Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես

Հուլիս 27,2001 00:00

«Ղազարոս Սարյանը եւ նրա ժամանակը» Այդպես է կոչվում վերջերս լույս տեսած գիրքը, որը ներառում է հայ նշանավոր կոմպոզիտորին եւ մանկավարժին նվիրված հոդվածներ, հուշեր, կարծիքներ, ինչպես նաեւ իր՝ Ղազարոս Սարյանի հոդվածները, հարցազրույցները եւ նամակները։ Ժողովածուն կազմել է կոմպոզիտորի այրին՝ Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը։ Նման գրքեր պատրաստելիս մեծ է գայթակղությունը՝ գնահատականներում օգտագործել գերադրական աստիճաններ։ Բայց, նախ՝ դա կհակասեր Ղազարոս Մարտիրոսովիչի էությանը, նրա խառնվածքին՝ կյանքի օրոք նա չէր խրախուսում փառաբանման խոսքերն ընդհանրապես եւ արգելում էր դրանք արտասանել կամ գրել իր հասցեին՝ մասնավորապես։ Եվ երկրորդ. Ղազարոս Սարյանը փառաբանման կարիքը չունի՝ այն, ինչ նա ստեղծել է ե՛ւ որպես կոմպոզիտոր, ե՛ւ որպես մանկավարժ ու կազմակերպիչ, բոլորիս աչքի առաջ է։ Ուստի բնական է, որ գիրքը հեռու է նշված գայթակղությունից։ Դա առաջին հերթին շատ բանիմաց երաժշտագետի աշխատանք է, որը միանգամայն համապատասխանում է իր վերնագրին՝ ներկայացված է ոչ միայն խոշոր անհատականությունը, այլեւ նրա ժամանակը։ Դարաշրջան, որն ուներ իր մեծ թերությունները (դրանց մասին, ի դեպ, մեր ռեկտորն առաջինն էր բարձրաձայն խոսում)։ Դարաշրջան, որի ընթացքում, այնուհանդերձ, մեր մշակույթն ու հոգեւոր կյանքը վերելք էին ապրում։ Ժողովածուի բոլոր նյութերը հավաքված են խնամքով եւ զետեղված են գրքի մեջ խիստ տրամաբանված՝ ծառայելով մի նպատակի. ցույց տալ կոմպոզիտորին, մարդուն, կոնսերվատորիայի բազմամյա ռեկտորին, մանկավարժին, հասարակական գործչին, որի միջով բեկվել է հիշյալ ժամանակաշրջանը։ Այս գրքի կարեւոր առավելությունն այն է նաեւ, որ նրա բոլոր հեղինակները առավելագույնս անկեղծ են, այստեղ չկան բառեր, որոնք գրված են հենց այնպես, առիթից դրդված։ Երեւի դա գալիս է այն մարդուց, որին նվիրված է գիրքը։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել