Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային

Հուլիս 28,2001 00:00

«Ճակատ»ային հարցերի պատասխանները Ազգային համաձայնության ճակատը հրապարակավ հարցեր էր ուղղել մի քանի գործիչների՝ Քոչարյանին սատարողների ցանկը ճշտելու համար։ «Առավոտն» այդ հարցերը փոխանցեց հասցեատերերին։ Գալուստ Սահակյան. Ամեն ինչ անում է նժդեհաբար – ԱՀՃ-ն հետաքրքրվել էր, թե նժդեհյան ո՞ր գաղափարներից ելնելով եք Դուք սատարում Ռոբերտ Քոչարյանին, երբ նա երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը ենթարկում է Արեւմուտքի շահերին։ – Գալուստ Սահակյանն ինչ-որ անում է՝ հենց նժդեհյան գաղափարախոսությամբ է անում։ Եվ Գալուստ Սահակյանը մինչեւ վերջ էլ՝ իր ամբողջ կյանքի ընթացքում, պետականամետ է լինելու եւ պետության շահերն է պաշտպանելու։ – Իսկ ինչպե՞ս եք Դուք համատեղում նժդեհյան գաղափարներն ազգային ավանդական արժեքների իսպառ վերացման եւ ապազգային խորթ գաղափարական համակարգի ներմուծման հետ։ – Ընդամենը բարբաջանքներ են։ Նման բան չկա։ – ԱՀՃ-ին նաեւ հետաքրքրել էր Ձեր կարծիքը, թե ինչպե՞ս կորակեր Նժդեհն այն մարդկանց, ովքեր պատրաստ են Զանգեզուրով միջանցք տրամադրել թուրքական աշխարհն ամբողջականացնողներին։ – Դա ես մերժում եմ։ Նման մոտեցումներ ո՛չ ես, ո՛չ հանրապետականները չենք կարող ունենալ։ Կիմ Բալայան. «Մութ անտառ է» – Ձեր գնահատականով, երբ մինչեւ 2000-ի մարտի 22-ը կտրուկ սրված էին Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի հարաբերությունները, որոնք վերաճել էին խորը թշնամանքի, Քոչարյանը փորձում էր մեղմացնե՞լ, թե՞ խորացնել եղած հակասությունները։ – Ճիշտն ասած, զարմանում եմ, թե հարցն ինչո՞ւ է ինձ ուղղվել։ Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է այդ հարցն ուղղեին եւ ոչ թե Կիմ Բալայանին։ Բայց կարող եմ ասել իմ տեսակետը։ Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի մեղմացնեմ այդ առճակատումը։ Կարծում եմ, որ հարցի մեջ նաեւ ոչ կոռեկտ պահ կա. ինձ համար շատ ավելի կարեւոր է, թե ո՞վ «հիմնադրեց» այդ առճակատումը եւ ինչո՞ւ սկսվեց այն։ Չգիտեմ, թե որոշակիորեն ով է այդ հարցի հեղինակը, բայց կարծում եմ, որ նա ոչ թե հետեւանքի մասին պիտի խոսեր, այլ բուն պատճառների։ Ես չեմ կարող ասել՝ Քոչարյանը մեղմացրե՞ց, թե՞ խորացրեց եղած հակասությունները։ Ոչ մի անգամ ներկա չեմ եղել ո՛չ Ռոբերտ Քոչարյան-Արկադի Ղուկասյան, ո՛չ Սամվել Բաբայան-Ռոբերտ Քոչարյան խոսակցություններին։ Հետեւաբար, ինձ համար այդ ամենը մութ անտառ է, թե ով ինչ գործունեություն է ծավալել։ Բայց նորից եմ ուզում կրկնել՝ ցավալի է, որ հետեւանքի մասին են խոսում միայն եւ չեն ասում՝ այդ ովքե՞ր ստեղծեցին այնպիսի մթնոլորտ, որ այդ առճակատումն անպայման առաջանա։ Ամեն դեպքում, գտնում եմ, որ Սամվել Բաբայանը չպետք է նստած լինի իր ազատագրած քաղաքի բանտում։ Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Անդրանիկ Մանուկյանին չկարողացանք ուղղել իրեն հասցեագրված հարցերը, քանի որ նախարարը գործուղում է մեկնել։ Հուսով ենք, որ Հայաստան վերադառնալուց հետո նա անպայման կպատասխանի ԱՀՃ-ի հարցին՝ պաշտոնյաները շարունակո՞ւմ են կաշառակերությունը, եւ այդ պատճառո՞վ չի բարգավաճում երկիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել