակի պարզամիտ եւ երեխայական պատճառաբանություն է սեփական քայլն արդարացնելու համար։ Սա նաեւ հին մեթոդ է. 3,5 տարի շարունակ հենց մեկին ուզում էին վարկաբեկել՝ ՀՀՇ-ին էին կպցնում։ Բայց այդ մեթոդը չի կարող հավերժ գործել։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ