Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային համաձայնության ճակատը վերջերս մամուլում հրապարակել էր քաղաքական այն ուժերի ու գործիչների ցան

Հուլիս 27,2001 00:00

Ճակատը հարցեր է առաջադրում Ազգային համաձայնության ճակատը վերջերս մամուլում հրապարակել էր քաղաքական այն ուժերի ու գործիչների ցանկը, ովքեր շարունակում են պաշտպանել նախագահ Քոչարյանին, ուստի եւ պատասխանատու են նրա վարած քաղաքականության ու դրա արդյունքների համար: Ճակատի այդ նախաձեռնությունն անարձագանք չէր մնացել: ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն ի պատասխան կարծիք էր հայտնել, որ դրանից 37 թվի հոտ է փչում, որ հիշյալ ցանկում ներառված գործիչներին, փաստորեն, սպառնում են, իսկ նրանք, ովքեր կազմել են այդ ցուցակը, ոչ ավել, ոչ պակաս, հոմոսովետիկուսներ են: Զարմանալին այն էր, որ տիկին Պետրոսյանը ժամանակին նույնքան կտրուկ եւ խիստ չէր որակել իր կուսակիցներին, ովքեր Քոչարյանի հրահանգով 98-ի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանրահավաքում հրապարակել էին մի ավելի մեծ ցուցակ ու պահանջում էին պատասխանատվության ենթարկել «նախկիններին»՝ իբր բենզալցման կայաններ ունենալու, պետական բյուջեի փողերը վատնելու, վարկերը լափելու համար: Թե ինչ հետեւանք ունեցավ այդ ցուցակի հրապարակումը եւ որքանով էին դաշնակների հրապարակած փաստերը համապատասխանում իրականությանը, հայտնի է հենց Աշոտ Բլեյանի օրինակով: Ինչեւէ: Ճակատը մտադիր է շարունակել Քոչարյանին սատարող եւ նրա ռեժիմի քաղաքական ուղեգիծը սպասարկող ուժերի ու գործիչների ցանկի հրապարակումը՝ առաջիկա ընտրություններում նրանց չքմեղանալու ու ստեղծված իրավիճակի պատասխանատվությունից խուսափելու բոլոր փորձերը կանխելու համար: Միաժամանակ, ԱՀՃ-ն հայտարարում է, որ «Միշտ պատրաստ է ներողություն խնդրել այն գործիչներից, որոնք հրապարակավ կհերքեն իրենց մասին բերված տեղեկությունները»: Միաժամանակ, Քոչարյանի ռեժիմին սատարողների հետագայում հրապարակվելիք ցանկը ճշտելու համար, Ճակատը մի քանի հարցադրումով հրապարակավ դիմում է կոնկրետ գործիչների՝ Անդրանիկ Մանուկյանին, Կիմ Բալայանին եւ Գալուստ Սահակյանին: Բայց ամեն ինչ հերթով: Անդրանիկ Մանուկյանին. 1. Նախարարի պաշտոնում նշանակվելուց առաջ Ա.Մանուկյանը պնդում էր, որ եթե պաշտոնյաները գոնե կես տարի զերծ մնան կաշառակերությունից՝ երկիրը կբարգավաճի: Արդյոք մե՞նք չենք նկատում այդ բարգավաճումը, թե՞ պաշտոնյաների կաշառակերությունն է շարունակվում եւ բարգավաճում: Կիմ Բալայանին. 1. Երբ մինչեւ 2000-ի մարտի 22-ը կտրուկ սրված էին Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի հարաբերությունները, որոնք վերաճել էին խորը թշնամանքի, Քոչարյանը փորձում էր մեղմացնե՞լ, թե՞ խորացնել եղած հակասությունները: Գալուստ Սահակյանին. 1. Նժդեհյան ո՞ր գաղափարներից ելնելով է նա սատարում Ռ.Քոչարյանին, երբ վերջինս երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը ենթարկում է Արեւմուտքի շահերին: 2. Ինչպե՞ս է նա համատեղում նժդեհյան գաղափարները ազգային ավանդական արժեքների իսպառ վերացման եւ ապազգային խորթ գաղափարական համակարգի ներմուծման հետ: 3. Ի՞նչ է կարծում, ինչպե՞ս կորակեր Նժդեհն այն մարդկանց, ովքեր պատրաստ են Զանգեզուրով միջանցք տրամադրել թուրքական աշխարհն ամբողջականացնողներին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել