Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ընդդիմությունը «ջրում» է դրանք

Օգոստոս 01,2001 00:00

Իշխանությունը սադրանքների է դիմում Իսկ ընդդիմությունը «ջրում» է դրանք ԱՀՃ անդամ, «Սպայի պատիվ» կազմակերպության փոխնախագահ, իսկ նախկինում ՆԳՆ նախարար Լեւոն Գալստյանը երեկ հայտարարեց, թե հուլիսի 27-ին, Գյումրիում՝ ուր նա ապրում է, ալկոհոլ օգտագործած մի խումբ կանայք՝ ձեռքներին շշեր, հայհոյելով հարձակվել են նրա վրա եւ փորձել են ծեծկռտուքի մեջ ներքաշել: Լ. Գալստյանը գիտակցաբար խուսափել է դրանից: Բարեբախտաբար, փողոցում հավաքված ամբոխը միջամտել եւ թույլ չի տվել, որ կանանց ու Լ.Գալստյանի բանավեճը հայհոյախառն ձեռնամարտի վերածվի: Իհարկե, պարոն Գալստյանը վստահեցնում է, թե հիշյալ կանանց իր տան մոտ ուղարկած մարդիկ հենց դրան էլ ձգտել են: Ըստ նրա, տեղի ունեցած միջադեպը Գյումրիի ոստիկանության կողմից փնթի կազմակերպված սադրանք է եղել: Իր այդ պնդումը պարոն Գալստյանը փաստարկեց նրանով, որ այդ պահին փողոցում շրջել է Գյումրիի ոստիկանության աշխատակիցների 5-6 անձնակազմ, նկարահանող խումբ, որը պատրաստ էր լինելու միջադեպը նկարահանել, եթե Գալստյանը տեղի տար ու քաշքշուկ սկսվեր: Ոստիկանները որեւէ կերպ չեն փորձել միջամտել կանանց ու Լ.Գալստյանի բանավեճին: Սա այն դեպքում, երբ միջադեպի ականատեսները մի քանի անգամ ահազանգել են ոստիկանություն: Ընդ որում, Գալստյանը հարձակման թիրախ է դարձել այն բանի համար, որ Երեւանում կայացած հանրահավաքի ժամանակ իբր անվանարկել է հայ կանանց: Որեւէ ապացույց՝ իմացածը հաստատելու համար, նույն այդ կանայք չեն բերել: Փոխարենը սկսել են դժգոհել, թե ինչու Գալստյանը գործարաններ չի կառուցում ու աշխատատեղեր չի բացում: Ի պատասխան այդ պահանջների, Լ. Գալստյանը ասել է, թե իրեն, թերեւս, շփոթել են ՀՀ նախագահի հետ: Միջադեպից կարճ ժամանակ անց գնդապետ Գալստյանին հաջողվել է ճշտել, որ նախորդ օրը Գյումրիի ոստիկանության աշխատակիցները եղել են տեքստիլ կոմբինատի հանրակացարանում եւ այնտեղ ապրող մի քանի կանանց բաժին են տարել ու առաջադրանք տվել՝ գնալ, բողոքել Լ.Գալստյանի դեմ, քարկոծել եւ այլն: Ոստիկանության աշխատակիցները եղել են նաեւ Գյումրիի կարի ֆաբրիկայում ու հայտարարել, թե Գալստյանը հանրահավաք է հրավիրել՝ գնացեք, մասնակցեք: Վերջինս հավաստիացրեց, որ ինքն անձամբ խոսել է այդ կանանցից մի քանիսի հետ: «Հրամանը տրված է եղել ՆԳՆ վարչության կողմից: Արդյո՞ք նախարարը դա խրախուսել է, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել: Փաստ է միայն, որ ընդդիմության ամրապնդմանը զուգահեռ իշխանությունների գործողությունները որքան գնում՝ քրեականանում են: Մենք չենք հանդուրժելու նոր արմեն տերսահակյանների ու վահան հարությունյանների բանդաների գոյությունը: Թող ՆԳ նախարարն ու ոստիկանապետերը հիշեն, որտեղ են հիմա Արմեն Տեր- Սահակյանն ու Վահան Հարությունյանը: Ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, որ Շիրակի մարզում նման բանդաներ չլինեն: 40 տարի իրավապահ համակարգում ծառայել եմ եւ գիտեմ դրանց դեմ պայքարի ձեւերն ու մեթոդները, ժողովրդին ոտքի կհանեմ: Այսօր Գյումրին կանգնած է քաղաքացիական անհնազանդության շեմին: Ու եթե նախկինում պրոլետարներն իրենց շղթաներն էին կորցնելու, ապա այսօր գյումրեցին կորցնելու ոչինչ չունի»: Ի դեպ, պարոն Գալստյանն ասաց, թե ինքը ոստիկանություն չի դիմել, չի էլ դիմելու եւ իր վրա հարձակված կանանց դեմ ոչինչ չունի: Զարմանալին այն է, որ միջադեպի կապակցությամբ դատախազությունն էլ քրգործ չի հարուցել: Առավել եւս, զարմանալի է, երբ համանման պարագայում քրգործ էր հարուցվել ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանին քաշքշելու կապակցությամբ ու դատախազություն էին քաշ տվել թոշակառու կանանց: Մինչդեռ այս դեպքում ոստիկանությունն ու դատախազությունը համառորեն լռում են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել