Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ

Օգոստոս 01,2001 00:00

ԼԱՎՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՍԿԱՑԱ՞Ն Երեկ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանն ամփոփեց մասնավոր բուհերի հավատարմագրման արդյունքները։ Ի տարբերություն մասնավորների, «Կրթության մասին» ՀՀ օրենքով պետական բուհերի հավատարմագրումը պարտադիր է, ընդ որում՝ դրանք պարտավոր էին հավատարմագրվել մինչեւ 2002թ.։ Սակայն, եթե նույնիսկ մյուս ուստարվանից այս գործընթացը սկսվի, պետական բուհերը լավագույն դեպքում կհավատարմագրվեն 2003թ., քանի որ, ըստ օրենքի, երկու տարի անընդմեջ այդ բուհերի շրջանավարտները պետք է պետական վերահսկողությամբ ավարտական քննություններ հանձնեն եւ 60% դրական արդյունք ապահովեն։ Ի պատասխան այս մասին «Առավոտի» հարցի, պարոն Գաբրիելյանն ընդունեց, որ այս առնչությամբ դեռ աղմուկ կլինի։ Մասնավոր բուհերի ավարտական քննություններն էլ առանց աղմուկի չընթացան։ Ռոբերտ Գաբրիելյանը, առանց ավելորդ համեստության, բուհերի հավատարմագրման գործընթացը պատմության հիշարժան դեպք որակեց։ ԼՀ ծառայության պետը նաեւ պնդեց, որ ավարտական քննությունները անցան «բավականին կոշտ, օբյեկտիվ՝ այն իմաստով, որ շատ քիչ դեր խաղաց այն հիվանդությունը, որ կա Հայաստանում. գիտեք, մեկը մյուսին ճանաչում է եւ տարբեր զանգեր, բաներ։ Այդ գործոնը եղել է, բայց շատ բարձր չի եղել»։ Ըստ պարոն Գաբրելյանի՝ միայն վեց բուհ առաջիկա շաբաթվա ընթացքում կհայտարարվի հավատարմագրված։ Արդեն հավատարմագրված են «Հրաչյա Աճառյան» եւ «Գլաձոր» համալսարանները։ Մոտ օրերս հավատարմագրման կներկայացվեն նաեւ «Գալիք» եւ Տնտեսաիրավագիտական համալսարանները, Ֆինանսական ակադեմիան եւ Գյումրիի «Պրոգրես» ու «Իմաստասեր Շիրակացի» համալսարանները՝ միավորված որպես լիակատար տնտեսական ընկերներ։ Հավատարմագրումից դուրս է մնացել Աբովյանի «Հատիս» համալսարանը, իսկ Արմավիրի «Արարատ», «Հայբուսակ», Հյուսիսային համալսարան, «Գրիգոր Զոհրապ», Խորենացու անվան եւ «Արտաշատ» համալսարանները՝ որոշ մասնագիտությունների գծով։ Բժշկական մասնավոր բուհերը («Հայբուսակ», Հայկական բժշկական եւ Ավանդական բժշկության ինստիտուտներ), որոնց հավատարմագրումը եւս օրենքով պարտադիր է, ըստ Ռ. Գաբրիելյանի, կհավատարմագրվեն աշնանը։ «Առավոտը» արդեն գրել էր, որ քննությունների ավարտից հետո ԼՀԾ-ն որոշել էր, որ բժշկական բուհերը աշնանը թեստ պիտի հանձնեն բուժական գործ մասնագիտությունից, ինչը ԿԳ նախարարի հրամանով հաստատված կարգով նախատեսված չէր։ Նաեւ պետք է վերահանձնեն ստոմատոլոգիա մասնագիտությունից հանձնված թեստը, քանի որ 60% արդյունք չէին ապահովել։ Մեր հարցին՝ ինչո՞ւ պետք է ուսանողները տուժեն, եթե ԼՀԾ-ն քննությունները հստակ չի կազմակերպել եւ թեստ հանձնելու անհրաժեշտության մասին քննությունների ցանկը հաստատելիս չի հիշել, Ռ. Գաբրիելյանն ասաց, որ երբ քննարկվում էր քննական առարկայացանկը, մասնավոր բուհերը գիտեին, որ երկու մասնագիտության գծով էլ պետք է թեստ հանձնեին։ Ըստ ԼՀԾ-ի պետի՝ մասնավոր բուհերի խնդրանքով են ստոմատոլոգիայից թեստի հանձնումը հետաձգել քննություններից հետո, քանի որ ուսանողները պատրաստ չէին։ «Ես ընդառաջ գնացի բուհերին, բայց հիմա ցավում եմ, որ ընդառաջ գնացի, քանի որ իրենք լավությունը չհասկացան»։ Թեեւ ըստ բուհերի՝ քննական առարկայացանկում այդ թեստերը (մանավանդ՝ բուժական գործից) հետո են մտցրել, Ռ. Գաբրիելյանը պնդեց, որ միայն ուսանողների շահերը հաշվի առնելով են այդ թեստերի հանձնումը հետաձգել, որ նրանք պատրաստվեն։ Ի դեպ, բուհերի պնդմամբ՝ ուսանողների մի մասը կարող է աշնանը չմասնակցել այդ քննությանը (մի մասը մեկնում է Ռուսաստանի բուհերի կլինօրդինատուրայում սովորելու, մի մասը կարող է այլ պատճառներով Հայաստանում չլինել եւ այլն) եւ բուհը չի կարող անհրաժեշտ առաջադիմություն ապահովել։ «Մենք նրանց շանս ենք տալիս, կարող են նաեւ չգալ։ Եթե չեն գալիս, համարվում է, որ շեմը չեն հաղթահարել, կգան մյուս տարի կհաղթահարեն, կանցնեն»,- այս առնչությամբ ասաց Ռ. Գաբրիելյանը։ Վերջինս նաեւ հավաստիացրեց, որ ստոմատոլոգիայի թեստի վերահանձնմանը կարող են գալ միայն անբավարար ստացածները, ոչ թե ամբողջ խումբը, իսկ բուժական գործից բոլորը պետք է թեստ հանձնեն։ Հայտնի է, որ այս տարի Երեւանի պետական բժշկական համալսարանը դժվարություններ կունենա վճարովի համակարգի տեղերի համալրման հարցում, հատկապես այն տեղերի, որ չեն օգտվում զինծառայությունից տարկետման իրավունքից։ Իսկ հավատարմագրված ոչ պետական բուհերը, ուր ուսման վարձը մոտ երեք անգամ ցածր է, լուրջ մրցակից կարող էին լինել։ Այնպես որ, ավելի հավանական է այն պնդումը, որ հենց այս հանգամանքը հաշվի առնելով է մասնավորների հավատարմագրումը մինչեւ աշուն հետաձգվում։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել