Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորական մահկանացուի» հարցաքննությունը շարունակվում է

Հուլիս 31,2001 00:00

«Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննության ժամանակ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը իրեն համարեց ոչ սովորական մարդ, հայտարարելով. «Ես սովորական մահկանացու չեմ»։

Սույն հայտարարության առիթ դարձավ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի մի հարցի պատասխանը, որով խոսք էր գնացել հոկտեմբերի 27-ին ամբաստանյալի հոգեվիճակի եւ զենքի արհեստավարժ տիրապետման մասին։ «Զարմանալու ոչինչ չկա,- ասաց ամբաստանյալը,- նույն հմտությամբ կարող եմ 1-2 օրում սովորել սվաղ անել, պատ շարել։

Որեւէ տեղ հատուկ փորձառություն չեմ անցել եւ չէի կարող այդ ամենն անել լուսնի վրա»։

Երբ մեղադրողն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ինքնաձիգը չէր տատանվում, ամբաստանյալը հայտարարեց. «Ուրեմն սովորական մարդ չեմ»։

Երեկվա հարցաքննությունն ուղեկցվեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում նկարահանված տեսաժապավենի ցուցադրմամբ։ Ամբաստանյալը, որին «երեք վանդակ» առաջ էին քաշել, դիտելով անգամ տեսաժապավենը՝ ժխտում էր այն, ինչ տեսնում էին դատաքննության բոլոր մասնակիցները։

Նա հայտարարեց, որ փոխհրաձգությունների մասին ինքը տեղյակ է եղել, երբ դահլիճի վերջում տեսել է պարկուճները։ Ինչ վերաբերում է դրանց ադեկվատ պատասխանելուն, ապա դրանք եղել են ինքնաբերաբար, ենթագիտակցված գործողություններ։ Երբ մեղադրողը հարցրեց, թե տեսաերիզը տեսնելուց հետո կարո՞ղ եք ասել, թե որ պահին է տեղի ունեցել փոխհրաձգություն, ամբաստանյալն ասաց, որ չի հիշում, շարունակելով, որ 20 տարվա կատարվածն ավելի լավ է հիշում, քան այդ օրվա 15 րոպեում կատարվածը։

Իմիջիայլոց, իրենց փորձառության կապակցությամբ նա հայտնեց, թե եղել են անփորձ եւ, սառը հայացքով նայելու դեպքում, «հիմար գործողություններ էին եւ վտանգավոր, եւ որ դահլիճից կարող էր ինչ-որ մեկը մեզ վրա կրակել»։

Ամբաստանյալ Դերենիկ Բեջանովի, փորձառություն ունենալու մի օրինակ բերեց ամբաստանյալը, երբ Բեջանովը մտնելով ԱԺ, շիշ էր դրել պատուհանին, որի նպատակն էր, ըստ ամբաստանյալի, շիշն ընկնելու ձայնը լսելը։ Տեսաերիզի ցուցադրման ժամանակ տեսանք, ինչպես էր պառկած վիճակից փորձում կանգնել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը։

Երեւում է ամբաստանյալ Կարեն Հունանյանը, որը կրակում է նրա ուղղությամբ։ Նույնիսկ այս պահին ամբաստանյալը սառնասիրտ էր եւ իրեն չվերագրեց հարցին պատասխանելը։ Հետաքրքիր կլիներ հատկապես, եթե ամբաստանյալը կարողանար բացատրել Կարեն Հունանյանի կարմիր նախասրահ դուրս գալու հանգամանքը։ Մի դեպքում՝ ամբաստանյալն ասում էր, թե իրենց վրա կրակոցներ են եղել, մի դեպքում էլ՝ մենք տեսնում էինք, թե նա ինչպես է հանգիստ դուրս գալիս ԱԺ Նիստերի դահլիճից։ Այսինքն, անգամ նիստերի դահլիճում իրենց իսկ համար չի եղել ոչ մի վտանգ, այլապես նա եղբորն ու խմբի անդամներին չէր լքի եւ դուրս չէր գա նախասրահ։

«Կրակոցների ձայնի վրա դուրս եկավ»,- պատճառաբանեց Ն. Հունանյանը եւ, սակայն, չհայտնեց ինչ կրակոցներ էին դրանք։ Մանավանդ որ, Կարենի դուրս գալուց հետո է սպանվել Արմենակ Արմենակյանը։ Երբ խոսք գնաց վերջինիս սպանության մասին, ամբաստանյալն ասաց. «Դուք չեք կարող ապացուցել, որ Արմենակ Արմենակյանը սպանվել է այդ կրակոցներով. սպանվել է ավելի ուշ, փոխհրաձգություններից հետո»։

Հետաքրքիր հայտարարություն արեց ամբաստանյալը Արմենակյանի զոհվելու մասին, հայտնելով, թե իմացել է մեկուսարանում հաջորդ օրը, երբ իրեն մամուլ են տվել։ «Առավոտ» կա՞ր»,- հարցրեց մեղադրողը, ինչին հետեւեց. «Հնարավոր է։ Կարող է «Ազգն» էլ եղած լինի, կամ «Առավոտը»»։

Երբ ամբաստանյալին հիշեցվեց (ցուցմունքից), որ ինքը ինֆորմացիոն ոչ մի աղբյուրից չի օգտվել, նա պատասխանեց. «Առաջին մի քանի օրը մեծ փութաջանությամբ մամուլ էր հրամցվում հոգեբանորեն ազդելու համար։ ԶԴ- ից եթե չլիներ հրահանգը, մեկուսարանում չէր տրվի»։

Ամբաստանյալը վրիպեց. նա մոռացել էր, որ առաջին մի քանի օրերին գործը զինդատախազության վարույթում չի եղել։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031