Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՈՌՈՑԻ

Հուլիս 28,2001 00:00

ԶՈՌՈՑԻ Երեկ խորհրդարանն ընդունեց ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրենքում այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր են դարձնում էներգետիկայի ոլորտում եւս հաստատել մենաշնորհ, այսինքն՝ բոլոր 4 էլեկտրացանցերը վաճառել մի ընկերության։ Բայց նախ նույն ուժերը, որոնք տապալեցին «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի երկրորդ քվեարկությունը, այսինքն՝ ՀԺԿ-ն, «Հայաստանը», Հայկոմկուսը եւ «Իրավունք եւ միաբանությունը» (բացառությամբ Համլետ Հարությունյանի) վիժեցրին «Էներգետիկայի մասին» օրենքում՝ ԲԷՑ-երի նմանօրինակ վաճառքին հարմարեցված փոփոխություններ կատարելու փորձը։ Բայց այս անգամ «Օրինաց երկիրն» էլ միացավ սաբոտաժին։ Ընդհանուր առմամբ, 40-42 հոգի չմասնակցեց օրենքի քվեարկությանը։ Իսկ ՀՅԴ-ն էլ ողջ կազմով «դեմ» քվեարկեց։ Երբ առաջին անգամ օրինագիծը չընդունվեց՝ շփոթահար մեծամասնությունը ոտքի հանեց երկու պատգամավորների, որոնք հայտարարեցին, թե իրենց քվեարկությունը չի արձանագրվել։ 12 րոպե շարունակ Արշակ Սադոյանի հետ ԱԺ ղեկավարության «նյարդերի պատերազմից» հետո օրենքը վերաքվեարկվեց։ Բայց այս երկրորդ անգամ պարզվեց, որ քվեարկությունն ընդհանրապես չի կայացել։ Ուստի, արդեն ԲԷՑ-երի օրենքի քվեարկության ժամանակ մեծամասնությունը խիստ կոպիտ խաղ ցուցադրեց։ Օրենքն ընդունվեց 54 ձայնով եւ մեկ ձայնն էլ բավական կլիներ, որ այն արժանանար «Էներգետիկայի մասին» օրենքի ճակատագրին։ Մինչ պատգամավորներն արձանագրում էին, որ, օրինակ, ներկա նախարարներից մեկն էլ է մասնակցել քվեարկությանը, իսկ պատգամավոր Արմեն Հակոբյանը քվեարկել է նաեւ Մարտին Սուքիասյանի փոխարեն՝ ԱԺ նախագահն անհաղորդ այդ ամենին, հայտարարեց նիստի ավարտի մասին։ Հիմա պատգամավորները որոշում են՝ դատախազությա՞նը դիմել քվեարկությունը կեղծելու համար գործ հարուցելու հայցով, թե՞ Սահմանադրական դատարանին։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել