Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանի կոմունիստ» թերթում ընթերցելով Հայկոմկուսի Կենտկոմի քարտուղար Նորիկ Պետրոսյանի զեկուցումը

Հուլիս 27,2001 00:00

«ՄԻ ՆՇՈՒՅԼ ՄԱՐՔՍԻԶՄ» «Հայաստանի կոմունիստ» թերթում ընթերցելով Հայկոմկուսի Կենտկոմի քարտուղար Նորիկ Պետրոսյանի զեկուցումը ՀԿԿ 2-րդ պլենումում, զգացի, որ դավաճանություն կլիներ ընթերցողների հանդեպ նրանց եւս հաղորդակից չդարձնել գեղարվեստական մտքի գոնե առանձին փայլատակումների։ Զեկուցման գլխավոր հերոսը Յուրի Մանուկյանի «քաղաքական կերպարն է», որն, ըստ ընկեր Նորիկի, «միշտ էլ տարակուսանքներ է հարուցել»։ Հիմնավորումներից մեկն անցած տարի Կոմկուսի չկայացած հանրահավաքից առաջ նրանց երկխոսությունն է. «Յուրի Մանուկյանը, ոչ առանց սեփական դիրքի շահարկման, ուղիղ նայելով աչքերիս մեջ՝ ասպետական համարձակությամբ ասաց. «Ինչո՞ւ ընդդեմ Քոչարյանի չես ստորագրել, կա-չկա՝ քեզ տեսել են», այսինքն՝ կաշառել են։ Ես այդ անտակտ հարցին, իհարկե, պատասխանեցի եւ հանրահավաքի նախօրյակին՝ երեկոյան, երբ հայտնի դարձավ, որ Քոչարյանի պահանջով հանրահավաքը չպետք է կայանա, Յուրի Մանուկյանին դիմեցի նույն անտակտ հարցով. «Ես կարո՞ղ եմ մտածել, որ քեզ տասնապատիկ տեսել են»։ Կամ Նորիկ Պետրոսյանը մեջբերում է ընկեր Յուրիի մի հոդվածից՝ «Անհրաժեշտ եմ համարում անվարան մտնել բուրժուական պետության կառույցները», եւ հարցնում. «Ձեզանից որեւէ մեկը կարո՞ղ է գալակտիկական խոշորացույցով մի նշույլ մարքսիզմ գտնել այս դատողություններում»։ Զեկուցողի համոզմունքն է, որ «աշխատելով բուրժուական պետության կառույցներում», կարող ես վերածվել միայն «բուրժուազիայի պնակալեզի»։ Յուրի Մանուկյանից այլ մեջբերումներ էլ կան, որոնք որակված են, ասենք, «ավելի քան սարսափելի եւ երիցս օպորտունիստական» եւ կոչ է արված. «…բոլորս միասին պարտավոր ենք տեսնել այն բաժանարար գիծը, որ ընկած է Յուրի Մանուկյանի եւ կուսակցության, Յուրի Մանուկյանի եւ ժողովրդի հայրենասիրական հատվածի միջեւ»։ Իսկ ինչու է հարկավոր տեսնել այդ բաժանարար գիծը. «Մեզ ընդամենն անհրաժեշտ է պարզել մի շատ հստակ հարց. մարքսիզմ-լենինիզմի դասականներին մենք համարո՞ւմ ենք մեր պայքարի առաջնորդներ, թե՞ նրանք ընդամենը ազնիվ-անմեղ խնամիներ են, որոնց արժե մեծարել, բաժակաճառեր նվիրել, բայց նրանց խորհրդով առաջնորդվել՝ երբեք»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել