Լրահոս
Օրվա լրահոսը

Թեեւ ճնշումներից անձամբ ՀՀ նախագահին բողոքել ցանկացողներ չկան

Հուլիս 27,2001 00:00

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ՉՈՒՆԵՆ Թեեւ ճնշումներից անձամբ ՀՀ նախագահին բողոքել ցանկացողներ չկան էլ ԿԳ նախարարը սխալ է Անտեսելով հասարակական, այդ թվում՝ մասնագետների կարծիքը՝ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, նախանձելի հետեւողականությամբ, հասավ իր ցանկությանը. հայոց լեզվի քննական հարցաթերթիկի նաեւ 1-ին տարբերակում, որը ոչ մասնագետների համար է, ավելացվեց շարադրություն գրելու առաջադրանքը։ Մինչդեռ, նույնիսկ 1-ին տարբերակով քննություն ընդունող հանձնաժողովի նախագահ Նեկտար Սիմոնյանը երեկ այս որոշումը սխալ գնահատեց։ Հանձնաժողովի նախագահի կարծիքով, «դժվար է թեստային առաջադրանքները գրելուց հետո նստել-մտածել նաեւ ստեղծագործական շարադրություն գրելու մասին, որը ամեն ինչով բավարարի ստուգողների պահանջներին կամ կանոնակարգին։ Շարադրությունը չի կարելի զուգակցել թեստի հետ, դա հակասում է թեստային համակարգին։ Շարադրություն պետք է գրեն մասնագետները եւ որպես առանձին քննություն»։ Այսինքն, տիկին Սիմոնյանը, նաեւ այս մի քանի օրերի արդյունքները ամփոփելով, ծնողների ու դիմորդների բողոքները լսելով, ասաց այն, ինչ ասվում էր դեռ այն ժամանակ, երբ ԿԳ նախարարը հղացավ թեստերում շարադրության առաջադրանք ներմուծելու գաղափարը։ Այն ի վերջո իրականացավ եւ, Նեկտար Սիմոնյանի հավաստմամբ, բողոքարկումները հիմնականում այս առաջադրանքի գնահատման համար են։ Իսկ, ընդհանրապես, ամեն օր մոտ 18-25 բողոքարկում է լինում եւ գնահատականների փոփոխությունը հաճախ հաշվարկային սխալների ուղղման արդյունք է։ Քննության առաջին օրը չորս գնահատականից երեքը հենց միայն այդ պատճառով է փոխվել։ Ըստ Ն. Սիմոնյանի, «միավորները հաշվելու այդ համակարգը բավականին խառն է»։ Ու քանի որ «բոլորն էլ սխալական են եւ ստուգողներն էլ հոգնում են», հաշվարկային սխալներ են լինում։ Սովորաբար, բողոքարկված աշխատանքների 10 տոկոսի գնահատականն է միայն փոխվում։ Եղբայրը կապ չունի Քիմիայի առարկայական հանձնաժողովի նախագահ Լեւոն Թավադյանը, հարցին՝ ինչո՞ւ այս առարկայից ավանդաբար 20 միավոր չի լինում, ասաց, թե ինքը հուսով է, որ այս տարի 20 միավոր կլինի՝ թեեւ «քիմիա առարկայի բնույթն է երեւի, որ, ի տարբերություն, ասենք, մաթեմատիկայի, բացառիկ անսխալ աշխատանքներ դժվար է գտնել»։ Դիմորդների 10%-ն է առայժմ բողոքարկում, բայց քննությունների վերջին օրերին այս տոկոսը սովորաբար աճում է։ Բողոքարկումների երկու օրվա ընթացքում չորս գնահատական է փոխվել, ինչը բողոքարկված աշխատանքների 1/4-ն է։ Քիմիան այն առարկաներից է, որի գնահատումից նաեւ Հանրապետական ընդունող հանձնաժողովին բողոքարկողներ կան։ Սակայն պարոն Թավադյանը վստահեցրեց, որ ինքն ամենեւին վատ չի զգում դրանից, նույնիսկ, եթե անփոփոխ թողած իրենց գնահատականը բարձրացվի ՀԸՀ բողոքարկումից հետո։ Պարոն Թավադյանը հավատացրեց, թե ճնշումներ չկան ու դա պայմանավորեց ՀՀ նախագահի եւ վարչապետի՝ այս առթիվ արած հայտարարություններով։ «Առավոտը» ժամանակին գրել էր, որ երբ պարոն Թավադյանի՝ ՀԲ-ի մրցույթին ներկայացված դասագրքերը չէին անցնում մրցույթը, ԱԺ-ի Վերահսկիչ պալատը, որ ղեկավարում է պարոն Թավադյանի եղբայրը, ստուգումներ էր սկսում ԿԳՆ-ի Կրթական ծրագրերի կենտրոնում։ Հարցին՝ արդյո՞ք պարոն Թավադյանին այս պաշտոնը վստահելը Վերահսկիչ պալատի ստուգումներից խուսափելու համար չէ, այսպիսի պատասխան ստացանք. «Ստուգումները պլանավորում է ԱԺ-ն եւ ոչ թե Վերահսկիչ պալատը։ Եվ ստուգումները եղել են շատ ավելի վաղ, քան հայտարարվել է դասագրքերի մրցույթը։ Եթե կա բարեկամական կապ Վերահսկիչ պալատի նախագահի հետ, դա չի նշանակում, որ ես որպես մասնագետ չպետք է մասնակցեմ դասագրքերի մրցույթին կամ այլ հարցերում։ Մենք տարբեր ասպարեզների մասնագետներ, երկուսս էլ ակտիվ գործող անձնավորություններ ենք եւ պարզ է, որ մեր գործունեությունը երեւացող է»։ Պարոն Թավադյանը նշեց, որ 16 տարի գիտության դոկտոր է եւ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրենը։ «Իմ գործունեությունը կապված չէ եղբորս հետ եւ հակառակը»,- հավատացրեց պարոն Թավադյանը։ Չեն ճնշվում Թեեւ քիմիայի հանձնաժողովը շատ ավելի քիչ է ծանրաբեռնված, քան մաթեմատիկա-1 հանձնաժողովը, սակայն առաջինն աշխատում է մինչեւ կեսգիշեր, իսկ երկրորդը ժամը 20-ին արդեն հասցնում է ավարտել աշխատանքը։ Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը դա բացատրեց նրանով, որ «հանձնաժողովում բոլորը բարձր մակարդակի մասնագետներ են, շատ արագ ու որակով են ստուգում»։ Այս առարկայից քննություն էր հանձնում 157 մեդալակիրներից մոտ 100-ը եւ նրանցից միայն 19-ը գերազանց չի ստացել ու չի պահպանել մեկ քննությամբ բուհ ընդունվելու իր իրավունքը։ Մի քանի մեդալակիրներ էլ, որ հետաձգել էին քննության օրը, առաջիկա օրերին քննություն կհանձնեն։ 20 եւ 19 միավոր չստացած մեդալակիրներն էլ տասնչորսից բարձր միավորներ են ստացել եւ պարոն Գեւորգյանի գնահատմամբ՝ մեդալակիրները ապացուցել են, որ արժանի էին իրենց վաստակած մեդալին, այսինքն՝ ճիշտ ընտրություն է կատարվել։ Նախորդ օրերի ընթացքում մեկ գնահատական, բողոքարկման արդյունքում, 17-ից բարձրացել էր 19 միավոր, սակայն պարոն Գեւորգյանը ճշտեց, որ դա մեդալակրի աշխատանք չէր։ Իսկ ընդհանուր առմամբ, դիմորդների 10%-ն է բողոքարկում՝ թեեւ 1/3-ը դիմում է աշխատանքի պատճենը ստանալու համար։ Նախորդ օրերի տվյալներով, միայն հինգ գնահատական է փոխվել՝ հիմնականում մեկ միավոր բարձրանալով։ Ըստ հանձնաժողովի նախագահի՝ «առաջին օրերին դեռ մեքենան ամբողջ թափով չի աշխատում եւ գնահատման հարցում՝ որոշ վրիպումներ լինում են, այսուհետ գնահատականի փոփոխման դեպքերը բացառիկ կլինեն»։ Ճնշումների առնչությամբ պարոն Գեւորգյանն ասաց. «Ճնշում ասածը չեմ հասկանում։ Միջնորդում են, դու էլ ասա՝ չէ։ Ինչ է եղել, որ»։ Հանձնաժողովի նախագահը չի հաշվել, թե քանի նման միջնորդություն է եղել, իսկ միջնորդողների մասին ասաց. «Դե, մարդիկ են, անհանգստանում են, բացատրում ես, որ հնարավոր չէ, հանգիստ գնում են։ Ճիշտ է, սկզբից նեղանում են, բայց երբ տեսնում են, որ իրոք ոչ մեկին չես օգնել, հանգստանում են»։ Հարցին՝ օգտվելո՞ւ է ՀՀ նախագահի առաջարկից, որ ճնշումների դեպքում նրան ահազանգեն, պարոն Գեւորգյանն ասաց. «Հեռախոսի համար չգիտեմ, որ զանգեմ։ Հետո էլ չգիտեմ, թե այդ ով ինչ ձեւով պիտի ճնշի, որ նախագահին զանգեմ»։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել