Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի

Հուլիս 28,2001 00:00

Կկանոնակարգվե՞ն, վերջապես, փոխադրումները Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում կա տրանսպորտի նախարարություն եւ նրա ենթակայության տակ՝ տրանսպորտային տեսչություն։ Նման տեսչություն ստեղծվեց նաեւ Ռուսաստանի Դաշնությունում՝ 1992 թվականին, ապա ԱՊՀ մյուս երկրներում, նույնիսկ Վրաստանում եւ Ադրբեջանում։ Եվ քանի որ մեր երկիրն էլ ոչնչով ետ չի մնում նրանցից եւ մեր ժողովուրդն էլ, մեղմ ասած, այնքան էլ օրինապաշտ չէ եւ ինչպես ցանկացած բնագավառ, տրանսպորտն էլ կարիք ունի վերահսկողության, ուստի կառավարությունը տրանսպորտային տեսչություն ստեղծելու մասին որոշում ընդունեց։ Եթե հիշում եք, մոտ 10-12 տարի առաջ հայկական կոշկեղենը ԽՍՀՄ տարածքում լավ համարում ուներ եւ… ազգովի կոշկակար դարձանք։ Այժմ, համատարած գործազրկության, աշխատաշուկայի բացակայության պարագայում «մի կտոր հաց» վաստակելու հրամայականով ամբողջ ազգը «վարորդ» է դարձել։ «Փոխադրող» են դարձել ինժեներն ու բժիշկը, ուսուցիչն ու պատմաբանը, գիտությունների թեկնածուն ու հողը լքած երեկվա գյուղացին։ Տրանսպորտային ծառայությունների մեծաքանակ առաջարկի եւ սպասարկող անձնակազմի որոշակի պահանջարկի պարագայում օրենսդրական դաշտից դուրս մնացած սուբյեկտը ծավալում է ապօրինի գործունեություն։ Հանրապետության տարածքով խճողված տրանսպորտային ցանցը կարիք ունի ոչ միայն կանոնակարգման, այլեւ տրանսպորտային գործունեությանը առնչվող օրենսդրական ակտերի կատարման վերահսկողության։ Այսպես, օրինակ, վերահսկողության բացակայությունը հանգեցնում է նրան, որ կանոնավոր երթուղով ուղեւորափոխադրումներ կատարող վարորդները չեն անցնում ամենօրյա նախաչվերթային բժշկական ստուգում, չի իրագործվում մեքենայի տեխնիկական վիճակի պարբերաբար ստուգում։ Իսկ դա նշանակում է ճանապարհի ցանկացած հատվածում «դարանակալ» տհաճ անակնկալ… Ինչպես տեղեկացրեց տրանսպորտային տեսչության նորանշանակ պետ Գեւորգ Խանգելդյանը, տեսչությունը իրականացնելու է նաեւ միջկառավարական պայմանագրերի կատարման, ռազմավարական նշանակության փոխադրումների առաջնայնության վերահսկողության, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ ուղեւորափոխադրումների երթուղային ցանցի կազմման, կոմերցիոն ավտոկանգառների պահպանման, վարորդական կադրերի ուսուցման բնագավառում համագործակցության։ Տեսչության կարեւոր խնդիրներից մեկն էլ ավտոմոբիլային ճանապարհներով ծանրաքարշ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներից ճանապարհային վճարի գանձման վերահսկողությունն է։ Ներկայումս այդ վերահսկողությունն իրականացնում են եկամուտների եւ ՆԳ նախարարությունները, մինչդեռ ճանապարհների վիճակի եւ դրանց պահպանման համար շահագրգիռ կողմ է տրանսպորտի եւ կապի նախարարությունը։ Պարոն Խանգելդյանի հավաստմամբ, տրանսպորտային միջոցների փոխադրումների վերահսկողության շնորհիվ տնտեսավարող սուբյեկտներին հարկային դաշտ բերելու եւ ճանապարհային վճարի նկատմամբ լիարժեք վերահսկողություն կիրառելու դեպքում շեշտակի կմեծանան բյուջե մտնող մուտքերը։ Արդյոք տեսչությունն ի զորու կլինի՞ կանոնակարգել, հարթել համակարգում առկա բազմաթիվ կնճռոտ հարցերը, թե՞ կդառնա թԸԼ-2, կախված է հաստատվելիք ծրագրից եւ իշխանությունների բարի կամքից։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել