Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր

Հուլիս 28,2001 00:00

«ԱԶԳԱՆՊԱՍՏ ԳՌԴՈՆ» Ովքեր եւ ինչու են ընդդիմանում Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին «Հայանուն որոշ տարրեր», «այս հայերը ոչ մի առնչություն չունեն հայության հետ»… Այս եւ այսօրինակ որակավորումները հասցեագրված չեն «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը կատարած մարդասպաններին։ Խիստ ազգասիրական թերթերը եւ մեկնաբաններն այսպես են որակել Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հայ ներկայացուցիչներին։ Իսկ բուն հանձնաժողովի ստեղծումը գնահատել են որպես «վտանգավոր արկածախնդրություն», «ապօրինի», «լկտի», «քաղաքական ինքնասպանությանը (՞) համազոր քայլ»… Ինչո՞ւ ոչ կառավարական կառույցի ստեղծումը այսօրինակ անողոք գնահատականների արժանացավ։ Ինչո՞ւ հանձնաժողովի հռչակած նպատակները՝ խթանել թուրքերի եւ հայերի միջեւ փոխըմբռնման ու բարի կամքի զարգացումը, խրախուսել երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավումը, դիտվեցին որպես «ազգային շահերի դավաճանություն»։ Չէ՞ որ Հայաստանը բազմիցս հայտարարել է ամենաբարձր ամբիոններից, որ մենք պատրաստ ենք երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը։ Հաճախակի են դարձել հայ եւ թուրք գործարարների, լրագրողների, հասարակական գործիչների շփումները, որոնք եթե նույնիսկ չէին արժանանում դրական գնահատականների, ապա չէին էլ քարկոծվում։ Ուրեմն, որո՞նք են հայ քաղաքական վերնախավի ծայրահեղ հուզմունքի պատճառները։ Հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության իրական եւ կարծեցյալ վտանգների գիտակցումը, խառնվելով որոշ քաղաքական ուժերի եւ հասարակության մի մասի թրքատյացության ու նեղ ազգայնականության հետ, ձեւավորեցին անհանդուրժողական վերաբերմունք մի նախաձեռնության նկատմամբ, որն, ըստ իս, կարելի է շահեկանորեն օգտագործել մեր պետական նպատակների համար։ Կազմի շուրջ բանավեճը Քննադատության առարկաներից մեկը հանձնաժողովի անվանական կազմն է։ Կարծում եմ, ընտրության տրամաբանությունը հստակ է հենց կազմակերպիչների համար։ Բնական է՝ Հայաստանից ընդգրկված են անձինք, ովքեր զբաղեցրել են բարձր պաշտոններ, ճանաչված են հասարակության մեջ, այսօր էլ շարունակում են գործել հասարակական դաշտում, անցել են դիվանագիտական դպրոց եւ ունակ են բանակցել ընդդիմախոսի հետ, ծայրահեղական չեն իրենց քաղաքական հայացքներում եւ աշխարհընկալման մեջ։ Հայկական կողմը համալրված է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ազգությամբ հայ քաղաքացիներով։ Երկրներ, որտեղ երկու խոշոր հայ համայնքներն են։ Անդրանիկ Միհրանյանը եւ Վան Գրիգորյանը ներկայացնում են ազդեցիկ հայրենասիրական կազմակերպությունները։ «Ազգային գաղափարախոսությանը հակադրված եւ թուրքամետ ՀՀՇ կուսակցության» նախագահի ներկայությունը հանձնաժողովում չէր կարող բողոքի ալիք չբարձրացնել մեր խիստ ազգասեր շրջանակներում։ Ավելին (մեջբերում մեկ այլ թերթի հրապարակումից), «ՀՀՇ դիրքորոշումը հայ պետականության զարգացման հեռանկարների վերաբերյալ համապատասխանում է թուրքական իշխանությունների հայացքներին»։ Ստիպված եմ հիշեցնել, որ հենց ՀՀՇ իշխանության օրոք էր, որ մի շարք երկրների (այդ թվում՝ Ռուսաստանի) խորհրդարանները ընդունեցին 1915թ. Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւեր, հենց այդ «թուրքամետ» իշխանության օրոք էր, որ առանց ավելորդ թմբկահարության կառուցվեց եւ բացվեց Ցեղասպանության թանգարանը, անցկացվեց Եղեռնի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով, առաջին անգամ պատմության մեջ թուրքական պաշտոնյան ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Հայաստանի իշխանությունների ջանքերի շնորհիվ (եթե չեմ սխալվում, այդ ժամանակ արտգործնախարարն էր հենց Ալեքսանդր Արզումանյանը) վիժեցվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մտադրությունը՝ աշխարհով մեկ տոնել Օսմանյան կայսրության հիմնադրման 700-ամյակը… Էլ չեմ խոսում Արցախի ազատագրման մասին, որը երեւի Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից էր թելադրված։ Ճիշտ է, այդ «թուրքամետ» իշխանությունը որեւէ անգամ չի հայտարարել, որ չունի Թուրքիայից հողային պահանջներ, թուրքերն էլ այն ժամանակ չէին համարձակվում Մեղրիով միջանցք պահանջել։ Հանձնաժողովի անդամ է նաեւ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը (ոչ մի օր անգամ ՀՀՇ անդամ չի եղել, այդ կեղծիքն էլ թողնում ենք թերթերի խմբագիրների խղճին)։ Սակայն հանձնաժողովի ստեղծման պահին եղել է ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանը եւ, ուրեմն, ներկայացրել է պետության տեսակետը։ Անդրանիկ Միհրանյանին ներկայացնելու կարիք չկա, քանի որ Երեւան իր հաճախակի այցելությունների ժամանակ շփումներ է ունենում ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ ամենացանկալի հյուրն է բոլոր լրատվամիջոցների։ (Զարմանալի է միայն, որ պարոն Միհրանյանին նույնպես չկարգեցին ՀՀՇ-ականների շարքին)։ Իրավաբան Վան Գրիգորյանը ներկայացնում է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ), հզոր լոբբիստական ամերիկահայ կառույցը, որը համակարգում է հայ համայնքի աշխատանքները ամերիկյան վարչակազմի հետ 1915թ. Ցեղասպանության ճանաչման, Հայաստանին օգնության, ամերիկյան ներդրումների եւ այլ հարցերում։ Հայ հասարակությանը քաջ ծանոթ է սենատորներ եւ կոնգրեսականներ Փալոնի, Փորթերի, Ռոգանի, Նոլեմբերգի եւ այլոց հայանպաստ գործունեությունը, ինչը նույնպես այդ կազմակերպության աշխատանքների արդյունքն է։ Հանձնաժողովի գաղափարը խարազանող մամուլն իհարկե չի նշել, որ նույն Ֆրենկ Փալոնը ողջունել է հանձնաժողովի ստեղծումը։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ «հայազգի բարեկամը» մոտ ապագայում կհռչակվի «հհշամետ ծախու գործիչ»… Ասենք, ԱՀՀ-ի օրինակով, որն արդեն մեզանում որակվեց իբրեւ «կասկածելի», «ամերիկյան հատուկ ծառայությունների» գործիք։ Այո, վիճահարույց է՝ ինչու է հայկական կողմից ներգրավված 4 անձ, իսկ թուրքական կողմից՝ 6։ Եվ կարելի է պահանջել, որ հայկական կողմը համալրվի եւս երկու անդամով (նախկին դիվանագետներից, գիտական ակադեմիական, հասարակական շրջանակների գործիչներից)։ Սակայն սկզբունքը պետք է պահպանվի. հանձնաժողովում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք գիտակցում են հայ-թուրքական երկխոսության անհրաժեշտությունը։ Զորի Բալայանի, որը լկտիություն է համարում «թուրքի հետ բանակցելը» կամ, ասենք, «Գորշ գայլերի» ներկայացուցչի մասնակցությունը հանձնաժողովում անձամբ ես շատ աղոտ եմ պատկերացնում։ Դաշնակցության մտավախությունը Երկու շաբաթվա ընթացքում դաշնակցական մամուլը Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին վերաբերող երեք տասնյակից ավելի հոդվածներ տպեց, հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ Բյուրոն։ Եթե անտեսենք հրապարակումներում հնչող անձնական վիրավորանքները եւ այդ մամուլին եւ գործիչներին բնորոշ դատարկ հռետորականությունը («ժողովրդի շահերի ոտնահարում», «ազգային դավաճանություն»), ապա գալիս ես այն եզրակացության, որ ՀՅԴ-ն մերժել է, մերժում է եւ պիտի մերժի ցանկացած քայլ, որը կարող է ուղղված լինել ցանկացած ֆորմատի հայ-թուրքական երկխոսությանը։ Քաղաքական պայքարի մեծ փորձ ունեցող այդ կուսակցությունը այնքան միամիտ չէ, որ որեւէ վտանգ տեսնի հասարակական հիմունքներով ստեղծված ինչ-որ հանձնաժողովի գործունեության մեջ։ Չէ՞ որ հենց դաշնակցական մամուլն է հեգնանքով նշում, որ հայկական կողմի ներկայացուցիչները «վարկաբեկված» են, «չունեն որեւէ ազդեցություն հասարակության վրա»։ Ավելացնենք նաեւ, որ հայկական կողմը ներկայացնող գործիչներից եւ ոչ մեկը չի մասնակցում պետական քաղաքականության մշակմանն եւ իրագործմանը։ Հանձնաժողովում ընդգրկված մասնավոր անձինք կարող են տասնյակ հանդիպումներ ունենալ, հայտարարություններ ընդունել, առաջարկներ մշակել, որոնք պետության համար լոկ թղթի կտորի արժեք կունենան։ Ասածս է. ՀՅԴ այս ուժգին քարոզարշավի թիրախը ոչ թե այս հանձնաժողովի գոյությունն է, այլ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նույնիսկ տեսական հնարավորությունը։ «Անցյալի հաղթահարման» գործընթացը, որն անխուսափելիորեն վաղ թե ուշ պետք է սկսվի եւ Թուրքիայում, եւ Հայաստանում, էականորեն կթուլացնի այն առանցքը, որի վրա կառուցված է Դաշնակցության գաղափարախոսության կարեւորագույն բաղադրիչը։ Պատկերացրեք, Դաշնակցությունը՝ առանց պահանջատիրության, թրքատյացության, զանազան տեսլականների, «դարավոր ոսոխի» դեմ հավերժ պայքարի կոչերի։ Համարյա կես դար էր հարկավոր, որպեսզի գերմանացիները սկսեն գիտակցել, որ պատերազմին մասնակցած իրենց պապերն ու հայրերը հանցագործ էին։ Համարյա կես դար անցավ համակենտրոնացման ճամբարների ստեղծումից, երբ Գերմանիայի կանցլեր Վ. Բրանդտը ծնկի իջավ Վարշավյան գետտոյի զոհերի հուշարձանի առջեւ։ Հիսուն չէ (դա քաղաքակիրթ Եվրոպան էր), հարյուր կամ ավելի տարի կանցնի, եւ թուրքերը պետք է որ գիտակցեն իրենց պատմական մեղքը։ Բայց դա՝ միայն երկխոսության պարագայում, որի հիմքերից մեկը միգուցե կստեղծի այս հանձնաժողովի աշխատանքը։ ՀՅԴ (եւ ոչ միայն) վիրավորված կեցվածքը կարելի է բացատրել նաեւ այն հանգամանքով, որ այն չի ներգրավված այս հանձնաժողովի աշխատանքներում։ Կարելի է հիշատակել Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը, երբ Դաշնակցությունը, ժամանակին չկողմնորոշվելով, անկախական շարժման մաս չկազմեց եւ միայն այդ հանգամանքը բավական էր, որ «անկախության տեսլականը» վառ պահող կուսակցությունը ամենաբացասական կեցվածքը դրսեւորի ե՛ւ նորանկախ պետության, ե՛ւ նրա հիմնադիրների հանդեպ։ Ստացվում է, որ կամ հենց ՀՅԴ-ն պետք է նախաձեռնի եւ գլխավորի այդպիսի գործընթացը (եթե զգա դրա անխուսափելիությունը), կամ նա պետք է վիժեցնի հայ-թուրքական հաշտեցմանը միտված ցանկացած գործողություն, եթե դրան մասնակից չէ։ Ինձ կառարկեն, որ հանձնաժողովի ստեղծման դեմ ըմբոստացավ ոչ միայն ՀՅԴ-ն։ Այո, բայց մյուսների համար (լինի դա ՀՌԱԿ-ը, Դեմկուսը, «նոմենկլատուրային մտավորականությունը» եւ այլք) այս «հակահհշական» եւ «հակաթուրքական» հերթական միջոցառմանը մասնակցելը «դամ պահելու» պես մի բան է։ Եվս մի կարեւոր դիտարկում։ Հանձնաժողովի ստեղծման փաստը նյարդայնացրեց ոչ միայն Դաշնակցությանը, այլ նաեւ Ադրբեջանի իշխանություններին եւ հասարակությանը, Թուրքիայի իսլամական ծայրահեղականներին եւ ազգայնականներին։ Արդյո՞ք դա լուրջ հետեւությունների տեղիք չի տալիս հենց ՀՅԴ կուսակցության համար։ Կարծեցյալ վտանգներ եւ իրական հեռանկարներ Ի վերջո, ո՞վ է կանգնած Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծման թիկունքում։ Ֆորմալ առումով՝ Վիեննայի դիվանագիտական ակադեմիան եւ Ամերիկայի Հայկական համագումարը։ Իրականում Ամերիկայի Միացյալ Նահանգները, որի շահերից է բխում «անկայուն գոտու» վերացումը մեր տարածաշրջանում։ Եվ եթե մենք դրական ենք վերաբերվում ԱՄՆ միջնորդական ջանքերին ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում (ամերիկյան չորրորդական կարգի պաշտոնյա Ք. Քավանոյի այցերը Երեւան լուսաբանվում են Բրիտանիայի թագուհուն վայել ճոխությամբ եւ բարյացակամությամբ), ապա ինչո՞ւ է խրտնեցնում (այլ բառ չեմ գտնում) Պետքարտուղարության դերակատարությունը հանձնաժողովի ստեղծման գործում։ Տեսակետներից մեկն է, որ Հաշտեցման հանձնաժողովի գործունեությամբ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ամերիկան կփորձեն խոչընդոտել ԱՄՆ օրենսդրի կողմից 1915թ. Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը։ Միգուցե։ Ամերիկյան վարչակազմի փաստարկներից մեկը բանաձեւի ընդունման դեմ կարող է լինել հետեւյալը. հայերը եւ թուրքերը նստում են բանակցությունների սեղանի շուրջ եւ այս պարագայում պետք չէ գրգռել այս կամ այն կողմի նյարդերը։ Կրկնում եմ փաստարկներից մեկը։ Միայն քաղաքականությունից շատ հեռու մարդը կարող է մտածել, որ ամերիկյան վարչակազմը այլ ճնշման մեխանիզմներ չունի համոզելու Սենատին՝ չընդունել այդպիսի բանաձեւ։ Հայ համայնքն էլ, ի դեմս իր լոբբիստական կառույցների, չի դադարեցնի իր աշխատանքները այդ ուղղությամբ։ Դա մեկ։ Երկրորդը։ Ի՞նչն է ավելի գերադասելի։ Ցեղասպանության ճանաչումը 20-30 երկրների՞, թե՞ հենց Թուրքիայի կողմից։ Եթե համաձայն ենք, որ վերջինը, ապա հնարավո՞ր է դրան հասնել առանց ուղղակի բանակցությունների։ Եվս մի զուգահեռ։ Պաշտոնական եւ իշխանամետ լրատվամիջոցները հիացմունքով են արձագանքում Քոչարյան-Ալիեւ բազմաթիվ հանդիպումներին, նշելով, որ միայն ուղղակի բանակցությունների միջոցով կարելի է գտնել երկու կողմերի համար ընդունելի լուծում։ Ինչո՞ւ նույն տրամաբանությունը չի գործում հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսության պարագայում։ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծումը վկայում է, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում կան ուժեր, որոնք այլեւս չեն ցանկանում դիտարկել հայ-թուրքական հարաբերությունները միայն անհաշտ առճակատման քողի ներքո։ Որոնք գիտակցում են, որ միմյանց հանդեպ թշնամության պահպանումը կործանարար է երկու ժողովուրդների եւ պետությունների համար։ Եվ պետք է հանգստացնեմ բոլոր նրանց, ովքեր արգելում են հանձնաժողովի հայ անդամներին խոսել «բազմաչարչար ազգի» անունից։ Ձեր անունից, անշուշտ, չեն խոսելու, «դարավոր ոսոխի» դեմ «հավերժ պայքարի կոչեր» չեն հնչելու, ձեզ քաղաքական «օրվա հաց» վաստակելուց չեն կտրելու։ Ընդամենը փորձելու են քայլ առ քայլ մոտենալ ամենակնճռոտ խնդիրների լուծմանը։ Միմյանց հանդեպ վստահության ամրապնդումը թույլ կտա արծարծել երկու երկրների միջեւ առկա ամենացավոտ խնդիրները։ Չէ՞ որ հոգեբանորեն ավելի դյուրին է կատարած սխալը, մեղքը, հանցագործությունը ընդունել եւ խոստովանել մտերիմներին, այլ ոչ թե թշնամուն։ Թուրքիան այսօր գտնվում է լուրջ ընտրության առջեւ՝ գնալ դեպի Եվրոպա, ընդունել գոյատեւման քաղաքացիական մոդելը կամ գլորվել դեպի իսլամական, ծայրահեղ ազգայնական պետություն։ Միայն առաջին ճանապարհը հույս է տալիս, որ ի վերջո Թուրքիան կընդունի իր անցյալն ամբողջությամբ։ Այդ ճանապարհը ընտրելուն մղում է նաեւ հանձնաժողովի ստեղծումը։ Այս հեռանկարն է, որ չի կարող գոհացնել հայի էթնիկական ինքնագիտակցությունը որպես քաղաքական «գռդոն» բանացնող ուժերը։ ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել