Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ տեսակցություն ձեռնաշղթաներով

Հուլիս 28,2001 00:00

ԱՆԺԱՄԿԵՏ ԲԱՆՏԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ Կամ տեսակցություն ձեռնաշղթաներով «Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ, մահապատիժը փոխարինել դանդաղ եւ դաժան մահով» ամրագրվեց Դավիթ Հարությունյանի կողմից, մերժելով ՀՅԴ խմբակցության առաջարկը, մահապատիժը 15 տարվա ազատազրկմամբ փոխարինելու կապակցությամբ, որը վերաբերելու էր մինչ այսօր եղած 32, թե 37 մահապարտներին։ Այն, ինչ ցանկանում եմ ներկայացնել, վերաբերում է շատերի կողմից մոռացված «Դրո» կոչված խմբի, Արցախյան ազատագրական պայքարի ակտիվ մասնակիցների եւ, մասնավորապես, մահապատժի բռնադատված քաղբանտարկյալ Արմենակ Մնջոյանի կարգավիճակին (հիմա արտգործնախարար Վարդան Օսկանյանը կասի՝ «բացի Աշոտ Բլեյանից մենք ուրիշ քաղբանտարկյալներ չունենք, այն էլ՝ հարցական է»)։ Պրն նախարարը երեւի թե չի լսել 1994թ. դեկտեմբերի 28-ի ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստաելույթի մասին (տպագրված է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 1994թ. դեկտեմբերի 30-ի թիվ 255-ում)։ Կամ թե ինչո՞ւ տեղի ունեցան անօրինական ձերբակալություններ, խուզարկություններ, կտտանքներ ու խոշտանգումներ։ Ինչո՞ւ դեռ նախաքննության ժամանակ քննչական մեկուսարանում սպանվեց նվիրյալ ազատամարտիկ Արտավազդ Մանուկյանը (եւ մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել)։ Ինչո՞ւ «Դրո» գործին անմիջապես հաջորդեց «30+1»-ը։ Պարոնայք իշխանավորներ, խնդրում եմ ասեք, ուրիշ էլ ի՞նչ հիմքեր են հարկավոր ապացուցելու, որ «Դրո» գործը քաղաքական է, իսկ բռնադատված ազատամարտիկները՝ քաղբանտարկյալներ։ Մի՞թե բավական չէ փոշի փչել ինչպես հանրության, այնպես էլ Եվրախորհրդի ու Եվրամիության աչքերին։ Եթե համաներումը կատարվում է Հայաստանում եւ հայտարարվում, որ այն չի վերաբերում մահապատժի դատապարտված անձանց, նշանակում է վերջիններիս ազատությունից եւ բոլոր իրավունքներից զրկելուց բացի, զրկում եք նաեւ Քրիստոսին եւ քրիստոնեությունը ճանաչելու իրավունքից, քանի որ եկեղեցին չի ընդունում ոչ սպանություն եւ ոչ էլ մահապատիժ, որը նույնպես սպանություն է՝ պետական մակարդակով։ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքում 1995թ. փետրվարի 2-ին եւ արդեն 7-րդ տարին գտնվում է բանտային կալանքի տակ՝ մահվան խցում, ոչ մարդկային պայմաններում։ Նա ձերբակալվել է իբրեւ Համբարձում Գալստյանի, Մարիուս Յուզբաշյանի եւ էլի ինչ-որ 5 պատվերով սպանությունների եւ մահափորձերի պատրվակով (ինչպես գրել է «ԿՊպրրՍՌռ ՉպրՑվՌՍ» օրաթերը իր 02.12.95թ. թիվ 232-ում, այնպես էլ «ձՐՈՐՑց» թերթը իր 1995թ. մայիս ամսի 21-ում)։ Ի դեպ, պետք է նշել, որ այդ նույն ժամանակաշրջանում Համբարձում Գալստյանի սպանության համար ձերբակալված էր մեկ այլ խումբ եւ կատարվում էր նախաքննություն։ Փախուստի անվան տակ ոչնչացնելով Մնջոյանին, ծրագիրը նպատակ էր հետապնդել նրան վերացնելուց հետո վրան բարդել եւ մեղսագրել ոչ միայն Համբարձում Գալստյանի եւ Մարիուս Յուզբաշյանի սպանությունները, այլեւ 5 պատվերով սպանություններ եւ մահափորձեր, որոնք կատարվել էին կամ պետք է կատարվեին հետագայում պետական մակարդակով։ Սակայն այդ ծրագիրը տապալվեց, որի պատճառը երեւի Արտավազդ Մանուկյանի սպանությունն էր, եւ դրան հետեւած Դավիթ Շահնազարյանի հրաժարականը։ Արդյունքում պարզվեց, որ ոչ Արմենակ Մնջոյանը եւ ոչ էլ «Դրո» խմբի մյուս տղաները կապ ու առնչություն չեն ունեցել վերը նշված սպանությունների եւ մահափորձերի հետ։ Մնում էր գտնել մի նոր վարկած, որպեսզի արգելվեր ՀՅԴ կուսակցության գործունեությունը Հայաստանում։ Այդպես էլ արվեց եւ գտնվեց նոր վարկածը. ինչ-որ Աշոտ Ներսիսյանի եւ նրա կնոջ սպանությունը իրենց բնակարանում, որի համար, դեռ 2 տարի առաջ, դատապարտվել է ոմն Տիգրան Դավթյան՝ 15 տարվա ազատազրկման, որն ինքնակամ մեղայականով ներկայացել է Շահումյանի շրջանի դատախազություն։ Վերջինիս դատավարությանը մասնակցող պետական մեղադրող Միքայել Գրիգորյանը վճռաբեկ ատյանում պահանջել է 15 տարվա ազատազրկումը թողնել անփոփոխ եւ նույն դատախազ Միքայել Գրիգորյանը այդ նույն ամուսինների սպանության համար մասնակցելով «Դրո»-ի դատավարությանը՝ պահանջեց մահապատիժներ, 15 եւ 10 տարիների ազատազրկում եւ պատվերը կատարելու համար հետագայում նշանակվեց ՀՀ դատախազության, դատարաններում քր. գործերով մեղադրանքի պաշտպանության վարչ. պետ։ Իսկ դատավոր Էդվարդ Մանուկյանը հանձն առավ «Դրո» խմբի նկատմամբ պատվերը կատարել, քանի որ մոտենում էր դատավոր նշանակելու ժամանակաշրջանը։ Արմենակ Մնջոյանը չի մասնակցել պետական մակարդակով կատարված փողերի փոխանակման թալանին, բանկերի ու վարկերի թալանին, սեփականաշնորհում կոչված թալանին, զենք ու զինամթերքի թալանին, այլ ամենաակտիվ ձեւով եւ նվիրումով մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին։ Հայտնի չէ, թե ո՞ր օրենքով է, որ տղաներին տարիներ շարունակ պահում են թիվ 1 քննչական մեկուսարանի մահվան խցերում, զրկելով արեւի լույսից եւ մարդկային տարրական իրավունքներից, Եվրամիությանը հավաստիացնելով, որ Հայաստանում մահապատիժը վերացված է, չեն ասում, որ այն փոխարինված է դանդաղ մահով։ Մարդու իրավունքների ու արժանապատվության վերաբերյալ պահանջներից մեկն էլ այն է, որ թույլատրվում է ծնողներին տեսակցել իրենց որդուն 6 ամիսը մեկ անգա՞մ, 30 րոպե տեւողությա՞մբ, ապակյա պատնեշի հետեւի՞ց, ձեռնաշղթաներով կապվա՞ծ, համարյա ողջ անձնակազմի ուղեկցությա՞մբ։ Չկա անգամ մի գազանանոց, որի հետ հնարավոր լինի զուգահեռներ անցկացնել, սակայն ինչպես երեւում է, ոչ ոք ժամանակ չունի նման հարցերով զբաղվելու, քանի որ բոլոր իշխանավորները զբաղված են թալանային իրավունքներով։ Իսկ երկրի նախագահի մոտ ընդունելության համար հարկավոր է գնալ արեւմուտք եւ այնտեղից գալ, որպես միլիոնատեր ներդնող, այլապես նախագահը ընդունելություն չի կատարում։ ԼԱՈՒՐԱ ՄՆՋՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել