Լրահոս
Օրվա լրահոսը

Կամրջի տակ կանգնած՝ Բիսեյն սպասում էր նրան։ Նրա գլխավերեւում, կիսով չափ պատատուկներով պատված քարե բա

Հուլիս 27,2001 00:00

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ ԲԻՍԵՅԸ Կամրջի տակ կանգնած՝ Բիսեյն սպասում էր նրան։ Նրա գլխավերեւում, կիսով չափ պատատուկներով պատված քարե բարձր ճաղաշարերից վեր, ստեպ-ստեպ առկայծում էին կամրջով անցուդարձողների սպիտակ զգեստների քղանցքները, որ ոսկեզօծվել էին մայրամուտի արեւի վառ լույսով եւ քամուց մի թեթեւ ծածանվում էին… Իսկ նա դեռ չէր գալիս։ Բիսեյը փոքր-ինչ անհամբեր ընդհուպ մոտեցավ ջրին եւ սկսեց նայել հանդարտ գետին, որի վրա ոչ մի նավ չկար։ Գետի երկայնքով կանաչ շաքարեղեգը խիտ պատ էր գոյացրել, իսկ շաքարեղեգի վերեւում ինչ-որ տեղ բոլորվել էին ուռենիների խիտ թփերը։ Եվ թեեւ գետը լայնահուն էր, շաքարեղեգե պարիսպներով սեղմված մակերեւույթը նեղ էր թվում։ Մաքուր ջրի ժապավենը՝ ոսկեւորելով սադափագույն միակ ամպիկի արտացոլումը, հանդարտ գալարվում էր շաքարեղեգի միջով… Իսկ նա դեռ չէր գալիս։ Բիսեյը հեռացավ ջրից եւ, առափնյա ծանծաղուտով հետ ու առաջ քայլելով, սկսեց ունկնդրել աղջամուղջով անշտապ լցվող լռությունը։ Կամրջի վրա շարժումն արդեն դադարել էր։ Այնտեղից ոչինչ չէր լսվում այլեւս՝ ոչ անցորդների քայլերի ձայնը, ոչ ձիերի սմբակների թխկթխկոցը, ոչ սայլակների դռդռոցը։ Միայն քամու շնկշնկոցն էր, շաքարեղեգի սոսափը եւ ջրի ծփյունը… Հետո ինչ-որ տեղ սուր ճչաց ձկնկուլը։ Բիսեյը կանգնեց. կարծես թե մակընթացություն է սկսվում. տղմուտին հասնող ջուրն առաջ է եկել… Իսկ նա դեռ չէր գալիս։ Զայրացած խոժոռվելով՝ Բիսեյը սկսեց արագ-արագ քայլել կամրջատակի կիսամութ ծանծաղուտով։ Այդ ընթացքում ջուրը կամացուկ, քայլ առ քայլ ծածկում էր ծանծաղուտը։ Բիսեյն իր մաշկի վրա զգաց տիղմի պաղությունը եւ ջրի թարմությունը։ Նա աչքերը հառեց վեր՝ կամրջի վրա մարող արեւի վառ լույսերն արդեն հանգել էին եւ մայրամուտի տամուկ կանաչավուն երկնքում հստակ ուրվագծվում էին քարե ճաղաշարերը… Իսկ նա դեռ չէր գալիս։ Բիսեյը վերջապես կանգ առավ։ Գետի ջրե լեզվակները, որ արդեն նրա ոտքերն էին լիզում՝ պողպատից առավել պաղ փայլ արձակելով, դանդաղ ողողում էին կամրջի տակ։ Անտարակույս մի ժամվա ընթացքում անողոք մակընթացությունը կհասնի նրա ծնկներին, որովայնին, ապա կրծքին։ Ոչ, ջուրն ավելի ու ավելի է բարձրանում եւ նրա ծնկներն արդեն ծածկեցին գետի ալիքները… Իսկ նա դեռ չէր գալիս։ Հույսի վերջին կայծն աչքերի մեջ՝ Բիսեյը նորից ու նորից ակնդետ նայում էր երկնքին, կամրջին։ Ջուրն արդեն հասել էր նրա կրծքին, իսկ ջրից վեր արդեն վաղուց խտացել էր իրիկնային կապույտը եւ տարտամ մեգի մեջ լսվում էր ուռենիների սաղարթի ու շաքարեղեգի խիտ թփերի թախծոտ սոսափյունը։ Եվ հանկարծ ջրից դուրս թռած փայլուն, սպիտակ փորիկով ձկնիկը զարնվեց Բիսեյի քթին եւ ցոլաց նրա գլխավերեւում։ Երկնքի խորքերում առկայծեցին առաջին աստղերը։ Եվ նույնիսկ պատատուկներով պատված ճաղաշարերի սեւ ուրվագիծը տարրալուծվեց արագընթաց խավարի մեջ… Իսկ նա դեռ չէր գալիս։ Կեսգիշերին, երբ գետի երկայնքով աճած շաքարեղեգը եւ ուռենիները ողողվել էին լուսնալույսով, ջուրը եւ ծովօրորը, կամացուկ շշնջալով իրար ականջի, Բիսեյի մարմինը կամրջի տակից խնամքով տարան ծովին։ Բայց Բիսեյի ոգին ձգվում էր դեպի երկնքի սիրտը, դեպի լուսնի թախծոտ լույսը, երեւի՝ որովհետեւ նա սիրահարված էր։ Ծածուկ լքելով մարմինը, նա սահուն բարձրացավ աղոտափայլ երկինք, ճիշտ այնպես, ինչպես գետից անշշուկ ելնում է տիղմի բույրը, ջրի թարմությունը… Իսկ հետո, բազում հազարամյակներ անց, անթիվ կերպարանափոխումներ ապրած այդ ոգուն նորից վստահվեց մարդկային կյանք։ Դա հենց այն ոգին է, որն ապրում է իմ մեջ եւ այդ ոգով է, որ ես այնպիսին եմ, ինչպիսին կամ։ Դրա համար է, որ ես թեեւ ծնվել եմ մեր ժամանակներում, ոչ մի կարգին բանի ընդունակ չեմ. ես գիշեր ու ցերեկ ապրում եմ երազներով եւ ընդամենը սպասում եմ ինչ-որ զարմանահրաշի։ Ճիշտ այնպես, ինչպես Բիսեյը կամրջի տակ, աղջամուղջի մեջ սպասում էր իր սիրեցյալին, որը երբեք չի գալու։ ԱԿՈՒՏԱԳԱՎԱ Դեկտեմբեր, 1919թ. Թարգմանությունը՝ ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել