Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՇԱՏ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ՈՒ ԳՐՈՂԸ

Օգոստոս 01,2001 00:00

ՇՆՈՐՀԱՇԱՏ ԹԱՐԳՄԱՆԻՉՆ ՈՒ ԳՐՈՂԸ Հուլիսի 30-ը վաղամեռիկ գրող, լրագրող, թարգմանիչ Հայրապետ Կնյազյանի ծննդյան օրն է։ Ավարտելով Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը, երկար տարիներ աշխատելով Պետհրատում՝ որպես քաղաքական հրատարակչության գլխավոր խմբագիր, նա միաժամանակ կատարում էր թարգմանչական աշխատանքներ, պարբերական մամուլում հանդես գալիս հոդվածներով ու ակնարկներով։ 1976թ. հրատարակվեց նրա կազմած եւ թարգմանած «Հետաքրքիր, իմաստալի աշխարհ» գիրքը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցասեր լայն շրջաններում։ Այնուհետեւ նա գրեց «Ազատագրական պայքարը Դավիթ Բեկի գլխավորությամբ» աշխատությունը՝ նվիրված Սյունիքի հերոսական ապստամբությանը՝ 18-րդ դարում։ 1971թ. հրատարակվեց Գուրգեն Մարտիրոսյանի եւ Հայրապետ Կնյազյանի «Արմավիր» գիրքը։ Համահեղինակները ծնունդով Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղից էին եւ քաջատեղյակ էին Արմավիրի անցյալի եւ իրենց ժամանակների պատմությանը։ Նրանք գրքում համառոտակի պատմում են, թե ինչպես Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արմավիրը, որը Տուշպայից հետո (Վան) Ուրարտական պետության երկրորդ մեծ քաղաքն է եղել, մեր թվարկության առաջին դարերից աստիճանաբար լքվում ու դատապարտվում է ավերման ու կործանման։ Այնուհետեւ դարեր հետո նույն տեղում նորից վեր է խոյանում Արմավիր գյուղը, որը տվել է բազմաթիվ առաջավոր, շնորհալի մարդիկ՝ բոլոր բնագավառներում։ Հ. Կնյազյանը խմբագրել է բազմաթիվ գրքեր՝ Ասմոլով՝ «Ռազմաճակատ վերմախտի թիկունքում», Մոլչանով՝ «Գեներալ դը Գոլ», «Էֆեկտիվության բարձրացման հարցեր» եւ այլն։ Բավականին մեծ է Հ. Կնյազյանի թարգմանած գրքերի ցանկը, հիշատակենք մի քանիսը։ Հագգարդից թարգմանել է «Գեղեցկուհի Մարգարետը», «Սողոմոն թագավորի հանքերը», Կուպերից՝ «Գազանորսը», Մոր Յոկայի «Ոսկի մարդը», «Գյուղատնտեսական ձեռնարկությունների էկոնոմիա», Մարքս-Էնգելս՝ «Արվեստի մասին», Պոլտորակի՝ «Նյուրնբերգյան վերջաբան», Վասիլեւ Լ.՝ «Մարդու հոգեկանի խորհրդավոր երեւույթները», «Սովետական Միության 1941-45թթ. հայրենական մեծ պատերազմը», «Քաղաքացիական պատերազմի զորավարները» եւ բազմաթիվ այլ հասարակական-քաղաքական ու գեղարվեստական գրքեր։ Հետմահու՝ 1981-ին, հրատարակվեց Կնյազյանի թարգմանած Վլ. Վոլոնցովի «Բանականության սիմֆոնիան» եւ Աբուլ-Ֆարաջի «Հետաքրքրաշարժ պատմություններ» գիրքը, որի գլխավոր խմբագիրն էր ինքը։ Պետք է կրկին հիշատակել, որ նա բազմազան եւ խոր գիտելիքների տեր մարդ էր. պատմության, փիլիսոփայության, գրականության գիտակ, վարպետ հոդվածագիր, խմբագիր, հիանալի թարգմանիչ, տերմինաբան։ Նա մեր հայ մշակույթի երախտավորներից էր, որին չի կարելի մոռացության մատնել։ Հաջող թարգմանություն կատարելը վերին աստիճանի տքնաջան ու պատասխանատու աշխատանք է, մի գործ, որ շատ քչերին է հաջողվում բարեխղճորեն ու լավ կատարել։ ԱՇԽԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ «ՋԿԱՎ» գրադարանի վարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել