Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում է Սարգիս Փաթաթյանի եւ մյուսների ն

Օգոստոս 01,2001 00:00

«Կոմիսիոն Կարոյի», նրա քրգործի եւ ոմն Բիրգի «սպանության» մասին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում է Սարգիս Փաթաթյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրգործը։ 2000թ. հունիսի 20-ին ձերբակալեցին Սարգիս Փաթաթյանին (նրա հորը), մեղադրանք առաջադրելով ՀՀ քրօրի 205 հոդվածի 1-ին մասով՝ տեղափոխելով ՆԳՆ Նուբարաշենի թիվ 1 քննչական մեկուսարան։ Մեղադրանքի հիմքում դրվեց Արմեն Մկրտչյան- նախկին փեսայի հայտարարությունը, ըստ որի, իբրեւ սպանվել էր Մուշեղ Մինասյանը (Բիրգը)։ Վերջինս, իրավապահ մարմինների պաշտոնական տեղեկատվության համաձայն, հետախուզվում էր… անգամ «իր անձը սպանվելուց» հետո էլ։ Երեւանի դատախազության ավագ քննիչ Ա. Երեմյանի դիմումը ՆԳ բաժնի պետ, գնդապետ Լ. Յազիչյանին (06.09. 2000թ., 12203799 գր.-մբ.) դրա վառ ապացույցն է. «Ուղարկվում է Մուշեղ Մինասյան-Բիրգի վերաբերյալ քրգործի մասը կարճելու եւ նրա նկատմամբ քրեական հետախուզումը դադարեցնելու մասին որոշումը»։ Սակայն արդյոք սպանվե՞լ էր Բիրգը Փաթաթյանի կողմից։ Իրեղեն ապացույց համարված դիակի զննության արձանագրությունից բերված այս հատվածն ավելի պերճախոս է, քան որեւէ այլ մեկնաբանություն։ 30.10-ից մինչեւ 10.11.2000թ. 2 ոսկրաբեկորներ են ներկայացվում դատաբժշկական փորձագետ Հ. Հարությունյանին, որն էլ իր թիվ 367 եզրակացության մեջ գրում է, որ «տվյալ ոսկրաբեկորը պատկանում է կամ կին անհատի կամ դեռահաս տարիքի տղամարդու»։ Սա 1-ին ոսկրաբեկորն էր։ 2-րդը «չի նմանվում մարդու կմախքին բնորոշ որեւէ ոսկրի կամ նրա հատվածին։ Ոսկրաբեկորի վրա լավ արտահայտված օվալաձեւ հարթ մակերեսը, ըստ երեւույթին, ինչ-որ կենդանու ազդոսկրի մասնիկ կարող էր ծառայել»։ «Առավոտում» հրապարակվեց այդ ժամանակ էլ մեղադրյալ Ս. Փաթաթյանի բողոք-նամակը, որից հետո էլ նրան ազատ արձակեցին՝ ստորագրություն վերցնելով քաղաքից չբացակայելու մասին։ Երեկ հայտարարությամբ հանդես եկած Ս. Փաթաթյանն ասաց. «Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ Երեւան քաղաքի դատախազության ավագ քննիչ Արիս Երեմյանը կաշառք է վերցրել երեք հազար (3000) ԱՄՆ դոլար եւ ինչ-որ անձի դիակ է տեղադրել Սովետաշենի աղբանոցում, որպեսզի արհեստական քրեական գործ ստեղծի, որ իբր այդ դիակը Մուշեղ Մինասյան-Բիրգի դիակն է եւ սպանված է մեր կողմից։ Մուշեղ Մինասյան-Բիրգը սպանված չէ, կենդանի է եւ գտնվում է արտասահմանում։ Դատափորձագիտական էքսպերտիզաների միջոցով էքսպերտները տվել են եզրակացություն, որ Սովետաշենի աղբանոցից հայտնաբերված նշված դիակը ոչ թե Մուշեղ Մինասյան-Բիրգինն է, այլ մի ինչ-որ ուրիշ անձի դիակ (կնոջ)։ Սույն թվի ապրիլի 27-ին Արմեն Մկրտչյանը տեղեկություն է տալիս հայտարարության կարգով, որ Մուշեղ Մինասյան-Բիրգը սպանված է եւ թաղված, տեղը գիտի ինքը ու պետք է դատաքննությանը ներկայանա եւ հայտնի։ Նշված հայտարարության առիթով մինչ օրս ոչ մի միջոց չի ձեռնարկված՝ քրեական հանցագործությունը բացահայտելու կապակցությամբ։ Միայն դատավորը դատաքննության ընթացքում հայտարարում է, որ Արմեն Մկրտչյանին միլիցիան չի կարողանում բերման ենթարկել՝ դատաքննության բերելու համար։ Մուշեղ Մինասյան-Բիրգը՝ ծնված 1954թ., անձնագրի սերիան եւ համարը՝ AB 0384593, անձնագրում եւ անձնագիրը ստանալու դիմումում ստորագրության տեղը ինքն իր ձեռքով ֆաշիստական սվաստիկայի նշանն է արել (տես. հ. 1, գ.թ. 30 եւ 241)։ Նույն Մուշեղ Մինասյան-Բիրգը Հարավսլավիայի քաղաքացի է եւ ունի Հարավսլավիայի քաղաքացու անձնագիր, որը քրեական գործից անհայտացել է։ Մուշեղ Մինասյան-Բիրգը ֆաշիզմի քաղաքական գործիչ լինելու կապակցությամբ ՀՀ ղեկավարությունից խուսափել է։ Հարավսլավիայում նա միացել է մուսուլմաններին եւ դարձել իրենց նայոմնիկը եւ փողով սպանել քրիստոնյաներին ու նռնակներ գցել քրիստոնյաների տների վրա։ Նման ցուցմունքը, որը գրված է ձայներիզի վրա ու հանձնված դատախազությանը, որը ներկայումս քրեական գործից անհետացել է, ավելի ճիշտ՝ կարող եմ ասել քննիչ Երեմյանի կողմից։ Նշված կնոջ դիակը եւ գյուլլան քրեական գործից անջատվել են միայն նրա համար, որ չկարողացան մեր վրա «ջարդել» իրենց կողմից տեղադրված կնոջ դիակը եւ 9 մմ գյուլլան, որովհետեւ իմ տան կամարաձեւ դռան վրա չկա կրակված գնդակի հետքեր, իսկ կնոջ դիակը Մուշեղ Մինասյան-Բիրգը չէր»։ Սույն հայտարարությունն արվել է եւ Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, դռնբաց նիստի ժամանակ, ուր վկա Ա. Սահակյանը (որդին ցուցմունք էր տվել Փաթաթյանի դեմ) պատմել էր քննիչի վերոնշյալ արարքի մասին։ Ս. Փաթաթյանը հայտնեց նաեւ, որ իր տան կամարաձեւ դռան ֆաներայի վրա հրազենի կրակված գնդակի հետք չկա, չի եղել եւ որ իր նախկին «Ջիպ» ավտոմեքենան էլ «բագաժնիկ» չի ունեցել. այն եղել է սպորտային մեքենա, մեկ դռնով եւ որ նրա մեջ հնարավոր չէր անգամ ճամպրուկ տեղավորել։ Ս. Փաթաթյանը, որի տղան՝ Կարոն կալանքի տակ է, պահանջում էր կամ իր փաստարկները հիմք ընդունել, կամ հիմք չընդունելու դեպքում պահանջում էր փորձաքննություն՝ հանցադեպը հերքելու կամ բացահայտելու համար։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել