Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՐԵՎԱՆ. ԵՐԱԶԻ ՔԱՂԱՔ»

Հուլիս 26,2001 00:00

«ԵՐԵՎԱՆ. ԵՐԱԶԻ ՔԱՂԱՔ» Լինդա Գյանջյանը այսպես էր անվանել իր «կառուցած» մանրակերտ քաղաքը։ Չորեքշաբթի, հուլիսի 25-ի ցուցահանդեսը նաեւ հրաժեշտի ծես էր՝ հայկական գինիով, ծիրանի օղիով եւ կոնյակով։ ՆՓԱԿ-ի հարկի տակ երկու սփյուռքահայ եւ մեկ ամերիկացի արվեստագետների աշխատանքները մեկ միասնական հատկություն ունեն, դրանք արարվել էին Հայաստանում եւ կրում էին հայրենականի կնիքը։ Թալին Բերբերյանը, որն արդեն մեկնել է ԱՄՆ, թողել էր մի շարք գունանկարներ եւ երկու կերամիկա։ Բոլորի թեման կնոջ արգանդն է՝ բեղուն, կյանքի սկիզբը, կյանքի աղը, ինչպես անհատական կին-աղամաններն են խորհրդանշում։ Թալինի բոլոր աշխատանքներում կնոջ թեման դրված է ուղղակի. օրհնված ու սրբագործված արգանդը նաեւ անիծված է, ու այդ երկվությունը Թալինին հանգիստ չի տալիս, թեպետ ինքը հակված է աստվածացնելու արարչագործ այդ անոթը։ Ջեսի Լամբերդը Բրուքլինում եւ Նյու Յորքում ապրում եւ սովորում է, ուսումնասիրում է հայերենը եւ հասկանում է արդեն հնչած կենացների ու մաղթանքների իմաստը։ Նրան մաղթեցինք, որ հայոց լեզուն սերտելու պայքարում ինքը հաղթանակի, որ մաշտոցյան գրերը այլեւս անիմաստ տառակապակցություններ չլինեն, ինչպես իր աշխատանքներում ներկայացրել էր հայկական տուֆի երանգներով եւ ֆակտուրայով, որ այն դառնա բառ ու բան… Իսկ Լինդան հայերի կենաց ասելու հատկությունը համարում է եզակի տաղանդ, որը շնորհված է միայն մեր ազգին։ Նրանք վերադառնալու են եւ հայրենի արվեստագետների հետ կառուցելու են իրենց երազ քաղաք Երեւանը։ Մաղթում ենք, որ երազախաբություն չապրեն։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել