Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՏԱՔ՝ ԿՏԱՆՔ, ՉՏԱՔ՝ ՉԵՆՔ ՏԱ»

Հուլիս 28,2001 00:00

«ԿՏԱՔ՝ ԿՏԱՆՔ, ՉՏԱՔ՝ ՉԵՆՔ ՏԱ» Արդեն ավանդույթ է դարձել ձմռան խնդիրների մասին խոսել ամռանը։ Երեկ Ջերմային տնտեսության մամլո ասուլիսը նվիրված էր 2001-2002թթ. ջեռուցման խնդրին, սակայն, մինչ դրան անցնելը, Ջերմային տնտեսության վարչության պետ Ռոբերտ Բուղդարյանը խոսեց բնակչության կողմից նախորդ տարիներին կուտակված պարտքի մասին, որի հետեւանքով իրենք էլ են պարտք տարբեր ձեռնարկությունների։ Ջերմային տնտեսությունը հոսանքի դիմաց պարտք է 125 մլն դրամ, ջրին՝ 86,7 մլն, գազին՝ 4 մլրդ 950 մլն դրամ։ Ռ. Բուղդարյանն ասաց, որ այս տարի նախատեսվում է ջեռուցել 1162 բնակելի շենքեր (57 հազար բնակարան)։ Բնակիչների հետ պայմանագիր սկսելու գործընթացը 1 ամիս է, սկսվել է, սակայն պայմանագիր է կնքել դեռեւս 170 բնակիչ։ Սակայն, ըստ Ռ. Բուղդարյանի, պայմանագիր կնքելը եւ 30% կանխավճար մուծելը դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ այս տարվա պայմանագրում իրենք մեկ շատ կարեւոր կետ են ավելացրել՝ հօգուտ իրենց եւ մեկ կետ՝ հօգուտ բնակչի։ Առաջինն այն է, որ, կանխավճար տալուց բացի, բնակիչը պարտավորվում է փակել նաեւ նախորդ տարիներին կուտակված պարտքը։ Երկրորդ պայմանն այն է, որ, եթե առաջին պայմանը կատարելուց հետո շենքը չջեռուցվի, ապա Ջերմային տնտեսությունը պարտավորվում է բնակչին հետ վերադարձնել մուծած կանխավճարը։ Նշենք, որ երկրորդ պայմանը եղել է նաեւ անցյալ տարվա պայմանագրում, սակայն չջեռուցվող շենքերի բնակիչներին չեն վերադարձվել կանխավճարները։ Այդ առիթով պրն Բուղդարյանն ասաց, որ 4 մլն 300 հազար դրամ կանխավճարից իրենք բնակիչներին վերադարձրել են 500 հազար դրամ։ Սա նրանով է պայմանավորված, որ գումարները հետ ստանալու համար բնակիչները գրավոր դիմում չեն ներկայացրել։ «Հավանաբար հասկացել են, որ դրանցով փակվել է իրենց նախորդ տարվա պարտքը»,- ասաց Ռ. Բուղդարյանը։ Նա նաեւ շեշտեց, որ եթե բնակիչը չկատարի պայմանագրում նշված կետերը, ապա ջեռուցում չի ստանա։ Նկատենք, որ այս ավանդական խոսքերը իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ամեն տարի, գուցե թույլ, բայց ջեռուցվում են նաեւ այն բնակարանները, որոնց տերերը դրա ցանկությունը չեն հայտնել։ Արդյունքում բնակչից պահանջում են վճարել մի ծառայության համար, որը բնակիչը չի ցանկացել։ Քանի որ, բնակիչը տեղեկանալով, թե ջեռուցում չի լինելու, մի կերպ իր գլխի ճարը տեսնում է, ասենք, վառելանյութ է հայթայթում կամ տեղափոխվում իր հարազատի տուն եւ ձմեռը ավելի «էժան է նստում նրա վրա»։ Սակայն բնակիչը անակնկալի է գալիս, երբ նրան, արջի ծառայություն մատուցելով, փաստի առաջ են կանգնեցնում եւ արդյունքում ձմռան ծախսերը եռապատկվում են։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել