Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ

Հուլիս 31,2001 00:00

ԿԱՐԵՆ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ ԽԱՌՆՈ՞ՒՄ Է ԵՂԲՈՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ Արամ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Ջանոյանի հետ զրույցը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության նախորդ նիստում տեղի ունեցած մի քանի կարեւոր իրադարձություններն են։ – ԱԺ զուգարաններից մեկի կախովի առաստաղի վրա հայտնաբերված քերծվածքները, սեւ բծերը եւ մատնահետքերը թերեւս առավել առարկայակա՞ն են դարձնում այն վարկածը, թե հնարավոր է, որ զենքերը հոկտեմբերի 27-ից առաջ են պահվել խորհրդարանում։ – Ճիշտն ասած, զենքերը նախօրոք ԱԺ բերվելու տարբերակի կապակցությամբ նախաքննության մարմինը որեւէ նորմալ քննություն չի կատարել, այդ տարբերակը քննչական գործողություններով չի բացառել։ Այդ կապակցությամբ էլ դատարանում, բնականաբար, այդպիսի մտահոգություն, անհանգստություն առաջացավ եւ միջնորդություն արվեց տեղազննության վերաբերյալ։ Կարծում եմ, որ վերջնական գնահատականը փորձագետներինն է։ Հաստատված է, որ դեպքից հետո տվյալ զուգարանում նորոգում կամ այլ միջամտություն չի եղել։ Հիշյալ օբյեկտն այժմ կնքվել է եւ փորձագետներին կտրամադրվի կուսական վիճակում։ Որքան էլ անհավանական է տարուց ավելի մատնահետքերի խնդիրը, բայց զենքին բնորոշ միկրոմասնիկներ կամ, ասենք, յուղի հետքեր հայտնաբերել հնարավոր է։ Եթե փորձաքննությունը նման եզրակացություն տա՝ ինչ խոսք, մենք լուրջ գնահատական կտանք։ – Նախաքննության ընթացքում չեն հետազոտվել նաեւ Նաիրի Հունանյանի տնից առգրավված համակարգչային դիսկետները։ Շատ կա՞ն նման բացթողումներ։ – Ժամանակի ընթացքում կբացահայտենք, բայց այս պահին էլ կարող եմ ասել, որ նման բազմաթիվ բացթողումներ կան։ Հունանյանների տնից առգրավված ողջ նյութական, գույքային, առարկայական, ինֆորմացիոն բազայի աղբյուրների վերաբերյալ նա չի հարցաքննվել։ Եվ դա դարձել է դատավարության խնդիրը։ Իսկ նախաքննության ժամանակ դա գուցե նոր հանգամանքներ, քննության նոր ուղղություններ որոշեր։ Այդպիսի թերություններ շատ կան։ – Հուլիսի 27-ի դատական նիստում արժանահիշատակ էր նաեւ Կարեն Հունանյանի միջնորդությունն իրեն ՆԳՆ թիվ 1 մեկուսարան տեղափոխելու վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում ամբաստանյալի այն հայտարարությունը, թե ԱԱՆ մեկուսարանում այժմ էլ իրենց նկատմամբ ճնշումներ են կիրառվում։ – Սա ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի որոշման պատասխանն էր, թե գիտեք՝ մեզ այստեղ էլ են ճնշում ու տանջում, իզուր եք այդ կարծիքին, թե մեզ այստեղ լավ են նայում, քանի որ «մերոնքական ենք», եւ հարկավոր է մեզ տեղափոխել։ Իր միջնորդությունն ինքը միանշանակ հերքում էր նախորդ վարքագծով։ Երբ միջնորդություն եղավ Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու վերաբերյալ՝ դեմ արտահայտվեց։ – Կարեն Հունանյանի հիստերիկ տրամադրությունը բացատրվեց նաեւ մենախցում երկար մնալու հանգամանքով։ Ձեր գնահատականով, դա կարո՞ղ է ազդել նրա հոգեվիճակի վրա։ – Ես կարծում եմ, որ սա միանշանակ պայմանավորված է ե՛ւ պատասխան քայլ անելու խնդրով, ե՛ւ իր այսօրվա հոգեվիճակով։ Իսկ դա մարտավարական հոգեվիճակ է, այլ ոչ բնական։ Ընդհանրապես, ներկայումս Նաիրի Հունանյանն իրեն ներկայացնում է ինչ-որ հատուկ հոգեվիճակում։ Կարեն Հունանյանը դրանից առաջ է անցել եւ հիվանդագին հոգեվիճակներում է իրեն ներկայացնում (ոչ թե դեպքի օրը, այլ ներկա իրավիճակում)՝ հավանաբար, որոշելով ազատվել հարցադրումներին պատասխանելուց կամ, ընդհանրապես, հարցաքննությունից։ – Պարզ ասած, Կարեն Հունանյանը որոշել է գի՞ժ ձեւանալ։ – Այո, գնում է այդ ճանապարհով, բայց ոչ անմեղսունակության, այլ սահմանային հոգեվիճակի։ – Կարեն Հունանյանի միջնորդության մեջ տեղեկատվություն հնչեց, թե դատական առաջին նիստերի ընդմիջումներին եւս իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվել։ Այսպիսով, նա հաստատե՞ց այն վարկածը, թե ընդմիջումների ընթացքում ամբաստանյալների նկատմամբ ներգործություն է կիրառվել։ Կարծեմ, առաջինը Դուք էիք հայտարարել այդ մասին։ – Ճիշտ է։ Այո, իրոք, Կարեն Հունանյանը հաստատեց այդ ենթադրությունները։ Կարծում եմ, գործողության մեջ է դրվել Կարեն Հունանյանի պաշտպանական մարտավարությունը, որը հիմա նախապատրաստական դրսեւորումներ ունի։ Սա էլ դրանցից մեկն է։ – Դատավարությանը հետեւողների գնահատականով, իր այս միջնորդությամբ Կարեն Հունանյանը խառնեց եղբոր հաշվարկները։ Իրոք այդպե՞ս է։ – Նաիրի Հունանյանն իր դատաքննական ցուցմունքներում՝ ի զարմանս պաշտպանական եւ (մասնակիորեն) մեղադրող կողմի՝ չնշեց որեւէ դեպք, հանգամանք կամ անձ, որ իրենց նկատմամբ գործադրել է ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումներ։ Այսինքն, նա խույս տվեց այդ հարցից, բայց կարծում եմ, որ դա, հավանաբար, կփորձեն անել Կարեն Հունանյանի օրինակով եւ ցույց կտան, որ նա հետհոկտեմբերյան ժամանակահատվածում, ենթարկվելով որոշակի բռնությունների՝ առողջական այդպիսի ծանր վիճակում է հայտնվել։ Երկու խնդիր են լուծում՝ նախ խփում են նախաքննության ապացույցների որակին եւ երկրորդը՝ Կարեն Հունանյանի ցուցմունքները դատաքննության ընթացքում պասիվացնում են, համարելով, թե հիվանդ մարդ է։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել