Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ԷԼԵԿՏՐԻԿԸ ՄԱՀԱՆԱԼ ՀՈՍԱՆՔԱՀԱՐՈՒՄԻՑ

Օգոստոս 01,2001 00:00

«Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկ՝ հերթական նիստի ժամանակ, լսեց հրավիրված մասնագետներին։ Դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ալավերդյանը եւ պրոֆեսոր Նելլի Խոստիկյանը հանձնաժողովի խնդրանքով «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալ, մեկուսարանում մահացած Նորայր Եղիազարյանի մահվան հանգամանքների պարզաբանման նպատակով կատարել էին լրացուցիչ փորձաքննություն։ Մասնագետները շեշտեցին, որ իրենք ուսումնասիրել են հանձնաժողովի անդամների ներկայությամբ իրենց ներկայացված հյուսվածքների փորձանմուշները։ Այսպիսի պնդման առիթ էր այն, որ հանձնաժողովի անդամներն ուզում էին պարզել՝ մասնագետները վստա՞հ են, որ զննել են հենց այն փորձանմուշները, որոնք պատկանում են Նորայր Եղիազարյանին։

Նապոլեոն Ազիզյանին հետաքրքրում էր՝ մահացածի բոլոր օրգանների հյուսվածքները ներկայացվա՞ծ են։ Մասնագետի պնդմամբ. «Մեզ տվել են 906 համարի տակ փաթաթված փորձանմուշները։ Մենք չենք կարող պնդել, որ այդ փորձանմուշները տվյալ մարդունն են, բայց մենք ի՞նչ հիմք ունենք չհավատալու, մենք պետք է դրա մեջ կրիմինալ փնտրենք չհավատալու համար»։

Պրոֆեսոր Ալավերդյանը հանձնաժողովի նիստի ընթացքում ժամանակ առ ժամանակ զարմանում էր, թե ինչպե՞ս կարող է էլեկտրիկը մահանալ հոսանքահարումից։ Իր զարմանքը պրոֆեսորն արտահայտել է հենց առաջին օրը, երբ հարկ է եղել ուսումնասիրել հյուսվածքների նմուշները. «50 տարի դիահերձումներ եմ արել, բայց սա բացառիկ դեպք է, դա արդեն ինձ համար զարմանալի է»։

Պրոֆեսորը զարմացել էր մեկ այլ առիթով եւս՝ նմուշները պետք է ուսումնասիրության ներկայացներ քննիչը, «բայց այստեղ ամեն ինչ տնավարի էր արված։ Եթե այդ մարդն այդքան կարեւոր էր, ինչո՞ւ համապատասխան վերաբերմունք չի եղել»։

Ստեփան Զաքարյանին հետաքրքրում էր՝ սրտի չափսերը համապատասխանո՞ւմ են հանգուցյալին։ Պրոֆեսոր Ալավերդյանի ասելով՝ չափանիշ չկա, սակայն, իրենք մտածել են՝ եթե սրտի չափերը չեն համապատասխանում մարմնի չափսերին, ապա դա կարող էր կապված լինել նաեւ որեւէ հիվանդության հետ։ Սակայն հայտնի է, որ հանգուցյալը երբեւէ սրտի կամ թոքերի հիվանդության պատճառով չի դիմել բժշկի։

Կիմ Բալայանը հետաքրքրվեց. հնարավո՞ր է, որ փորձագետների ուսումնասիրած նմուշները պատկանեին տարբեր մարդկանց։ «Ես իրավասու չեմ իմանալ՝ դա նրանն է, թե ոչ, որովհետեւ նմուշները ֆիքսված են, ներկված են եւ ԴՆՏ-ի առումով այդ նուրբ գենետիկ հետազոտությունները կատարված չեն։ Այդ հարցը ոչ կարող ենք հերքել, ոչ կարող ենք հաստատել»։

Իսկ ուսումնասիրած բոլո՞ր նմուշներում են առկա ինֆարկտի եւ էլեկտրահարման նշանները (քանի որ Նորայր Եղիազարյանը մեկուսարանում մահացել է էլեկտրահարումից եւ ինֆարկտից)։ Մասնագետների ասելով՝ քանի որ իրենք գիտեին, որ հանգուցյալն այդ պատճառներով է մահացել, «այդ երկուսի վրա հատուկ ուշադրություն դարձրինք։ Մենք թոքը հետո տեսանք, ու երբ տեսանք՝ զարմացանք, թե ինչ վիճակում է»։ Սրտի չափերի հարցը եւս մանրամասն քննարկվեց։ Մասնագետների ասելով, եթե իրենք հերձմանը լինեին եւ տեսնեին օրգանները, առանց խոշորացույցի կարող էին պնդել՝ թե ի՞նչ սրտի հետ գործ ունեն։

Նապոլեոն Ազիզյանը հետաքրքրվեց՝ էլեկտրահարման հետքերը կայի՞ն, եւ դրանք ուսումնասիրվե՞լ են. «Հոսանքը որ խփում է՝ ներքեւ է անցնում, հողն է գնում, սրտի միջով, իսկ այս դեպքում, չգիտես՝ ինչու, վերեւ է գնացել։ Եվ, կրկին հարց. ինչպե՞ս եւ ինչո՞ւ է հոսանքն այդտեղից դուրս եկել եւ ոչ թե ներքեւ է իջել։ Բայց այն, որ հոսանքահարման նշանը կա, դա անկասկած է»։

Դատաբժշկական փորձաքննությանը ծանոթանալուց հետո մասնագետ-փորձագետները սպասո՞ւմ էին, որ իրենց կներկայացվեն հենց այնպիսի նմուշներ, ինչպիսիք ներկայացվեցին։ Ոչ, նրանք նման նմուշների չէին սպասում. «Մենք չէինք սպասում, մենք սպասում էինք ոչ այդքան ծանր փոփոխություններ, որոշ սակավարյունության օջախներ, կարծում էինք սուր ինֆարկտ, հանկարծամահության հետ կապված, մանավանդ, որ բողոքներ չկային, բայց տեսանք շատ ավելի բան, քան սպասում էինք, նման սրտի պատկեր մենք չէինք սպասում»։ Պրոֆեսոր Ալավերդյանի ասելով՝ եթե սրտում այդքան փոփոխություններ կային, ինչո՞ւ մահվան թղթում դրանք չեն նշվել։ Ի դեպ, սա խիստ սկզբունքային վրիպում է։

Փորձագետները, փաստորեն, չբացառեցին ոչ մի վարկած։ Հնարավոր համարվեց ե՛ւ էլեկտրահարումից մահանալը, ե՛ւ ինֆարկտից, նաեւ՝ հնարավոր համարվեց, որ հանգուցյալի օրգանները փոխված կարող են լինել։

Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը որեւէ մեկնաբանություն չարեց, ասելով, թե ինքն էլ մեզ նման լսում էր մասնագետներին եւ վերջնական կարծիք հայտնելը դեռեւս վաղ է համարում։ Հանձնաժողովը խնդրեց, որ մասնագետներն իրենց դիտարկումները ներկայացնեն գրավոր։ Հավանաբար, մոտ երկու շաբաթ նիստ չի հրավիրվի։ Իսկ արձակուրդից հետո ամեն ինչ կսկսվի նորից։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031