Լրահոս
Օրվա լրահոսը

Դատելով նրանից, թե «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներն ինչ ընդունելության արժանացան Թալինում

Հուլիս 31,2001 00:00

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ Դատելով նրանից, թե «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներն ինչ ընդունելության արժանացան Թալինում, պետք է արձանագրել, որ այդ տարածքը վաղուց արդեն դադարել է Դաշնակցության «քաղաքական մենաշնորհը» լինելուց։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը, անդամներ Արամ Սարգսյանը, Վաղարշակ Հարությունյանը, Գեղամ Հարությունյանը եւ Սուրեն Սուրենյանցը Թալինից առաջ մեկնել էին Սյունիքի մարզ՝ սկզբնական կազմակերպություններ հիմնելու։ Մեղրիում Արամ Սարգսյանն անվերապահ ընդունելության է արժանանում։ Նա նկատեց, որ հիմա մեր իշխանությունները շատ ավելի հեշտությամբ ու հաճախ, ասենք, Երեւան-Ֆրանկֆուրտ երթուղով են երթեւեկում, քան Երեւան-Մեղրի։ Նույնը վկայեց նաեւ մեղրեցի մի պապիկ՝ հիշելով. «Մեր դանդալոշ մինիստրները էն արտահերթ նիստից հետո Մեղրի չեն եկել»։ Ընդհանրապես, «էն արտահերթ» նիստի համար մեղրեցիները մինչ օրս շնորհակալություն են հայտնում նախկին վարչապետին։ Իսկ հանդիպումների ժամանակ ժողովուրդն ու կուսակցության ներկայացուցիչները խոսում էին այն, ինչ «մեր չինարի ծառի տակ է ամեն օր ասվում», կամ «ինչի մասին լռում ենք», կամ «ինչ տներում ենք թաքուն խոսում»։ Օրինակ, Արեգնազ տատը հատուկ խնդրեց ձայնագրել ու Ռոբերտ Քոչարյանին փոխանցել հետեւյալը. «Վ. Սարգսյանն ու Կ. Դեմիրճյանը զոհված չեն մեզ համար, որովհետեւ նրանք տուն են կառուցել, բանակ են ստեղծել, իսկ ի՞նքն ինչ է արել»։ Իսկ որ առավել հետաքրքիր է, հարցի համար ձայն խնդրելով դաշնակցական մի պապիկ հասկացնել տվեց, որ Ռոբերտ Քոչարյանն «իսկի էլ» իրենց նախագահը չի։ Այսինքն, չնայած նախագահի կուսակցական հենարանի վերաբերյալ ՀՅԴ վերին օղակների անորոշ «խաղերին», ստորին օղակներում «տեր չեն կանգնում» Ռոբերտ Քոչարյանին։ Հանդիպումների ընթացքում Ալբերտ Բազեյանն իշխանական օղակներում եղած հարաբերությունների մի շարք կետեր «գաղտնազերզեց»։ Օրինակ, պատմեց, թե ինչպես են նախարարներ նշանակվում. «Վարչապետն ու Գալուստ Սահակյանը գնում են մի-մի բաժակ կոնյակ խմելու եւ որոշում կայացրած գալիս։ Չհանդուրժեցինք, ո՞նց կարելի է մականունավորներին, կաշառակեր մարդկանց նախարար նշանակել»։ Նա պատմեց, թե ինչպես էր հանրապետության նախագահն իրեն հորդորում ստանալ Երեւան քաղաքի համար նախատեսված պետական միջոցները, ասելով. «Գնա, վարչապետի սենյակից դուրս մի արի, մինչեւ փողը չտա: Ինձանից հետո վարչապետին զանգում, ասում էր չտաս։ Հասա նրան, որ որոշում ընդունեց մաս-մաս հատկացումների մասին։ Մի շաբաթ տալիս էին, 2 շաբաթ՝ ոչ։ Երբ ֆինանսների նախարարին ասում էի, որ որոշում կա հատկացումների մասին, պատասխանում էր՝ դե, վարչապետը խմած էր, մի բան ասաց»։ Նախկին վարչապետին էլ են փորձել թելադրել (ԱՄՀ եւ ՀԲ նախագահի միջոցով), թե ինչպես վարի տնտեսությունը, ինքը «չի կատարել թելադրանքը, համարելով, որ դա չէ մեր տնտեսության զարգացման ճիշտ ուղին, դրա համար էլ եւ մի շարք այլ պատճառներով ազատվել է պաշտոնից»։ Արամ Սարգսյանին ընդհանրապես անհայտ է, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունի Ռոբերտ Քոչարյանը, ոչ մի կուսակցություն հանձն չի առնում նրա հենարանը լինել, ինքն էլ ունի որոշ «հովանավորյալ» կուսակցություններ, բայց չի նշում այդ մասին, ստացվում է մի անհեթեթություն, որ մարդը ոնց «որ ասի ես գրել գիտեմ, բայց կարդալ չգիտեմ»։ Նա կուսակցություն չունի, ըստ Ա. Սարգսյանի, դրա համար էլ զբաղված է ուրիշ կուսակցությունները մասնատելով, ինչն իրականում ինքնամաքրում է։ Ի դեպ, ըստ «Հանրապետության» ղեկավարների, Ստեփան Դեմիրճյանը շատ լավ է տվել նախագահի այդ ելույթի պատասխանը։ Պարոն Սարգսյանը չի կարծում, որ «Ռ. Քոչարյանը վաստակել է նախկիններին քննադատելու իրավունք, որովհետեւ ինքը նրանցից ավելին չի»։ Իսկ «արտաքին քաղաքականությունում նրա ֆոկուսները չեն անցնելու»։ Ըստ Արամ Սարգսյանի. «Ի՞նչ է նշանակում կոմպլիմենտարիզմ արտաքին քաղաքականության մեջ։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հակառակ շահեր ունեցող երկրներ են, ինչպես կարելի է մեկից փողն ուզել, մյուսից՝ զենքը։ Կոմպլիմենտարիզմով որ զբաղվում էլ ես, պիտի չասես այդ մասին»։ Արամ Սարգսյանի տպավորությամբ մեր արտգործնախարարության գոյությունը Ղարաբաղի հարցով է միայն պայմանավորված։ Մինչդեռ «Սփյուռքը մեր ամենամեծ հոգսն է։ Տարբեր երկրներ մեկնելիս նախագահը պետք է հանդիպի հայկական համայնքի հետ, իմանա հոգս ու պրոբլեմները, դրանք ներկայացնի տվյալ երկրի նախագահին, որ իմանան հայրենիք ունեն, սրտներն էլ ցավի»։ Ալբերտ Բազեյանը, Արամ Սարգսյանը մանրամասնորեն ներկայացրին կուսակցության տեսակետները ոլորտ առ ոլորտ, որոնց անդրադառնալու առիթ է ունեցել «Առավոտը»։ «Հանրապետությունը» Մեղրիում, Կապանում, Ագարակում եւ Սյունիքի այլ բնակավայրերում ստեղծեց իր սկզբնական կազմակերպությունները։ Հարկ է նկատել, սակայն, որ Կապանում եւ Գորիսում բնակչության մեջ ինչ-որ ձգվածություն էր նկատվում։ Մարդկանց քչփչոցից պարզ էր դառնում. կամ հիմնարկի շեֆը, կամ իշխանության տեղական ներկայացուցիչները հասկացնել են տվել, որ, մեղմ ասած, չեն խրախուսում մասնակցությունն այդ հավաքներին։ Ներկաները վկայում էին, որ, օրինակ, երբ Արամ Սարգսյանը պարզապես պիտի անցներ այդտեղով, ավելի շատ մարդիկ էին հավաքվում, քան հիմա։ Կազմակերպիչներից մեկն էլ նկատեց, որ «վաղը ինչքա՜ն ստեր ենք լսելու»։ Իսկ ստերն այն մասին են լինելու, թե ինչպես է պատահել, որ այսինչը չի իմացել հանդիպման մասին, կամ մյուսն անհետաձգելի գործ է ունեցել։ Սրա կապակցությամբ Արամ Սարգսյանն ասաց. «Թող մարդիկ իրենց կարծիքն ազատ ասեն, թող իրենց ընկերոջը, որին սիրում են, գալ տեսնելուց չքաշվեն, չվախենան, թե դրա համար իրենց գործից կազատեն։ Բայց դրա համար իրենց չեմ մեղադրում, այլ այն «մահակին», որն իրենց ստիպում է այդպես անել»։ Ընդհանրապես, կուսակցության ղեկավարների հակաիշխանական այս կամ այն տեսակետի վերաբերյալ դահլիճի արձագանքներից Ռ. Քոչարյանը հաստատ իրեն լավ չէր զգա։ Մի խոսքով, Ռոբերտ Քոչարյանին առաջարկվում է հեռանալ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել