ՀՀ իշխանությունը ժողովրդինն է Իսկ նա մահապատիժ է պահանջում «Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննությունը գնալով ավելի հետաքրքրիր է դառնում: Տպավորություն կա, թե դատարանում տված ցուցմունքների ժամանակ ամբաստանյալ Հունանյանի «սայթաքումները» կամ, թերեւս, ոճրագործության կազմակերպիչներին ուղղված շանտաժի «նուրբ ակնարկները» իշխանություններին ստիպում են պարբերաբար հավաստել իրենց հավատարմությունը «27»-ի հեղաշրջման գործին, ամբաստանյալ Նաիրի Հունանյանին ու նրա հանցախմբին: Ըստ էության, շատերի ընկալումը հենց այդպիսին էր, երբ գործով 6 ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառվեց, երբ դատարանը որոշեց Հունանյանին, այնուամենայնիվ, պահել ԱԱՆ մեկուսարանում ու, ի վերջո, երբ անձամբ նախագահի շուրթերից հնչեց՝ մահապատիժը ոճրագործների նկատմամբ չկիրառելու եւ Սահմանադրության բարեփոխված տարբերակում դրա վերացման դրույթն ամրագրելու մասին հայտարարությունը: Նախագահ Քոչարյանը ստիպված չէր լինի այդչափ աննրբանկատ լինել, եթե Հունանյանն իր ցուցմունքներով, թերեւս, նրան չպարտադրեր հրապարակավ պնդել այն երաշխիքները, որոնք նախագահը տվել էր դեռ ոճրագործությունից անմիջապես հետո: Իսկ այսօր ընթացող դատավարությանը զուգահեռ հասարակությունը, քաղաքական ուժերն ու մամուլն ակտիվ քննարկում են մահապատիժը Հունանյանի նկատմամբ կիրառել-չկիրառելու, մահապատժի վերացումը Սահմանադրությամբ ամրագրել-չամրագրելու խնդիրը, թեեւ բոլորին հասկանալի է, որ հարցը տվյալ դեպքում ոչ այնքան ըստ էության է, որքան առնչվում է ոճրագործներ-Քոչարյան հնարավոր կապին ու դրա բացահայտմանը: Իշխանություններին կհաջողվի՞ արդյոք տրամաբանական ավարտին հասցնել Հունանյանին տրվող երաշխիքների հաղթարշավը, դժվար է կանխագուշակել, քանի որ դատավարությունն ու ԱԺ-ում Սահմանադրության նոր տարբերակի քննարկումը, նաեւ Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու նոր միջնորդությունները դեռ առջեւում են: Մինչ այդ մենք հարկ համարեցինք զրուցել «27»-ի զոհերի հարազատների հետ եւ ճշտել նրանց վերաբերմունքը Սահմանադրությամբ մահապատժի վերացման դրույթն ամրագրելու շուրջ: Գործով տուժողների իրավահաջորդներ Արամ Սարգսյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Արծվիկ Միրոյանի վերաբերմունքն այս իմաստով, բնականաբար, բացասական էր: Ըստ Ա.Սարգսյանի ու «Հանրապետություն» կուսակցության, Սահմանադրության մեջ մահապատժի վերացման ամրագրումը պետք է գնահատել իբրեւ ոճրագործներին տրվող հերթական երաշխիք: Ս.Դեմիրճյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրության նոր տարբերակում դրա ամրագրման մասին խոսելը դեռ վաղ է: Նախագահի այդ նախաձեռնությանը կտրուկ արձագանքեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը: Նա մասնավորապես ասաց. «Իմ համոզմամբ «27»-ի ոճրագործների նկատմամբ պետք է կիրառվի պատժի առավելագույն չափը՝ մահապատիժը, ու հույս ունեմ, որ դատարանը «27»-ի գործով դատավճիռ կկայացնի մինչեւ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն»: Պարոն Դալլաքյանը հիշեցրեց, որ ըստ Սահմանադրության 2-րդ հոդվածի, երկրի իշխանությունը ժողովրդինն է: Այսօր ժողովուրդը պահանջում է մահապատժի ենթարկել ոճրագործներին եւ նրա ընտրյալները խորհրդարանում պարտավոր են լսել ժողովրդի ձայնը: Նույն Եվրախորհրդի համար ժողովրդի իշխանությունը բացարձակ արժեք է, ուստի նրանք չեն կարող այդ հարցում հաշվի չառնել ժողովրդի կարծիքը: Պարոն Դալլաքյանն առաջարկեց. «Ընդունել, որ մահապատիժը կիրառվում է բացառիկ եւ օրենքով նախատեսված դեպքերում, իսկ մահապատժի վերացման դրույթը կիրառել միայն 2005-ից: «27»-ը մեր պատմության մեջ բացառիկ դեպք է եւ դրա պահանջատերը, մեծ հաշվով, ժողովուրդն է: Դատավարության ընթացքը պետք է պայմանավորված լինի դատարանի դահլիճից դուրս գտնվող ժողովրդով, որի ձայնը պետք է լսելի լինի դատարանի դահլիճում: Սա պետությանը եւ պետականությանն առնչվող խնդիր է, քանի որ խորհրդարանի ընտրությունը, որպես կազմակերպված ու ծրագրված սպանությունների վայր, պատահական չէր: «27»-ին, ըստ էության, գնդակահարել են ոչ միայն պետական գործիչներին, այլեւ ժողովրդին»: Պարոն Դալլաքյանն ասաց, որ ԱԺ-ում իր գլխավորած հանձնաժողովը Սահմանադրության իր տարբերակն ունի ու բոլոր դեպքերում պնդելու է, որ մահապատժի կիրառման հարցը թողնվի օրենքին ու Սահմանադրության մեջ չամրագրվի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ