Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանր

Հուլիս 31,2001 00:00

Տխուր էր Ջավախք աշխարհը Ծանր է իրավիճակը հայոց հնամենի այս հողում։ Բարդ ու իրարամերժ հակասություններով լի է այստեղ կյանքը։ Թեպետ այցելությանս ժամանակ տոն էր, սակայն ուրախություն չէր, որ տեսա մարդկանց դեմքերին, այլ ավելի շուտ՝ հետաքրքրասիրություն։ Նորի, անսովորի սպասում կար, սակայն ամեն ինչ այնքան հին էր այնտեղ՝ ե՛ւ անլուծելի եռանկյունին՝ Վրաստան-Հայաստան- Ջավախք, ե՛ւ վերակառուցելու կարոտ Հայաստանին միացնող միակ ճանապարհը, որ քարուքանդ է եւ ավելի է նպաստում Ջավախքի մեկուսացմանը մայր հայրենիքից, ե՛ւ մեծ ու փոքր իշխանիկների գզվռտոցները, ե՛ւ անլույս ու անհույս երեկոները, ե՛ւ օրեցօր դատարկվող գյուղերն ու քաղաքները, ե՛ւ կրոնական երկպառակությունները։ Հայերը միշտ էլ օտարին հարգող ժողովուրդ են եղել, եթե չասենք ավելին։ Այսօր Վրաստանը Ջավախքում պետական աշխատանքի չի ընդունում այն մարդկանց, ովքեր չեն տիրապետում պետական լեզվին (վրացերենին)։ Իսկ Ախալքալաքում Հայաստանից եկած եղբայրներին ողջունում էին ռուսերեն, ինչո՞ւ, ո՞ւմ համար. միակ վրացին Գիգլա Բարամիձեն էր (նահանգապետը), որը հայագետ է։ Սիրում ենք օտարին, ցավոք, մեկ-մեկ մեզանից ավելի։ Ճանապարհին մի գյուղ կար՝ Սաղոմո չքնաղ լճի ափին։ Երբ մեքենայի անսարքության պատճառով հարկադրված կանգառ ունեցանք, զրուցեցինք բնակիչների հետ։ Գյուղը անասնապահությամբ էր զբաղվում եւ մթերք (հիմնականում՝ պանիր) փոխանակելով էին ապրում։ Դատարկ էր գյուղը, երեխաները մեծանալուց հետո թողնում-հեռանում են, անելիք չկա։ Գյուղում միայն ծերեր, կանայք ու մանուկներ էին ապրում։ Լույսի կարոտ մարդիկ էին, գյուղացու միամտությամբ հարցնում էին. «Հայաստանից մեզ լույս են բերել։ Ինչո՞ւ չեն տալիս, թող գան, հավաքեն փողերը, մենք պատրաստ ենք վճարելու»։ Ի՞նչ պատասխանես, ասես, որ իրենց լույս տալը երկրորդակա՞ն խնդիր է, մինչեւ իրենց ինչե՜ր են կատարվում ու հալվան էլ ոչ մի կերպ չի բաժանվում։ Ու երբ հոգնել էինք (մեքենան համառորեն չէր աշխատում), սրտնեղած հարցրինք. «Լավ, էս գյուղում մի տղամարդ չկա՞, որ գա օգնի», կինը միանգամից խեղճացավ. «Չէ, տղամարդ չունենք, անտեր ենք»։ Ի՞նչը կարող է պահել ժողովրդին. առաջին հերթին՝ հավատը, իսկ այն եւս մորթվել է ժամանակին։ Ախալքալաքում պատմում էին, որ 30 տարի քահանա էին ունեցել, որն ամեն ինչով զբաղվել է, բացի իր պարտականությունից։ Ասում էին Տ. Շմավոն քահանան, որին մարդիկ Ռաֆիկ էին ասում, տախտակի բիզնեսով է զբաղվել՝ անտեսելով իր կոչումը։ Նա ապրում է Ախալցխայում, գալիս է միայն շաբաթ-կիրակի՝ թաղում ու պսակ անելու, իսկ մնացած օրերին, երբ եկամուտը ռեալ չէր, արարողություններ է կատարել Սեյրան անունով մեկը, որ ոչ մի հոգեւոր կոչում չունի։ Մարդիկ, որ կարոտ էին պատարագ լսելու, գնում էին ռուսական կամ վրացական եկեղեցի։ Բողոքում էին, որ եկեղեցու շինարարության համար ահագին գումար է հատկացվել, բայց չի ծառայել նպատակին. այսօր էլ այն կիսաքանդ է։ Ալյուր է ստացվել որպես օգնություն, որն այդպես էլ պարկերով վաճառվել է հացի փռին։ Այժմ նոր վարդապետ է նշանակվել Ջավախքում՝ ինչ-ինչ քայլեր են արվել. առաջընթաց կա, երգչախումբ է հավաքվել, կենդանացել է եկեղեցին, մկրտություններ են եղել (որից դժգոհ է տեր հայրը. խփել են իր գործին)։ Մարդիկ եկեղեցի են հաճախում։ Պիտի թողնե՞ն, որ աշխատեն, հզորանան։ Մի բան հաստատ է, որ մարդիկ իրենք պիտի տեր լինեն իրենց արժեքներին։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել