Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵՑ

Հուլիս 28,2001 00:00

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐԵՑ «Օրինաց երկիր» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ԲԷՑ-երի մասնավորեցման եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի խայտառակ քվեարկությունից հետո «Առավոտին» փոխանցեց իր վրդովմունքը։ Պրն Բաղդասարյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը «զավեշտի է ենթարկել խորհրդարանի նիստերը, չի պատկերացնում իր պատասխանատվությունը երկրի նկատմամբ, այսօր ուղղակի կատարեց պաշտոնական դիրքի չարաշահում, հանցագործություն։ Փաստորեն, տեղի էր ունեցել ապօրինի քվեարկություն, կային կանոնակարգի պահանջներից ելնելով կոնկրետ դժգոհություններ, որ պահանջում էին վերաքվեարկություն անցկացնել։ Բայց այդ ամենը ԱԺ նախագահը շրջանցեց, եւ իրեն բնորոշ կոմիկական պահվածքով, փաստորեն, ազդարարեց ԱԺ-ի նիստի ավարտը, երբ պատգամավորները կանգնած էին խոսափողի մոտ։ Նաեւ այսօր տեղի ունեցավ մի աննախադեպ բան։ Զանգվածային կեղծիքի կիրառմամբ խորհրդարանում, երկրի օրենսդիր մարմնում անցկացվեցին օրենքներ։ Ես յոթ տարի պատգամավոր եմ, նման բան չեմ տեսել։ Եղել է՝ բերել են, համոզել, ստիպել են, որ մարդիկ քվեարկեն։ Բայց այսպիսի զանգվածային կեղծիք երբեք տեղի չի ունեցել»։ Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ այս ամենը լուրջ հիմք է խորհրդարանը լուծարելու համար. «Տեղի ունեցավ աննախադեպ մի խայտառակություն, հանցագործություն կատարվեց երկրի օրենսդիր մարմնում, բացահայտ, զանգվածային կերպով խախտելով ՀՀ-ի օրենքները՝ օրենքներ են անցկացվում եւ փաթաթվում ժողովրդի վզին, որն ուղղակի անհարմար է»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել