ՄԵՆՔ ՄԵՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼ ԵՆՔ Բաց նամակ ՀՀ նախագահին, վարչապետին եւ էներգետիկայի նախարարին, ՀԱԷԿ ՓԲԸ խորհրդին, Պետատոմհսկողության վարչությանը, նախագահին կից Մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեին, ՀԱԷԿ-ի արհմիության նախագահին8221 Վերջին երկու ամսվա ընթացքում մենք փորձեցինք իրավական ճանապարհով ստանալ մեր չորս ամիսների չվճարված աշխատավարձը։ Այդ նպատակով բաց նամակով դիմել էինք ՀՀ նախագահին, մեր պատվիրակությունը եղել էր էներգետիկայի նախարարի մոտ։ Դրան հետեւեցին էներգետիկայի նախարարի, իսկ հետո՝ նաեւ վարչապետի խոստումները։ Մենք առանց խախտելու էներգետիկայի նախարարին տված մեր խոստումը՝ աշխատելով սպասեցինք մեկ ամիս։ Երեք ամիսների խոստացած աշխատավարձը չվճարվեց։ Դրա փոխարեն վճարվեց մեկ ամսվա աշխատավարձ՝ բաժանված երեք մասի։ Միգուցե նախարարը երեք ամսվա աշխատավարձը խոստանալով մտածում էր, որ դա նույնն է, ինչ մեկ ամսվա աշխատավարձը վճարել երեք մասից։ Մեզ թվում էր նաեւ, որ ներկայիս իշխանությունը անում է ամեն ինչ՝ ատոմակայանը փակելու տրամադրություն ստեղծելու համար. չէ որ 800 մլն դոլար վարկի հավաստիացումներ կան։ Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, երբ կա աղքատության շեմին հասցված ժողովուրդ եւ նրանից անկախ իշխանություն, ուղղակիորեն անդրադառնում է նաեւ ատոմակայանում ստեղծված իրավիճակի վրա։ Տարիներ շարունակ կառավարության վարած կադրային եւ ֆինանսատնտեսական քաղաքականության հետեւանքով ՀԱԷԿ-ը եւ նրա կոլեկտիվը հայտնվել են ծանր իրավիճակում, որն անմիջականորեն ազդում է կայանի անվտանգության ապահովման վրա, եւ նման պայմաններում ատոմակայանի շահագործումը մեծագույն հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով։ Ի՞նչ խոսք կարող է լինել ատոմակայանի անվտանգ շահագործման մասին, եթե 4 ամիս մարդն աշխատավարձ չի ստանում եւ շատ հաճախ աշխատանքի է գալիս, մեղմ ասած, հոգեբանորեն ոչ պատրաստ։ Ի՞նչ հույս կարող է ունենալ մարդը, եթե նույնիսկ վարչապետն ու նախարարը չեն կատարում իրենց խոստումը։ Ինչպե՞ս կարող է մարդը բարեխիղճ աշխատել, եթե տարիներ շարունակ չի հանգստանում։ Մարդուն ուղարկում են արձակուրդ, բայց արձակուրդային գումարը չեն վճարում, որը աշխատանքային օրենսգրքի եւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Ատոմակայանում, ցավոք, կա նաեւ արհմիութենական կոմիտե, որը կոչված է պաշտպանելու աշխատավորների (կամ իր անդամների) շահերը, բայց այսօրվա դրությամբ դա ամենեւին չի համապատասխանում իրականությանը։ Ելնելով ստեղծված իրավիճակից եւ չունենալով այլ ելք, մենք օգոստոսի 7-ին կդադարեցնենք բոլոր կարգի աշխատանքները, բացառությամբ միջուկային ռեակտորի եւ օգտագործված միջուկային վառելիքի անվտանգությունն ապահովող համակարգերի նորմալ աշխատանքի իրականացման եւ դրա հետ կապված բոլոր կարգի աշխատանքների կազմակերպման։ Աշխատանքները չեն սկսվի մինչեւ չկատարվեն հետեւյալ պահանջները. 1. Վճարել անցած 4 ամիսների աշխատավարձը։ 2. Հրավիրել ՀԱԷԿ ՓԲԸ խորհրդի նիստ, որին պետք է մասնակցի նաեւ կոլեկտիվից ընտրված կոմիտեն։ 3. Մարդկանց ուղարկել արձակուրդ, արձակուրդային գումարը նախօրոք վճարելով։ 4. Հետագայում ցանկացած ամսվա աշխատավարձը վճարել մինչեւ հաջորդ ամսվա 10-ը։ 5. Անկախ վերը նշված պայմանների կատարումից, աշխատանքները չեն վերսկսվի նաեւ այն դեպքում, եթե աշխատակիցներից որեւէ մեկի նկատմամբ կիրառվեն ադմինիստրատիվ միջոցներ (կամ պատժիչ այլ քայլեր) այս նամակը ստորագրելու պատճառով։ 6. Անկախ վերը նշված պայմաններից՝ ՀԱԷԿ-ի արհմիության կոմիտեն մինչեւ օգոստոսի վերջը պետք է հրավիրի արտահերթ կոնֆերանս՝ իր հաշվետվությունը ներկայացնելու համար։ Նշված ժամկետում արտահերթ կոնֆերանս չհրավիրելու դեպքում մենք բոլորս կդադարեցնենք մեր անդամակցությունն արհմիությանը։ 7. ՀԱԷԿ ՓԲԸ խորհրդի նիստում կցանկանայինք քննարկել հետեւյալ հարցերը. ա) ՀԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը, բ) անվտանգ շահագործմանը վերաբերող հարցեր։ ՀԱԷԿ-ի աշխատակիցների կողմից թվով 500 ստորագրություն