Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվում է, որ ոչ միայն քաղաքական գործիչներն են անօրինական բիզնեսով պետությանը ռեկետ անում, այլ նաեւ

Հուլիս 27,2001 00:00

ՌԵԿԵՏ՝ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ Պարզվում է, որ ոչ միայն քաղաքական գործիչներն են անօրինական բիզնեսով պետությանը ռեկետ անում, այլ նաեւ պետությունը բնակիչներին՝ զանազան ծառայությունների կամ սպասարկման դիմաց «գազազած» վարձավճարների գանձմամբ։ Օրինակ, Շենգավիթ թաղապետարանի միջոցով: «Առավոտն» արդեն անդրադարձել է տեղական տուրքերի չափի անհամապատասխանությանը տարբեր համայնքների միջեւ։ Այս հրապարակման առիթը Շենգավիթ համայնքի բնակիչ Ռաֆայել Խաչատրյանի հայտնած տեղեկությունն էր այն մասին, որ իր ավտոտնակի զբաղեցրած հողատարածքի համար 1 քառ. մետրի դիմաց իրենից ամսական գանձում են 100 դրամ (այժմ՝ արդեն 70 դրամ)։ 20 քմ-ի համար՝ ամսական 2000 (1400) դրամ։ Ռ. Խաչատրյանը նկատել է, որ մյուս համայնքներում նույն տարածքով ավտոտնակի դիմաց այդ գումարը 500-600 դրամ է կազմում ու հրաժարվել է մուծել։ Ինչո՞վ է պայմանավորված տարբերությունը։ «Առավոտը» պարզաբանման համար դիմեց Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Ալիկ Գեւորգյանին։ Վերջինիս խոսքերով, ավտոտնակների զբաղեցրած հողատարածքների վարձավճարները գանձվում են թաղապետարանների կողմից, իսկ արժեքը որոշում է ավագանին։ Շենգավիթ թաղապետարանի բնակվարչության պետ Հրայր Սահակյանն ասաց, որ կառավարության որոշմամբ, համայնքներն են որոշում վարձավճարների չափը։ Իսկ բարձր գինը պայմանավորված է նրանով, որ «բնակվարձը բարձր է եղել իրենց համայնքում, մարդկանց մեծ մասը կարիքավոր է, ուստի որոշել ենք թեթեւացնել նրանց հոգսը եւ ընդամենը 50 դրամով ենք ավելացրել վարձը»։ Իսկ ով ասաց, թե սովետական տարիներին ավտոտնակ ունեցողն այսօր էլ բարելավված է ապրում եւ կարելի է նրա հաշվին մյուսներին օգնել։ Ինչեւէ, «40 հազարին (համայնքի այն բնակիչներին, ովքեր վարձակալ են հանդիսանում) լավություն է արվել, նրանց վարձը 19 եւ 14 դրամից իջեցվել է 10 դրամի, իսկ ավտոտնակների հողատարածքների վարձավճարը կրկնապատկվել է»։ Ու ընդվզում է Ռաֆայել Խաչատրյանը՝ չմուծելով ավտոտնակի վարձավճարը (աղբի եւ բնակվարձը մուծում է)։ Թաղապետարանը դատարան է դիմել 42588 դրամ (31500-ը՝ ավտոտնակի համար) բռնագանձելու հայցապահանջով։ Չմուծելը պատճառաբանել է նրանով, որ թաղապետարանը կամ ավագանին շրջանցել են տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները՝ նման սակագին սահմանելով։ Հայցվորի ներկայացուցիչն ու դատարանը հիմնավորված են համարել պարոն Խաչատրյանի հիմնավորումը եւ հայցը չի բավարարվել, չի էլ բողոքարկվել։ Ստացվում է, որ թաղապետարանը 2,5 տարի իր բնակիչներից, այսինքն 3000 ավտոտնակատերերից (կամ, մի աղբյուրի համաձայն՝ 6000) անօրինականորեն, չհիմնավորված կերպով ավելի գումար է գանձել։ Այլ կերպ ասած, թաղապետարանն իր բնակիչներից ռեկետ է արել ամսական միջինը` 8000 դոլար։ Եվ այսպես՝ 2,5 տարի շարունակ։ Իսկ կարելի՞ է պատկերացնել, թե ինչ կկատարվի, եթե հանկարծ այդ բոլոր բնակիչները հանկարծ որոշեն դատարան դիմել՝ իրենցից անօրինականորեն գանձված գումարները հետ պահանջելու համար։ Դատարանի վճռից հետո ավագանին 30 դրամով իջեցրել է սակագինը, որը շարունակում է դարձյալ բարձր մնալ առանց խելամիտ հիմնավորման. «Շենքերը, վերելակները պահպանել է պետք, տանիքներից կաթում է, դոտացիա չկա» եւ այլն։ Շենգավիթը, վերջապես, Կենտրոն համայնքը չէ, որտեղ բարձր գները կարող են իրենց արդարացումն ունենալ։ Իսկ Ալիկ Գեւորգյանի խոսքերով, «ինչ խոսք, ցանկալի չէ, որ հարեւանությամբ գտնվող համայնքներում վարձավճարները տարբեր են, մի տեղ՝ 30, մի տեղ՝ 100 դրամ»։ Ստացվում է, որ մեր օրերում Ռոբին Հուդի գործունեությունը աղավաղված են պատկերացնում ու «կրկնօրինակում»։ Այժմ արդեն սահմանված 70 դրամն էլ է դժվարությամբ գանձվում, որովհետեւ մի կողմից դարձյալ շարունակում են բարձր մնալ, մյուս կողմից օրենսդրական «բացերն» են խանգարում։ Այդ պատճառով էլ թաղապետարանը որոշել է պայմանագրեր կնքել բնակիչների հետ, հակառակ դեպքում՝ ոչ մուծում են, ոչ էլ պատժվում։ Բնակվարչության պետ Հրայր Սահակյանի տվյալներով, համայնքի տարածքում գտնվող եւ շահագործվող 3000 ավտոտնակատերերից ընդամենը 1900-ն է վճարում, մնացած 1100-ը չեն վճարում կամ պայմանագիր չեն կնքում։ Մոտավորապես այս մասին հայտնել են նաեւ Ռաֆայել Խաչատրյանին, որը տարակուսեց, թե ինչո՞ւ մյուսների նկատմամբ էլ հայցեր չի հարուցվում։ «Առավոտը» հետաքրքրվեց, իսկ պարոն Սահակյանը հավաստիացրեց, թե հարուցվում են, ու բացի Ռ. Խաչատրյանի գործից, բոլորն էլ բավարարվել են (վերջապես, ոչ բոլոր բնակիչները կարող են բավականաչափ իրավական գիտելիքներ ունենալ՝ իրենց շահերը պաշտպանելու համար- Ա. Ու.)։ «Առավոտը» Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի գրասենյակից պարզեց սակայն, որ բնակվարձի, աղբահանության եւ այլ սպասարկումների վարձավճարների վերաբերյալ հայցեր հարուցվում են դատարանում, բայց ավտոտնակների հետ կապված՝ «ինչ-որ չի հանդիպել»։ Ուրեմն, մնում է քարը փեշից թափել ու խելքին մոտ սակագին սահմանել։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել