Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե

Օգոստոս 01,2001 00:00

ԻՐ ԻՍԿ ՍՏԵՂԾԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՈՆՍՏՐԻ ԶՈՀԸ Վահե Վարսանյանն ԱԺՄ-ում այժմ ստեղծված իրավիճակի մեղավոր էր համարել հենց Վազգեն Մանուկյանին, քանզի նա ամեն ինչ արեց, որպեսզի նորմալ մարդիկ չղեկավարեն կուսակցությունը։ Երեկ, Մամուլի ազգային ակումբում ԱԺՄ նախագահն անդրադարձավ նաեւ այդ խնդրին։ «Գործընթացներն այլ ուղով կարող էին գնալ, եթե Վազգեն Մանուկյանը թույլ տար, որ ԱԺՄ վերջին համագումարը նորմալ անցներ,- ասել էր Վահե Վարսանյանը։- Եթե նա համագումարում Մատրոսովի պես վարչության այս պահին ակտիվ մասին չպաշտպաներ՝ մեր տեսակետը կհաղթեր, բայց նա իր հեղինակությունը, փաստորեն, օգտագործեց, որ ԱԺՄ-ում մնան քաղաքական հայացքներից զուրկ, հացկատակ մարդիկ»։ Վազգեն Մանուկյանն ինքն էլ ԱԺՄ համագումարի վերջին օրը՝ փետրվարի 4-ին, իր ելույթում խոստովանել էր, որ ինքը զսպեց, պահեց, որ դեկտեմբերին ԱԺՄ ընդդիմադիր թեւը «ղռռալով» ամբողջ վարչությունը չվերցնի իր ձեռքը. «Ես անընդհատ պահել եմ, որպեսզի մի թեւը մյուսին չջարդի»։ Սակայն այդ միայն Վազգեն Մանուկյանի բնակարանում է, որ շունն ու կատուն իրար հետ համերաշխ ապրում են՝ կուսակցությունում այդ անբնական երեւույթը կրկնել չհաջողվեց։ Եվ առաջնորդվելով լավագույն ցանկություններով՝ փրկել ԱԺՄ-ն տրոհումից, կուսակցության ղեկավարն իրականում առավել խորացրեց առճակատումը։ Երեկ Վազգեն Մանուկյանը ստիպված էր խոստովանել. «Համագումարի ժամանակ ես փորձում էի գտնել մի ընդհանուր ինտեգրալ, մի վիճակ, որ բոլորն իրար հետ միասին կարողանան աշխատել։ Երեւի արդեն անհնարին էր այդ բանն անել։ Ես երեւի ճիշտ չգնահատեցի իրավիճակը։ Ամբողջ համագումարով հենց առաջին օրը հարձակվեցին այս խմբի վրա, որը հիմա ասպարեզում է։ Ես ինչ-որ չափով իրենց պաշտպանեցի, թույլ չտվեցի, որ իրենց ջարդեն։ Նրանք օգտվեցին դրանից, մի քիչ էլ մշակեցին պատգամավորներին, վերջում արդեն իրենք կարողացան վարչությունը վերցնել իրենց ձեռքը։ (…) Փորձեցի հետներն աշխատել՝ տեսա, որ իսկապես հնարավոր չէ»։ Վազգեն Մանուկյանին մեղադրում են ոչ միայն նրանք, ովքեր (իրենց պնդմամբ) անդառնալիորեն լքել են ԱԺՄ շարքերը։ Մեղադրում են նաեւ նրանք, ովքեր դեռեւս ԱԺՄ-ում են։ Զորօրինակ, Ֆիլարետ Բերիկյանը մի պատկերավոր համեմատություն արեց, որի էությունը հետեւյալն է՝ եթե ԱԺՄ-ի նավը 3 տարի է, ինչ տարուբերվում է, խութերին զարկվում՝ առաջին պատասխանատուն նավավարն է։ «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս համեմատությանը, պրն Մանուկյանն ասաց. «Իհարկե, ինչ օբյեկտիվ պատճառներ էլ լինեն հանրապետությունում եւ կուսակցության ներսում՝ ես, որպես ԱԺՄ նախագահ, որոշակի պատասխանատվություն եմ կրում, երբ վիճակը լավ չէ։ Բայց մեր կանոնադրությունով նույնչափ պատասխանատվություն կրում է նաեւ վարչությունը՝ այդ նույն վիճակի համար։ Եվ ես չեմ տեսնում, որ այնտեղ ձեւավորված է մի խումբ, որը կարող է իրավիճակին տիրապետել եւ կուսակցությունը տանել առաջ, հանրապետությանը մի օգուտ բերել։ Ձեւավորված է մի խումբ, որն իր անձնական շահերն է կարողանում շատ լավ առաջ տանել՝ ցինիզմով եւ այն մեթոդներով, որոնցով հանրապետությունում պայքար էր ընթանում նախորդ տարիների ընթացքում»։ Տարիներ առաջ, երբ պրն Մանուկյանը հեռանում էր ՀՀՇ-ից՝ Ռուբեն Հախվերդյանը նրա մասին հրապարակավ ասաց, թե նա նման է այն մարդուն, որին կուլ տվեց իր իսկ ստեղծած մոնստրը։ Թերեւս այժմ արդեն կարելի է գնահատել, որ Վազգեն Մանուկյանը մասնագիտացել է հրեշներ ստեղծելու մեջ, թեեւ այս անգամ փորձում է դիմադրել եւ կուլ չգնալ։ Իսկ որ այն, ինչ ստեղծել է նա, կամ, ավելի ստույգ՝ ինչ մնացել է դրանից՝ հերթական քաղաքական մոնստր է, ապացուցում են ԱԺՄ առաջնորդի իսկ բնութագրումները. «Այն մարդիկ, ովքեր սկզբում պրագմատիկ մոտեցումներ ունեին՝ կամաց-կամաց գնացին ցինիզմի։ Այսինքն, բոլոր ելույթներից եւ խոսակցություններից զգացվում էր, որ բացարձակապես չի հետաքրքրում ժողովրդի կարծիքը, բացարձակապե՛ս չի հետաքրքրում հասարակության կարծիքը։ Վերջերս ես զգում եմ, որ հետաքրքրում է միայն իշխանությունների կարծիքը։ Կամաց-կամաց նվազեց ձգտումը մեծ նպատակներ ունենալու՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ պետական։ (…) Նրանց միջոցով Հայաստանում որեւէ լավ բանի հասնել հնարավոր չէ։ (…) Այդ թայֆան հեղաշրջում է կատարում, իշխանությունը վերցնելով ոչ թե ինձանից՝ որպես նախագահ, այլ նաեւ կուսակցական շարքերից, իրենց նման մարդկանց միայն թողնելով։ Պատահական չէ, որ երբ համագումարից հետո գնում էի կառույցների հետ հանդիպման՝ խոսակցությունն այսպես էր. «Մենք հաղթել ենք համագումարում։ Մենք այս հարցերի մասին այսպես ենք կարծում։ Ով որ մեզ հետ համաձայն չէ՝ թող դուրս գա»։ Այսինքն, գնում է ուզուրպացիա։ Բայց հանուն ինչի՞։ Նայեք այդ մարդկանց՝ Սեյրան Ավագյան, Ֆիլարետ եւ այլն. բոլոր ընտրություններին իրենց մասնակցության ժամանակ գումարով ավելի քիչ ձայն են հավաքել, քան մարդիկ, որոնք չեն էլ դարձել պատգամավոր։ Նույնիսկ Ալբերտ Բաղդասարյանը, որ մեր կուսակցությունից չէր, բայց 1999-ին մասնակցում էր մեր կուսակցության երաշխավորությամբ՝ ավելի շատ ձայն է հավաքել, քան նրանք բոլորն իրար հետ միասին։ Նրանց պահվածքը հիմա այնպիսին է, որ ժողովրդի կողմից երբեւիցե, որեւիցե քվե ստանալ չեն կարող՝ հասարակության որեւէ շերտի շահեր չեն արտահայտում, ոչ մեկը նրանց ետեւից չի գնում։ Նրանց մնում է իշխանության վրա հենվելով ինչ-որ մի բանի հասնել։ Դրա համար իրենց շատ հարմար կլինի, եթե ԱԺՄ անունով կուսակցությունն էլ գտնվի իրենց ձեռքում։ Այդ խնդիրն են հիմա նրանք լուծում»։ Ինչպե՞ս է հանգուցալուծվելու ԱԺՄ-ի այս հերթական եւ գուցե վերջին ճգնաժամը։ Մինչեւ օգոստոսի 25-ը, ըստ ԱԺՄ խորհրդի 24 անդամների ստորագրած փաստաթղթի, դադարեցված են վարչության աշխատանքները եւ քննարկվում է նրանց ԱԺՄ-ից հեռացնելու խնդիրը։ Իսկ ի՞նչ է լինելու օգոստոսի 25-ին՝ «Առավոտի» այս հարցին ի պատասխան պրն Մանուկյանն ասաց. «Չգիտեմ, թե ինչ է լինելու, բայց դժվար թե ցլամարտ լինի»։ ԱԺՄ նախագահը նաեւ գիտակցում էր. անցած 2 տարիների ընթացքում «այս նվաստացնող ներքին վեճերը, կռիվները, շատ անգամ ոչ պարկեշտ պահվածքները» բերեցին նրան, որ ԱԺՄ-ն կորցրեց քաղաքական դաշտում իր տեղը։ Սակայն Վազգեն Մանուկյանը հուսով էր, որ ԱԺՄ-ն կհաջողի վերականգնել իր «ինքնուրույն դեմքը»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել