Լրահոս
Օրվա լրահոսը

Խմբագրություն զանգահարած եւ որպես «համատիրության աշխատակից» ներկայացած քաղաքացին մեզ հայտնեց, որ ինք

Հուլիս 27,2001 00:00

ՇԱՏ, ԹԵ ՔԻՉ՝ ԳՈՒՄԱՐԸ ՆՈՒՅՆԸ ԿԼԻՆԻ Խմբագրություն զանգահարած եւ որպես «համատիրության աշխատակից» ներկայացած քաղաքացին մեզ հայտնեց, որ ինքը առաջիկա հոկտեմբերին անցկացվող մարդահամարին պետք է աշխատի որպես հաշվարար, սակայն իրեն լուրեր են հասել, թե մեկ անձի հաշվառման համար սահմանված 200 դրամի փոխարեն հաշվարարին վճարելու են ընդամենը 45 դրամ։ «Ես բազմիցս փորձել եմ ճշտել դա, բայց ինձ ոչ ոք կոնկրետ պատասխան չցանկացավ տալ»,- բորբոքված պատմում էր քաղաքացին։ Խնդրի շուրջ պարզաբանումներ ստանալու համար զրուցեցինք Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչության պետ Սամվել Ներսիսյանի հետ։ Նա ասաց, որ հարցաթերթ լրացնելու կամ մեկ անձին գրանցելու համար վճարումներ սահմանված չեն։ «Բոլոր հաշվարարները կաշխատեն պայմանագրով՝ մեկ ամիս ժամկետով եւ դրա դիմաց կվարձատրվեն 20.000 դրամի չափով՝ անկախ նրանից, թե նրանք քանի հարցաթերթ կլրացնեն կամ քանի անձ կգրանցեն»,- ասաց պրն Ներսիսյանը։ Նա շեշտեց նաեւ, որ գյուղերում աշխատող ամեն հաշվարար պարտավորված կլինի հաշվառել 275 անձ, իսկ քաղաքային հաշվարարները՝ 385։ «Սակայն ավել կամ պակաս հաշվառելու դեպքում նույնիսկ գումարի չափը չի փոխվի»,- ասաց պրն Ներսիսյանը։ Քաղաքացու հարցը, թե արդյոք ավելի ճիշտ չի լինի, եթե հաշվարարը վճարվի հարցաթերթ լրացնելու դիմաց (քանի որ դա ավելի լուրջ մտավոր աշխատանք է պահանջում, քան տնետուն գնալը) ուղղեցինք պրն Ներսիսյանին։ Նա պատասխանեց. «Այդ դեպքում չեն բացառվի անհաշտությունները, որոնք հնարավոր չի լինի նույնիսկ վերահսկել»։ Ըստ պրն Ներսիսյանի, քաղաքացու առաջարկած տարբերակով աշխատելը այնքանով է սխալ, որ «հաշվարարները շահագրգռված կլինեն չեղած տեղից ավելի շատ հարցաթերթիկներ լրացնել, որպեսզի շատ գումար վաստակեն»։ Տեղեկացանք նաեւ, որ մարդահամար անցկացնելու հաշվառումների համար հոկտեմբերի 10-19-ը հանրապետությունում միաժամանակ կաշխատի 12 հազար հաշվարար։ Ամեն 5 հաշվարարի կնշանակվի մեկ հրահանգիչ, որը կվերահսկի նրանց աշխատանքները եւ արդյունքների մասին կզեկուցի մարդահամարային տեղամասի վարիչներին, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն Մարդահամարի վարչությունում։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել