Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴՐՈՇՄԱՆԻՇՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 31,2001 00:00

ԴՐՈՇՄԱՆԻՇՆ ՈՒ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 9-րդ դասարանցին հրավիրում է իր դասընկերուհուն տուն. «Արի, ես ցույց տամ քեզ իմ դրոշմանիշերի հավաքածուն»: Երկու ամիս հետո պարզվում է, որ դասընկերուհին հղիացել է: Դասական օրինակ է, երբ հրապարակային հայտարարությունները հակասում են մարդկանց գործողությունների իրական շարժառիթներին: Եթե այսպես կոչված «քաղաքական կյանքում» մենք նույնպես շարժվենք սոսկ գործիչների հայտարարություններով, ապա հաստատ կմնանք դրոշմանիշերի մակարդակին՝ գործողությունների տրամաբանությունը հասկանալու տեսակետից: Ազգային համաձայնության ճակատի փոքր-ինչ միամիտ հարցադրումը («ո՞րն է ձեր գործողությունների շարժառիթը») ամեն մի կոնկրետ դեպքում ունի շատ հստակ պատասխան: Թվարկեմ մի քանիսը: «Հայաստան» խմբից Ռուբեն Գեւորգյանը քվեարկում է այնպես, ինչպես իշխանությունն է հրամայում, որովհետեւ իրավապահ մարմինները նրա գերդաստանի դեմ «կոմպրոմատի» մի ամբողջ ծաղկեփունջ են հավաքել: Նույն խմբից Հրանտ Գրիգորյանը այդպես է վարվում, որովհետեւ նրա նշանավոր բարեկամ գեներալ Մանվելը յուր տիկնոջ հետ բազմաթիվ օբյեկտների տեր է դարձել, վերափոխվելով պատերազմի իրական հերոսից շատ խոցելի բիզնեսմենի: Գոյություն չունեցող «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանը ծառայում է իշխանությանը ամենեւին ոչ այն պատճառով, որ Նժդեհը պատգամել է իրեն մտնել սկզբից առաջին, ապա երկրորդ նախագահի (գրական լեզվով ասած) գրպանը: Նրա մտահոգությունը երթուղային տաքսիի գիծն է, որը կարող են նրանց խլել: Այստեղից պարզ է, թե ինչպիսի խանդավառությամբ հիշյալ տեղը պետք է մտնեն խոշոր ձեռնարկատերեր Մանվել Բադեյանը, Վոլոդյա Բադալյանը կամ Ռոբերտ Ենգոյանը: Ցանկացած ինքնուրույն քայլի դեպքում ԱԱՆ-ի «4-ը», ՆԳՆ-ի «6-ը» եւ հարկայինը այնպիսի ավերածություններ կանեն իրենց բիզնեսում, որ իսկույն կփակվեն հույսի բոլոր դռներն ու լուսամուտները: Այնպես որ, ամեն ինչ շատ պարզ է եւ պրոզաիկ: Միայն թե զավեշտական է, երբ բոլոր թվարկածների «շեֆերը», մինչեւ կոկորդը թաղված լինելով զանազան մեղքերի մեջ, սկսում են խոսել բարոյականությունից: Այ, դա իսկական դրոշմանիշերի հավաքածու է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել