Լրահոս
Օրվա լրահոսը

Թոռնիկս զինվոր է

Հուլիս 28,2001 00:00

Թոռնիկս զինվոր է Աղջկաս ընտանիքը սոցիալական պայմանների պատճառով վեց տարի առաջ հեռացավ Հայաստանից ու բնակություն հաստատեց Մոսկվայում։ Սակայն նույնիսկ հայրենիքից հեռու, օտարության մեջ թոռնիկներս ստացան հայեցի դաստիարակություն, սովորեցին իրենց ժողովրդի պատմությունը, մայրենի լեզուն։ Ու պատահական չէ, որ զորակոչային տարիքը լրանալուն պես թոռնիկս՝ Հայկ Եղոյանը վերադարձավ Հայաստան, ներկայացավ զինկոմիսարիատ, որպեսզի գնա Ազգային բանակ ու կատարի իր սրբազան պարտքը պետության, հայրենիքի ու ժողովրդի հանդեպ։ Անկեղծ ասած, բանակի մասին խիստ հակասական լուրեր էինք լսել ու տագնապի մեջ էինք։ Միանշանակ էր, որ Հայկը պետք է ծառայի. մենք մեծ անպատվություն ենք համարում զինծառայությունից խուսափելը, քանի որ հայրենիքն ուրացող մարդը ոչ մի սրբություն չունի, հետեւաբար, կուրանա ե՛ւ ծնողին, ե՛ւ զավակին։ Դժվարությունները տղամարդու համար են, պետք է դիմանալ ու հաղթահարել, սակայն մեր մտահոգության պատճառը ոչ ծանրաբեռնված ռեժիմն էր, ոչ էլ սնունդն ու կենցաղային պայմանները, մեզ անհանգստություն էր պատճառում միջանձնային հարաբերությունների խնդիրը։ Ըստ պտտվող լուրերի, որոշ զորամասերում զինվորները ճնշում են իրար, հալածում, բռնանում, սպաները կոպիտ են վերաբերվում շարքայինների հետ։ Մինչդեռ թոռնիկս բնավորությամբ շատ մեղմ է, խաղաղասեր, բարի, արդարամիտ։ Հայկը ծառայության անցավ Ազգային անվտանգության զորքերում։ Չեմ կարող բառերով նկարագրել ինձ համակած հուզմունքն ու հպարտությունը, երբ Հայկը զինվորական համազգեստ հագած երդվում էր անձնվիրաբար ծառայել ու կյանքը չխնայել հայրենիքի համար։ Տարի է անցել այդ օրից, զինվոր թոռնիկս իսկական տղամարդ է դարձել՝ դիմացկուն, առնական, լրջախոհ։ Այսօր հայ զինվորի համար ստեղծված են ծառայության լավագույն պայմաններ՝ առատ, բազմազան սնունդ, բարեկեցիկ կենցաղ եւ, ամենակարեւորը, մարդկային փոխհարաբերություններ։ Սպաներն ու հրամանատարները հոր եւ ավագ եղբոր պես են վերաբերվում զինվորներին։ Ես որպես հայ կին, զինվորի տատ, հպարտանում եմ, որ մեր ժողովուրդը այդքան կարճ ժամանակամիջոցում կարողացավ ստեղծել հզոր ու ոգեղեն բանակ, որը մեր պետության անվտանգության առաջին երաշխավորն է, մեր ուժի եւ ազգային արժանապատվության խորհրդանիշը։ Ցանկանում եմ երախտիքի խոսք ասել բանակաշինության գործի կազմակերպիչներին, որոնք իրենց ուսերին առան բանակ ստեղծելու դժվարին ու սրբազան գործը։ Նաեւ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել թոռնիկիս՝ Հայկ Եղոյանի հրամանատարներին՝ գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանին, շտաբի պետ, գնդապետ Վալերի Աթալյանին, վաշտի հրամանատար, կապիտան Վրեժ Գասպարյանին, քարտուղարության պետ, կապիտան Արմեն Մկրտչյանին, բոլոր նրանց, ովքեր սրտացավորեն են վերաբերվում մեր տղաներին՝ Ազգային բանակի զինվորներին, ստեղծում են ծառայության համար բնականոն պայմաններ։ ՀԱՍՄԻԿ ԲԵԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել