Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արարատցեմենտի»՝

Օգոստոս 01,2001 00:00

«ՎԱՏ ՏԵՐ Է ՎԱՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» «Արարատցեմենտի»՝ ՓԲԸ-ից ԲԲԸ-ի վերակազմավորման վերաբերյալ կառավարության որոշումն անզեն աչքով էլ երեւում է, որ քաղաքական է, բայց մեկնաբանություններ խնդրեցինք գործարանի տնօրեն Արամ Սարգսյանից։ «Կառավարության այդ որոշումը մեկնաբանում եմ որպես ուղղակիորեն ընդդեմ կոլեկտիվի։ Կազմվել է այնպես, որ «Արարատցեմենտի» կոլեկտիվը չկարողանա գնել,- ասաց պրն Սարգսյանը եւ ավելացրեց,- հիմնական մեխն այն է, որ գումարները պետք է մուծվեն 1 ամսում»։ Այսինքն, տարժամկետ վճարումներ թույլ չի տրվում, «իսկ կոլեկտիվը, գիտեք, պիտի աշխատի, իր շահույթից ներդնի գործարանը գնելու համար»։ Պահանջվում է միանգամից մուծել 25 տարվա համար նախատեսված հանքօգտագործման հարկը՝ 3 մլն դոլարին համարժեք՝ մարզպետարանին եւ 1 մլն դոլարին համարժեք՝ գրասենյակային տարածքների հողի հարկը քաղաքապետարանին։ Տնօրենը սա որակում է որպես կանխավճար, ինչն ընդհանրապես անհեթեթ, անհասկանալի գաղափար է եւ աշխարհի որեւէ երկրում չի օգտագործվում։ Նկատենք, որ ԱԺ որոշմամբ, մի շարք գործարաններ, որոնց գործունեությունը կապված է հանքարդյունաբերության հետ, կմասնավորեցվեն հանքերի օգտագործման վերաբերյալ օրենքի ընդունումից հետո։ Ուստի, «Արարատցեմենտի» շրջանցումն անտրամաբանական է թվում, որովհետեւ դրա արտադրությունը նույնպես կապված է բնական ռեսուրսների հետ։ Տվյալ դեպքում որոշում է ընդունվել մրցույթն անցկացնել եռամսյա ժամկետում, որի ընթացքում բնական ռեսուրսների օգտագործման մասին օրենքն ընդունված չի լինի։ Ըստ Արամ Սարգսյանի, «աբսուրդ է, եւ սա էլ է շեշտում, որ քայլն ուղղված է իմ դեմ, որովհետեւ Քաջարանի գործարանի չափ մենք էլ ենք բնական պաշար օգտագործում եւ արտադրության հիմնական փուլը բացարձակապես նույնն է։ Եթե հանքերի օգտագործման մասին օրենքն ընդունված չէ, ինչպե՞ս են 25 տարով վարձակալության տալիս։ Օրենքի ընդունումից հետո արդյոք վարձը չի՞ թանկանա։ Իսկ եթե թանկացավ, գնորդը կվճարի՞ ավել։ Իհարկե ոչ։ Ուղղակի կպատճառաբանի, որ 25 տարվա պայմանագիր ունի եւ վերջ»։ Արամ Սարգսյանի տրամաբանությամբ, եթե Քաջարանի, Կապանի, Ագարակի գործարանները չեն մասնավորեցվում, ապա «Արարատցեմենտն» ու «Հրազդանցեմենտն» էլ չպիտի մասնավորեցվեին։ Բայց «Հրազդանցեմենտն» արդեն սեփականաշնորհվել է, այն էլ գնորդի համար ակնհայտ շահավետ պայմաններով։ Պրն Սարգսյանի խոսքերով, «Հրազդանցեմենտն» արդեն վաճառվել է «Միկա Արմենիային» 750 հազար դոլարով՝ պարտքերն ու պարտավորությունները ներառյալ։ «Գների հակասությունն ուղղակի ծիծաղելի է դարձնում որոշումը, որ ընդունել է մեր կառավարությունը»,- ասաց Արամ Սարգսյանը, ավելացնելով, որ «Հրազդանցեմենտի» հզորությունը տարեկան 800 հազար տոննա է, «Արարատցեմենտինը»՝ 1 մլն 200 հազար, իհարկե, «Հրազդանցեմենտը» բաց մեթոդով է աշխատում եւ այդ առումով համեմատելու չի, բայց գնային նման տարբերություն չէր կարող լինել։ Հիշենք, որ «Արարատցեմենտի» համար որպես նախնական գին է սահմանվել 8 մլն դոլարը, իսկ «Հրազդանցեմենտն» արդեն վաճառվել է 750 հազարով, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ վաճառք։ Այս ամենը Ա. Սարգսյանին հիմք է տալիս ասելու, որ «այն ժամանակ, երբ միայն ես էի հայտ ներկայացրել, նույն կերպ պիտի միանգամից ինձ վաճառեին, բայց ես մասնակցել եմ 2 մրցույթի, երկուսում էլ լավ առաջարկներ եմ ներկայացրել»։ Նա համոզված է, որ շվեյցարական կամ լիբանանյան ընկերությունը նման առաջարկներ ներկայացներ, միանշանակորեն կորոշեին ուղիղ վաճառք կազմակերպել։ Պրն Սարգսյանը նկատեց, որ Քաջարանի՝ ԽՍՀՄ տարածքում եզակի գործարանը պարտքերի դիմաց ուղիղ վաճառվեց, իսկ «Արարատցեմենտի» համար միջազգային մրցույթ է կազմակերպվում։ «Բացարձակ տրամաբանություն չկա»։ Արամ Սարգսյանը գտնում է, որ նման արտադրությունները ներկա փուլում սեփականաշնորհման ենթակա չեն, որովհետեւ շահութաբեր են եւ պետությունն ինքը կարող է տնօրինալ. «Ես դեմ եմ այն մտքին, թե պետությունը վատ տեր է։ Վատ տեր է վատ պետությունը։ Ես բազմաթիվ պետություններ գիտեմ, որոնք ունեն պետական մեծ սեփականություն եւ բավականին լավ տերեր են»։ Մի խոսքով, «Արարատցեմենտի» տնօրենը կարծում է, որ կառավարության այդ քայլն ուղղված է իր դեմ։ «Առավոտի» «Ի՞նչ եք մտադիր անել» հարցին Արամ Սարգսյանը պատասխանեց. «Պիտի հիասթափեցնեմ իմ ախոյաններին։ Մասնակցելու եմ մրցույթին։ Մյուսներին խորհուրդ չեմ տա մասնակցել։ Կարող եմ ելքեր գտնել եւ ցանկացած գնորդի համար համապատասխան մրցակից լինել։ Եվ ասեմ, մասնակիցներն անհամեմատ ավելի խելոք են, բոլորն էլ փորձում են ինձ հետ ընդհանուր ելքեր գտնել՝ հետո գնել։ Ես էլ, բնականաբար, բոլորի հետ հանդիպում եմ եւ խորհուրդ չեմ տալիս մասնակցել մրցույթին»։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել