Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն նախկին կոմունիստ, բայց իրեն արյունով եւ ժառանգականությամբ հավերժ կոմունիստ համարող Յուրա Մանու

Օգոստոս 02,2001 00:00

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ ԲՈՐՍԱՆ ՉԻ» Արդեն նախկին կոմունիստ, բայց իրեն արյունով եւ ժառանգականությամբ հավերժ կոմունիստ համարող Յուրա Մանուկյանը դեմ է հնարավոր նոր դաշինքին։ Նրա կարծիքով՝ «խանգարել եմ, խանգարում եմ եւ պետք է խանգարեմ այդ դաշինքին, որը ձեւավորվում է նախկին անպատկառներից մեկի, ՀՀՇ-ական թափթփուկի շուրջը, այդ դաշինքը հայկական չի լինի։ Նրա կողքը կանգնողը հենց ինքն անբարոյական մարդ է»։ Հուշեմ, որ խոսքը Աշոտ Մանուչարյանի մասին է, որը վերջերս նույն Յուրա Մանուկյանին մեղադրել էր իշխանամետության մեջ։ Այս առիթով, պրն Մանուկյանն ասաց. «Նրա մեղադրանքն ինձ համար կոչումներ են։ Թող նա ինչքան ուզում է ինձ մեղադրի որպես քոչարյանական, որ իբր ես Քոչարյանին պաշտպանում եմ»։ Իրեն Կոմկուսից հեռացնելու համար պրն Մանուկյանը վրդովվել է զուտ այն պատճառով, որ իրեն հեռացնողներին ինքը չի համարում իսկական ազնիվ եւ մաքուր կոմունիստներ։ Յուրա Մանուկյանի կարծիքով, մենք պատմությունից դասեր չենք քաղում։ Իսկ դասը հետեւյալն է. «Պատմության շրջադարձային պահերին, եթե կուսակցությունը չունի ընդգծված առաջնորդ, ապա առաջնորդի դերն իրենց վրա են վերցնում առաջնորդիկները (լիդերիկները- ըստ պրն Մանուկյանի- Մ. Ե.), որոնք չեն կարողանում կրել պատասխանատվությունը եւ դիմում են, ըստ իրենց, ծայրահեղ քայլերի, որը հետապնդում է կուսակցության քայքայում»։ «Առավոտի» հարցին՝ այս պարագայում, ո՞վ կամ ո՞ր քաղաքական ուժն է շահագրգիռ քայքայել Կոմկուսը, պրն Մանուկյանը պատասխանեց. «Կուսակցությունը կարող են քայքայել անհատները, կազմակերպությունը, իշխանությունները, բայց այստեղ ես ոչ մեկի մատը չեմ տեսնում, ոչ մեկի գործունեությունը չկա, կա անհատը, որը վրդովված է իրեն բաղձալի պատվանդանին չբարձրացնելու համար։ Մեղավորը համարում եմ կուսակցությանը։ Ես գիտեմ, որ ուղեղը մարդուն տրված է բարին կատարելու համար, բայց ես իմ շրջապատում տեսնում եմ մարդկանց, որոնք ի չարն են օգտագործում իրենց ուղեղները։ Հատկապես լիդերների մեջ կան մարդիկ, որոնք եկել են այս կուսակցությունը քայքայելու»։ Պրն Մանուկյանն առայժմ անուններ չասաց, բայց եւ չթաքցրեց, որ չի պատրաստվում լռել, խոսելու է եւ դեռ շատ բաներ է ասելու։ Յուրա Մանուկյանն իր նախկին կուսակիցների վարքագծին պարզապես չի կարող պատասխան չտալ. «Երբ նկատեցի իմ նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք շրջապատիս կողմից, դիմեցի ինձ քաղկոմի առաջին քարտուղարի եւ Կենտկոմի բյուրոյի պարտականություններից ազատելու խնդրանքով։ Խնդրանքս բավարարվեց, բայց ես չէի կարող ենթադրել, որ այս ահավոր կենցաղային հակակրանքը, որ գոյություն ուներ իմ անձի նկատմամբ, այդպիսի պլանավորված բնույթ է ստացել»։ Շարքային կոմունիստներից խիստ վրդովված են Յուրա Մանուկյանին կուսակցությունից հեռացնելու համար եւ պարտավորվում են դիմումներ գրել եւ դուրս գալ կուսակցությունից։ Այս առիթով պրն Մանուկյանը խնդրեց, որ ոչ ոք դուրս չգա կուսակցությունից, քանի որ «կուսակցությունը որոշ մարդկանց բոստան չի, որ ինչ ուզեն՝ անեն։ Ազնիվները պետք է մնան կուսակցության մեջ, որպեսզի պայքարը շարունակվի»։ Ըստ Յուրա Մանուկյանի, իրեն կուսակցությունից հեռացրել են անօրինական ճանապարհով, քանի որ չի կատարվել ոչ մի կանոնադրական պահանջ, եւ հարցը լուծվել է առանց Յուրա Մանուկյանի ներկայության։ Սակայն, այսպիսի անօրինական վերաբերմունքի արժանացած ընկերը չի պատրաստվում լռել։ Նա արդեն մեկ անգամ հայտարարել էր, որ ինքը հեշտ մարսվող փշոտներից չէ. «Հանդես եմ գալու հանրապետության ամենաճանաչված հեռուստաալիքներով, պետական հեռուստատեսությանն էլ կխնդրեմ, եթե վճարովի է, կվճարեմ, իմ կողմնակիցներին կհրավիրեմ առանձին դահլիճ, կբացատրեմ, կխնդրեմ, որ նրանք մնան կուսակցության մեջ, բոլորի դիմագծերը ներկայացնելուց հետո կպահանջեմ 1/3-ի ստորագրությունների հիման վրա հրավիրել արտահերթ համագումար»։ Յուրա Մանուկյանը վստահ է, որ այս «Կենտկոմը, որն ընտրվեց հարայ-հրոցով, ՀՀՇ-ական վարքագծով, գոռում-գոչյունով, այն Կենտկոմը չի, որ իրավունք ունենա ղեկավարել այսօրվա հզոր կոմունիստական կուսակցությունը»։ Մանուկյան Յուրան չի պատրաստվում նոր կուսակցություն ստեղծել, ինքը բարձր է գնահատում սոցիալական արդարության-հավասարության համար տարվող պայքարի գործը, գիտի, որ «սոցիալիզմը օդից չի ծնվել, դա երազանք-հասարակարգ է եւ պետք է անպայման գոյատեւի. պետք է ալտերնատիվ լինի կապիտալիզմի համար» եւ հենց այս պատճառով Մանուկյան Յուրան իրավունք չունի իր կուսակցության գաղափարախոսությունը փնտրել մեկ ուրիշ տեղ։ Բայցեւայնպես, պրն Մանուկյանը հնարավոր համարեց, որ կդիմի արտասահմանյան որեւէ պետության կոմունիստական կուսակցությանը՝ անդամ վերահաշվառվելու համար։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել