«ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՓՈՐՁԵՑ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ» «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը մամուլի ասուլիս էր հրավիրել մի քանի հարցերի մասին խոսելու։ Պրն Գեղամյանը պատահական չհամարեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտահայտած միտքը («Տրանզիստոր» գործարանում՝ հուլիսի 24-ին), ըստ որի՝ նախագահը խոստացավ, որ աշնանն ավելի լուրջ կզբաղվի քաղաքական դաշտի կարգավորմամբ։ Արտաշես Գեղամյանը համոզված է, որ «նպատակն այն էր, որ թյուրիմացության մեջ գցի բնակչությանը, թե մինչ այս իբր նա չի զբաղվել ներքաղաքական դաշտի կարգավորման հարցերով»։ Պրն Գեղամյանը վստահ է, որ կուսակցությունների պառակտման մեղավորը երկրի նախագահն է։ Ըստ Արտաշես Գեղամյանի՝ Ռոբերտ Քոչարյանը չորս տարի ապրելով Հայաստանում, այդպես էլ չուսումնասիրեց մեր ժողովրդի մենթալիտետը։ Քոչարյանի վերոհիշյալ արտահայտությունը, ըստ Գեղամյանի, միայն ծիծաղ կարող է առաջացնել, որովհետեւ հանրապետության նախագահը հերթական անգամ փորձեց մոլորության մեջ գցել հասարակությանը. «Մինչդեռ Ռ պՋց 255րվՏ, որ այս ամենի ետեւում կանգնած է հանրապետության նախագահը։ Նախագահը քաջ գիտակցում է, որ ինքը զրկվել է իր եզակի հենարանից, իրականում նա այդ հենարանը չի էլ ունեցել, բայց գոնե, որպես կարգախոս, հնչեցրել է, որ ժողովուրդն է իր հենարանը։ Հիմա նախագահն այդ հենարանը չունի։ Նրա միակ հենարանը քրեածին անցյալ ունեցող եւ քրեորեն ներկայումս էլ պատժման ենթակա նախարարների հավաքածու է, որոնք ամեն կերպ, այո, կատաղի կպաշտպանեն նախագահին, որովհետեւ իշխանափոխության ժամանակ, իրենք գիտեն, որ կհայտնվեն ամբաստանյալի կարգավիճակում։ Նախագահին պաշտպանելով, այդ նախարարներն իրենք իրենց են պաշտպանում»։ Արտաշես Գեղամյանի պնդմամբ, երբ «ՀԺԿ-ն ինքնամաքրվեց, ապա նախագահը, հավատարիմ մնալով գոնե իր կարգախոսին, պետք է դիմում գրեր Ստեփան Դեմիրճյանի անունով, խնդրելով, որ իրեն՝ առանց բանակի՝ հրամանատարին, առանց ժողովրդի՝ նախագահին, ընդունեն կուսակցության շարքերը։ Ծայրահեղ դեպքում, այդ ծանր բեռը Ստ. Դեմիրճյանի ուսերին չգցելու համար, մենք կարող էինք նախագահի անդամակցությունը նաեւ մեր կուսակցությունում քննարկել։ Ես, անշուշտ, կվտանգեի իմ հեղինակությունը, որովհետեւ վերաբերմունքը նախագահի հանդեպ միարժեք է, բայց՝ հանուն հանրապետության փրկության, կարելի էր, թերեւս, գնալ այդ քայլին»։ Նման գեղամյանական հումորից պրն Գեղամյանն անցավ ուրիշ լուրջ հարցերի։ Հանուն նույն հանրապետության փրկության Արտաշես Գեղամյանն ասաց, որ իրենք դեռ երկու տարի առաջ հիմնավոր քննադատում էին վարվող տնտեսական քաղաքականությունը եւ հիմնավորում էին, որ այն պետք է փոխվի, սակայն նախագահն ականջալուր չեղավ հորդորներին։ «Ազգային միաբանությունը» որոշել է որոշակիորեն ասել՝ «քանի ՀՀ նախագահն է Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում վիճակի շտկում եւ բարելավում չի լինի, որովհետեւ այս վարչակարգը հենվում է ոչ թե իրատեսական ծրագրերի վրա, այլ նախարարների հավատարմության գործոնի վրա»։ Արտաշես Գեղամյանը հայտնեց, որ նախագահի հրաժարականը կպահանջվի բացառապես սահմանադրական ճանապարհով. «Կդաշնակցենք բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր բաժանում են մեր հիմնական գնահատականները ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր համոզվել են, որ Արցախի հիմնահարցը երբեք ու երբեք չի լուծվի Ռ. Քոչարյանի նախագահ լինելու պարագայում»։ Ըստ «Ազգային միաբանության» ղեկավարի՝ հանրապետությունում վիճակը ապակայունացնողը ներկայիս վարչակարգն է։ Եթե կուսակցությունը պատրաստվում է նախագահի պաշտոնանկության հարցը բարձրացնել, ունի՞ այն ծանր հանցագործության անունը, որի դեպքում միայն հնարավոր է նման հարց բարձրացնել. «Ցանկացած բնագավառ մենք վերլուծում ենք եւ տեսնում ենք, որ հայոց պետականությանը հասցված վնասը հավասարազոր է դավաճանության, եւ այդ մասին փաստարկները մենք կներկայացնենք ԱԺ-ի քննարկմանը, կփորձենք ներկայացնել հասարակության ամենալայն զանգվածներին։ Որից հետո, ժողովուրդն ինքը կորոշի, ազդելով ԱԺ-ի վրա։ Իսկ եթե ԱԺ-ն խորամուխ չեղավ ճշտելու մեր ներկայացրած փաստերը, ապա այս ԱԺ-ն դատապարտված կլինի պատմության կողմից»։ Վերլուծությունները պատրաստ կլինեն սեպտեմբերի կեսերին, ըստ ամենայնի, «թեժ աշուն» ասվածը հենց այդ ժամանակվանից կսկսվի։ Ըստ որոշ վերլուծաբանների, Արտաշես Գեղամյանը չի համաձայնի մաս կազմել մի դաշինքի, որում ինքը չի լինելու թիվ 1-ը։ Հնարավոր դաշինքում դերաբաշխում արդեն կատարվե՞լ է, եւ ո՞ր տեղն է վերապահված Ա. Գեղամյանին։ Պատասխանելով «Առավոտի» այս հարցին, վերջինս ասաց. «Միտումնավոր փորձում են խեղաթյուրել համագործակցության բուն գաղափարը։ Ի տարբերություն ցանկացած դաշինքի, մեր այս համագործակցությունը վերջնական տեսքի կգա միայն համապատասխան ծրագրերի առկայության պարագայում։ Եթե այդ ծրագրերը ընդունելի դառնան մեր դաշնակից կուսակցությունների կողմից, ապա լիդերության հարցը, հավատացնում եմ, առաջնայինը չի լինի։ Առաջնայինը կլինի հակաճգնաժամային ազգային փրկության ծրագիրը»։ Որոշ վերլուծաբանների խիստ կասկածելի է թվում, որ Ա. Գեղամյանը համագործակցելու ցանկություն ունի ՀԺԿ-ի հետ. ոչ հեռավոր անցյալում ե՛ւ այս կուսակցության, ե՛ւ Կարեն Դեմիրճյանի մասին նույն Գեղամյանը բոլորովին այլ բաներ էր ասում եւ անում։ Ինչո՞ւ այսօր հավատալ Գեղամյանին։ «Առավոտի» այս հարցին պատասխանելիս, պրն Գեղամյանն առաջարկեց ավելի ուշադիր նայել իր հրապարակային ելույթները. «Կարեն Դեմիրճյանն ինձ համար մշտապես եղել է պաշտելի եւ մշտապես բարձրության վրա գտնվող պետական-քաղաքական գործիչ։ Այո, դուք ճիշտ եք, ես համաձայն չեմ եղել տնտեսական այն ծրագրերին, որոնք որդեգրել էր «Միասնություն» դաշինքը եւ, ի տարբերություն ուրիշների, ես դեռ այն ժամանակ ԱԺ-ում հրապարակայնորեն իմ մոտեցումներն ասել եմ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ